Արտաքին քաղաքականության «ներքաղաքականացումն» ու դատարկ «լոպպազությունը». «Փաստ»
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի քաղաքական դաշտում վերջին տարիներին ձևավորվել է մի իրողություն, որը գնալով ավելի է դուրս գալիս դասական քաղաքականության տրամաբանությունից և մոտենում է այնպիսի դինամիկայի, որին ավելի բնորոշ են փողոցային պայքարը և հուզական զեղումները, քան ինստիտուցիոնալ, կանոնակարգված քաղաքական մրցակցության պրակտիկան։
Դասական քաղաքականությունը ենթադրում է հստակ սահմաններ՝ իշխանություն և ընդդիմություն, պատասխանատվություն և հաշվետվողականություն, բանավեճ և հակակշիռներ, մինչդեռ ներկայիս իրավիճակում այդ սահմանները աստիճանաբար լղոզվում են։ Իսկ քաղաքական գործընթացները հաճախ տեղափոխվում են ոչ ֆորմալ, հուզական ու կարճաժամկետ ազդեցության դաշտ, որտեղ գերակշռում է ոչ թե քաղաքական հաշվարկը, այլ իրավիճակային արձագանքը։ Այս փոփոխության առանցքում իշխանության վարքագիծն է, որը հաճախ չի սահմանափակվում պետական կառավարման և քաղաքական պատասխանատվության շրջանակներով, այլ ներգրավվում է ընդդիմության հետ ուղիղ հակամարտության մեջ՝ օգտագործելով ոչ միայն քաղաքական, այլ նաև հռետորական և երբեմն ինստիտուցիոնալ գործիքներ` իրավապահ համակարգի՝ որպես քաղաքական լծակ օգտագործման արդյունքում։
Երբ իշխանությունը իրեն թույլ է տալիս թիրախավորել ընդդիմության ներկայացուցիչներին անձնական մակարդակում, դա փոխում է ամբողջ խաղի կանոնները։ Ընդդիմությունը այլևս չի դիտարկվում որպես համակարգի անհրաժեշտ բաղադրիչ, այլ ներկայացվում է որպես խնդիր, խոչընդոտ կամ նույնիսկ վտանգ, որը պետք է չեզոքացվի։ Այս մոտեցումը հանգեցնում է նրան, որ քաղաքական մրցակցությունը դադարում է լինել ծրագրերի և գաղափարների մրցակցություն և վերածվում է հակառակ կողմի վարկաբեկման և դուրս մղման գործընթացի։
Անպատասխանատու հայտարարությունների տարածումը, պիտակավորումը և հանրային դիսկուրսում ատելության գեներացումը նման գործընթացի անբաժանելի մասն են դառնում։ Երբ քաղաքական խոսույթում սկսում են գերակշռել սուր, հաճախ վիրավորական ձևակերպումները, ստեղծվում է մի միջավայր, որտեղ ռացիոնալ քննարկումը դառնում է գրեթե անհնար։
Բայց եթե ներքաղաքական հարթությունում հռետորաբանության սրացումը, պիտակավորումը կամ մրցակցի նկատմամբ ագրեսիվ լեզվի կիրառումը կարող են ունենալ սահմանափակ և հիմնականում ներքին հետևանքներ, ապա նույն մոտեցումների կիրառումը արտաքին հարաբերություններում ենթադրում է ռեալ, չափելի և հաճախ անդառնալի վնասների ռիսկ, որովհետև այստեղ դիմացինը ոչ թե ներքաղաքական մրցակիցն է, այլ սուբյեկտ, որն ունի իր սեփական շահերը, լծակները և հակազդեցության կարողությունը։
Խնդրի առանցքային հանգամանքն այն է, որ արտաքին քաղաքականությունը կառուցված է բոլորովին այլ տրամաբանության վրա։ Այն ենթադրում է հաշվարկված քայլեր, լեզվական ճշգրտություն, բազմաշերտ բանակցային մշակույթ և ուժերի իրական հարաբերակցության սառը գնահատում։ Երբ այդ դաշտ է ներմուծվում ներքաղաքական «փողոցայնացված» լեզուն՝ հեգնանքը, մեծամտությունը, պոպուլիստական բառապաշարը, ստեղծվում է վտանգավոր դիսոնանս, որտեղ հայտարարությունները կարող են գերազանցել իրական հնարավորությունները, իսկ խոսքը՝ առաջ անցնել գործնական կարողություններից։ Սա հատկապես ակնհայտ է այն իրավիճակներում, երբ իշխանությունները փորձում են արտաքին դերակատարների հետ հաղորդակցվել նույն տոնայնությամբ՝ այնպիսի տպավորություն առաջ բերելով, թե խոսում են ներքին լսարանի հետ՝ կարծես արտաքին քաղաքականությունը նույնպես ենթակա է հանրային ազդեցության մեխանիզմներին։
