«Ապրող հնչյունները՝ ծնված Արցախում»․ արցախցի պատանի երաժիշտները համերգաշարով հանդես կգան Հայաստանի մարզերում
КУЛЬТУРА«Ծնվել եմ Արցախում» ծրագրի պատանի երաժիշտները հանդես կգան համերգաշարով Հայաստանի մարզերում՝ Աբովյան, Գյումրի, Դիլիջան, Վանաձոր, Տաշիր և Կապան քաղաքներում։
«Ապրող հնչյունները՝ ծնված Արցախում» խորագիրը կրող համերգաշարի նպատակն է հնարավորություն ընձեռել պատանի երաժիշտներին ձեռք բերել մասնագիտական բեմական փորձ՝ հանդես գալով Հայաստանի տարբեր մարզերում։ Այս նախաձեռնությունը միտված է ձևավորելու ամուր հիմք նրանց հետագա ստեղծագործական զարգացման համար՝ միաժամանակ ապահովելով նաև միջազգային բեմերում հանդես գալու հեռանկար։
Ծրագրի առանցքային բաղադրիչներից է պատանի երաժիշտների և հանդիսատեսի միջև անմիջական, կենդանի հաղորդակցության ստեղծումը։ Տեղահանումից հետո արցախցիները բնակություն են հաստատել Հայաստանի տարբեր մարզերում, ինչի հետևանքով զգալիորեն սահմանափակվել են միմյանց հետ շփման հնարավորությունները։ Համերգաշարը նպատակ ունի մշակույթի միջոցով վերականգնել այդ կապերը՝ խթանելով երաժշտության միջոցով կենդանի հաղորդակցությունը։
Համերգաշարի առաջին համերգը կկայանա ապրիլի 11-ին, ժամը՝ 15:00-ին, Աբովյան քաղաքի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցի դահլիճում (Օգոստոսի 23-ի փողոց) ապրիլի 25-ին, ժամը՝ 18:00, Գյումրու կամերային դահլիճում(Շչերբինայի փողոց, շենք 3)։
Մուտքն ազատ է։
Համերգի ընթացքում արցախցի պատանի երաժիշտները կներկայացնեն իրենց արվեստն ու ստեղծագործական կարողությունները՝ հանդիսատեսին փոխանցելով ապրող, զգացմունքային և ուժեղ հնչյուններ։
Սիրով հրավիրում ենք Աբովյանի մեր հայրենակիցներին ներկա գտնվելու և քաջալերելու արցախցի տաղանդավոր երաժիշտ պատանիներին։
Նախաձեռնությունն իրականացվում է «Ծնվել եմ Արցախում» ծրագրի և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի համագործակցությամբ։
«Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասին
«Ծնվել եմ Արցախում» ծրագիրը նախաձեռնել է դիրիժոր և UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանը։
Ծրագիրը մեկնարկել է 2023թ․՝ Արցախի բռնի տեղահանումից հետո, նպատակ ունենալով ապահովել Արցախից տեղահանված տաղանդավոր պատանի երաժիշտների շարունակական կրթությունը և մասնագիտական զարգացումը։
Այն ընդգրկում է 23 երեխա, որոնք ստանում են բազմամակարդակ աջակցություն՝ ներառյալ մասնագիտական ուսուցում, միջազգային մաստեր-կլասների մասնակցություն, օտար լեզուների դասընթացներ, մշակութային այցեր, բեմական փորձ և ամսական կրթաթոշակներ։ Ծրագրի առաքելությունն է պահպանել արցախյան մշակութային ինքնությունը և երիտասարդ սերնդի միջոցով ապահովել այդ ժառանգության շարունակականությունը։



