Փաշինյանը սրում է հակաարցախյան հիստերիան
АНАЛИТИКАՀայաստանի գործող իշխանությունների և անձամբ Նիկոլ Փաշինյանի հակաարցախյան հիստերիան ամենևին էլ պատահական չէ, այլ հստակ կազմակերպված և մշակված գործողություն՝ ընդդեմ 100 հազարից ավելի բռնի տեղահանված արցախցիների։ Օրերս մետրոյում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Փաշինյանը արցախցի կնոջը «փախած» էր անվանել և վիրավորել նրան սեփական երեխայի մոտ, իրավիճակը երեկ կրկին շարունակություն ստացավ։ Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում Փաշինյանը հայտարարել է, թե չի ասել, որ արցախցիները փախել են։
«Ես ասում եմ, որ Ղարաբաղի այսպես կոչված էլիտան է փախել, դրանք բոլորովին տարբեր բաներ են։ Ես Ղարաբաղի ժողովրդին որևէ բանում ո՛չ մեղադրել եմ, ո՛չ մեղադրում եմ, ո՛չ էլ կմեղադրեմ։ Ընդհանրապես, ո՛չ Հայաստանի, ո՛չ Ղարաբաղի ժողովրդին։ Ժողովրդին որևէ բանում մեղադրելն անհեթեթություն է, ժողովրդին չի կարելի որևէ բանում մեղադրել, առավել ևս Ղարաբաղի ժողովրդին, որոնց մասին ասում եմ, որ պատանդի կարգավիճակում են»,- ասել է նա։
Այդուհանդերձ, Փաշինյանը նաև հայտարարել է, թե 2023 թ.-ին արցախցիների կռվելու մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ «Այս միֆերը՝ կռվել են մինչև վերջ և այլն, սուտ են, չի եղել այդպիսի բան, փախել են, ճողոպրել են», - նշել է նա, հավելելով, որ եթե անհրաժեշտ լինի, տվյալները կգաղտնազերծի, բայց երբ՝ որոշողն ինքն է։ «Մեր հետախուզության և ոչ միայն հետախուզության ունեցած տվյալներով՝ առկա զենք-զինամթերքի առյուծի բաժինը, դա կարող է լինել 80 տոկոս, դա կարող է լինել 90 տոկոս, մնացել են ձեռք չտված»։
Չնայած Փաշինյանի ղեկավարած կառավարության հնգամյա ծրագրում գրված էր, որ Հայաստանը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, 2023-ին՝ Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական սեպտեմբերյան հարձակման ընթացքում, վարչապետը վստահեցրեց, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի և ներքաշված չէ ռազմական գործողությունների մեջ։
9-ամսյա բլոկադայից հետո՝ 2023 թ.-ի սեպտեմբերին, ադրբեջանական հարձակման հետևանքով Ղարաբաղում զոհվեց 223 մարդ, որոնցից 25-ը խաղաղ բնակիչներ էին, զոհերի թվում՝ 5 երեխա։ Վիրավորվել էր 244 մարդ, այդ թվում՝ քաղաքացիական անձինք, 20 հոգի անհետ կորել էր։ Շուրջ 9 ամիս բլոկադայի մեջ գտնվող արցախցիները անհավասար մարտ էին մղել, հարյուրավոր ադրբեջանցիների ոչնչացրել, բայց ստիպված էին հեռանալ իրենց բնօրրանից։
Եվ այժմ ՀՀ գործող ղեկավարի շուրթերից նման հայտարարությունները, մեղմ ասած, բարդ է մեկնաբանել առանց հայհոյանքի։ Փաշինյանն ու իր թիմը նոր հատակներ են ծակում։
Մանե Կիրակոսյան



