«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարել է, որ այսօր ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համաձայնագիր ստորագրելու պայմանավորվածություն չկա: ՀՀԿ-ում իհարկե որեւէ մեկի հայտարարությունը, բացի Սերժ Սարգսյանից եւ գուցե նույնիսկ նրան էլ ներառյալ, չի կարող համարվել երաշխավորված: Դրա բազմաթիվ վկայություններ կան տարբեր դեպքերի առիթով: Խնդիրն այն է, որ հայաստանյան իրադարձությունները, ըստ էության, թեւակոխել են մի տարերային ընթացքի մեջ, երբ իշխանությունն ինքը, ըստ էության, արձագանքում է իրադարձությունների զարգացմանը: Այստեղ նաեւ հենց այդ իրողությունն է պատճառը, որ իշխանությունը ընդդիմությունից գրեթե միշտ առնվազն մի քանի քայլ առաջ է:
Բանն այն է, որ իշխանական կարգավիճակը ենթադրում է համեմատաբար առավել բարձր ինֆորմացվածություն, ինչն էլ բերում է առավել արագ արձագանքի: Բայց, բոլոր դեպքերում, Հայաստանի ներքաղաքական գործընթացները զարգանում են պոստֆակտում ռեժիմում, եւ հենց դա է նաեւ պատճառը, որ ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի վերաբերյալ բանակցությունները զարգանում են անգամ կողմերի համար անորոշ տրամաբանությամբ եւ ժամանակացույցով:
Սրան զուգահեռ, եթե իրավիճակը համադրենք Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ծրագրային ելույթին, ապա ստացվում է շատ հետաքրքրական պատկեր: Մասնավորապես, ելույթի այն հատվածի հետ զուգորդման պարագայում, որտեղ Սերժ Սարգսյանը մեղադրում էր ինչ-որ պաշտոնյաների մամուլին կաշառելու կամ մամուլի պատվերների միջոցով ինչ-ինչ հարցեր լուծելու համար: Թե հատկապես ում նկատի ուներ Սերժ Սարգսյանը՝ դժվար է ասել, կարող ենք միայն կռահել, սակայն կասկածից վեր է, որ նա նկատի ուներ մարդկանց կամ խմբերի, որոնք իշխանության մեջ ունեն որոշի դերակատարում եւ հավակնություններ, այլապես Սերժ Սարգսյանը հազիվ թե հարկ համարեր այդ խնդրին անդրադառնալ իր «պատմական» ելույթում: Եթե անդրադարձել է, կնշանակի այդ խնդիրը համարել է կարեւոր, այդ գործիքը իր համար համարել է խնդիր, որի առաջ կանգնում է իշխանական որեւէ անհատի կամ խմբի պատճառով:
Այս տեսանկյունից հետաքրքրական է համադրությունը տեղեկատվական այն հոսքերի հետ, որ մամուլում պարբերաբար հայտնվում են ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն գործընթացի ժամանակացույցի վերաբերյալ: Պարբերաբար, գործնականում առաջին իսկ օրից, երբ Հրանտ Մարգարյանը կոալիցիոն համաձայնության մասին հայտարարեց հրապարակավ, մամուլում տեղեկություններ են հայտնվում կոնկրետ ժամկետների եւ պայմանավորվածությունների վերաբերյալ, որոնք հետո ՀՀԿ-ականները ստիպված են լինում հերքել: Խնդիրն այն է, որ նմանօրինակ տեղեկատվական հոսանքը, ըստ էության, խոչընդոտ է բանակցություններին, եթե դրանք փակ են ընթանում: Այսինքն՝ ըստ էության ստացվում է, որ ՀՀԿ-ից որոշակի անհատներ կամ խմբեր մամուլի միջոցով տորպեդահարում են ՀՅԴ-ի հետ Սերժ Սարգսյանի բանակցությունները, ինչի համար էլ Սերժ Սարգսյանը հարկ է համարում սաստել «մամուլին պատվերներ» իջեցնող պաշտոնյաներին: Իսկ այն, որ ՀՀԿ-ում կան շրջանակներ, որոնց համար ՀՅԴ-ի հետ կոալիցիան ոչ միայն ավելորդ է, այլ նաեւ վտանգավոր, թերեւս անցնող շաբաթների ընթացքում ապացուցվել եւ ակնհայտ է եղել այնքան, որ նորի կարիքն այլեւս չկա:
Թեեւ պետք չէ բացառել եւ այն, որ Սերժ Սարգսյանը հենց ինքն էլ իրականացնում է տեղեկատվական այդ զուգահեռ հոսքը, բայց պատասխանատվությունը դնում ՀՀԿ-ի որոշ շրջանակների վրա՝ մի կողմից այդպիսով ստեղծելով ներկուսակցական մեղադրանքների կամ նախատինքի այսպես ասած ինֆորմացիոն առիթներ, մյուս կողմից, իհարկե, ՀՅԴ-ի համար թանկացնելով բանակցությունների արժեքը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