Այս տրամաբանության վտանգավորությունն առավել հստակ դրսևորվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների համատեքստում, որտեղ առկա է ոչ միայն քաղաքական, այլև խորքային տնտեսական և էներգետիկ փոխկապվածություն։ Այս հարցում անտեսվում է այն հանգամանքը, որ հարաբերությունները կառուցված են ոչ թե հռետորաբանության, այլև փոխգործակցության և փոխադարձ ընկալումների վրա։ Էներգետիկ ոլորտում, օրինակ՝ գազի գնի հարցը պարզապես քաղաքական հայտարարությունների մակարդակի խնդիր չէ։ Այն ուղղակիորեն ազդում է տնտեսության մրցունակության, արտադրության ինքնարժեքի և քաղաքացիների սոցիալական վիճակի վրա։ Երբ քննարկումը իջեցվում է «եթե իրենք թանկացնեն, մենք դուրս կգանք այս կամ այն կառույցից (օրինակ՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ)» տրամաբանության մակարդակի, այն անտեսում է այն բարդ շղթան, որի միջոցով ձևավորվել է այդ փոխկապակցվածությունը, և որի կտրուկ խզումը կարող է բերել ոչ թե ազատության, այլ ճգնաժամի։
Նույնը վերաբերում է նաև տնտեսական հարաբերություններին ավելի լայն իմաստով։ Եթե երկրի արտահանման զգալի մասը կապված է կոնկրետ շուկաների հետ, ապա այդ կապերի խզումը չի կարող փոխարինվել պարզ հայտարարությամբ, թե «կուղարկենք ուրիշ տեղ»։ Արտահանման շուկաների դիվերսիֆիկացիան տարիների, երբեմն տասնամյակների ռազմավարական աշխատանքի արդյունք է, որը պահանջում է նոր լոգիստիկ շղթաների ձևավորում, որակի ստանդարտների համապատասխանեցում, մրցունակության բարձրացում և քաղաքական համաձայնություններ։ Այս ամենը չի կարող իրականացվել հուզական կամ պահի տակ ընդունված որոշումների միջոցով, և այդ գործընթացների թերագնահատումը վկայում է ոչ թե ինքնավստահության, այլ պարզապես հաշվարկի բացակայության մասին։
Արտաքին քաղաքականության «ներքաղաքականացումը» նաև վտանգավոր է այն առումով, որ այն փոխում է դիվանագիտության լեզուն և ընկալումը միջազգային հարթակներում։ Երբ երկրի ղեկավարությունը թույլ է տալիս այնպիսի տոնայնություն, որը դուրս է դիվանագիտական ընդունված նորմերից, դա ազդում է ոչ միայն կոնկրետ հարաբերության, այլ նաև երկրի ընդհանուր իմիջի և վստահելիության վրա։ Դիվանագիտությունը մեծապես հիմնված է կանխատեսելիության և հուսալիության վրա, և եթե պետությունը սկսում է ընկալվել որպես հուզական, անկայուն կամ պոպուլիստական որոշումներ կայացնող դերակատար, նրա հետ համագործակցության պատրաստակամությունը նվազում է, իսկ նրա բանակցային դիրքերը թուլանում են։
Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ նման մոտեցումները հաճախ ուղեկցվում են իրականության պարզեցմամբ և բարդ խնդիրների «սևսպիտակ» ներկայացմամբ։ Երբ արտաքին քաղաքականության բարդ հավասարակշռությունները ներկայացվում են որպես հեշտ լուծվող հարցեր՝ «դուրս կգանք», «կփոխենք ուղղությունը», «կգտնենք այլընտրանք» և նման այլ ձևակերպումների ներքո, ստեղծվում է կեղծ վստահություն, որը չի հիմնվում ռեսուրսների, հնարավորությունների և ռիսկերի իրական գնահատման վրա։
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



