«Սամսունգը» փակել է իր միակ ֆիրմային խանութը Հայաստանում
ОБЩЕСТВОՀայաստանում «Սամսունգ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ հանդիսացող խանութների ցանցի վերջին մասնաճյուղն էլ է փակվել:
Երեւանի Ամիրյան փողոցում երկար տարիներ հայտնի բրենդը ներկայացնող խանութի գործունեությունը դադարեցվել է օրեր առաջ: Այս մասին մեր ունեցած տեղեկությունը հաստատեցին նշված խանութից:
Այնտեղ «հրաժեշտի» վերջին աշխատանքներն են իրականացվում. տարածքից դուրս էին բերվում տեխնիկան, ցուցափեղկերը: Նշենք, որ Ամիրյան մասնաճյուղը ոչ միայն խանութ էր, այլեւ կորեական աշխարհահռչակ բրենդի հայաստանյան մասնաճյուղի գրասենյակը:
Նախորդ տարվա փետրվարի 1-ին իր գործունեությունը դադարեցրել էր «Սամսունգ» ֆիրմային խանութի Մաշտոցի մասնաճյուղը: Ստացվում է, որ «Սամսունգ» ընկերությունը Հայաստանում այլեւս ֆիրմային խանութ չունի եւ պաշտոնապես ներկայացված չէ:
Վերջին մեկ տարվա ընթացքում Երեւանում բազմաթիվ խանութներ են փակվել: Այս ամենը վկայում է երկրում տիրող տնտեսական վատ վիճակի, մարդկանց գնողունակության անկման, առեւտրաշրջանառության նվազման մասին: Արդյունքում՝ էլեկտրատեխնիկայի շուկայում մրցակցությունը կնվազի: Փակված խանութի աշխատակիցները ներկայում նոր աշխատանքի փնտրտուքների մեջ են:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



