ՖԻՖԱ-ն հույս ունի, որ աշխարհի առաջնությանը մասնակցող բոլոր թիմերը կմրցեն արդար խաղի և փոխադարձ հարգանքի ոգով․ Ինֆանտինո
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն անդրադարձել է 2026 թվականի աշխարհի առաջնության շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական մի շարք հարցերի, մասնավորապես՝ Իրանի հավաքականի խաղերի հնարավոր տեղափոխությանը և Իսրայելի ընտրանուն միջազգային մրցաշարերից հեռացնելու վերաբերյալ խոսակցություններին։
Ինֆանտինոյի հայտարարությունները, որոնք X սոցիալական ցանցում մեջբերել է լրագրող Ռոբ Հարիսը, ներկայացնում ենք ստորև.
Իրանի հավաքականի խաղերի և ԱԱ-2026-ի բոյկոտի մասին
Անդրադառնալով Իրանի հավաքականի խաղերն ԱՄՆ-ից Մեքսիկա տեղափոխելու հավանականությանը՝ Ինֆանտինոն նշել է.
«ՖԻՖԱ-ն հույս ունի, որ աշխարհի առաջնությանը մասնակցող բոլոր թիմերը կմրցեն արդար խաղի և փոխադարձ հարգանքի ոգով։ Մենք ունենք հստակ խաղացանկ։ Շուտով կհաստատվեն 48 մասնակից թիմերը, և մենք ցանկանում ենք, որ մրցաշարն ընթանա նախատեսված գրաֆիկի համաձայն»։
Նշենք, որ Իրանի հավաքականը հաղթահարել է ասիական գոտու որակավորման փուլը և ընդգրկվել G խմբում, որտեղ կմրցի Բելգիայի, Եգիպտոսի և Նոր Զելանդիայի հետ: Նախատեսված է, որ իրանցիները Նոր Զելանդիայի և Բելգիայի դեմ կխաղան Լոս Անջելեսում, իսկ Եգիպտոսի հետ՝ Սիեթլում: Ավելի վաղ Իրանի հավաքականի ներկայացուցիչը հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով իրենք չեն պատրաստվում բոյկոտել աշխարհի առաջնությունը։
Իսրայելի հավաքականի կարգավիճակի մասին
ՖԻՖԱ-ի ղեկավարը կտրականապես մերժել է Իսրայելի թիմերին միջազգային մրցաշարերից հեռացնելու գաղափարը.
«Ոչ մի գործողություն չպետք է ձեռնարկվի, քանի որ ՖԻՖԱ-ի կանոնադրության համապատասխան դրույթների մեկնաբանման համատեքստում Հորդանան գետի արևմտյան ափի վերջնական իրավական կարգավիճակը մնում է չլուծված և չափազանց բարդ խնդիր միջազգային հանրային իրավունքի շրջանակներում»։
Հիշեցնենք, որ Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի պատճառով ավելի վաղ կոչեր էին հնչում՝ պահանջելով հեռացնել Իսրայելի հավաքականին: Միևնույն ժամանակ, 2022 թվականի փետրվարի վերջից ռուսական բոլոր թիմերը, ներառյալ ազգային հավաքականը, զրկված են միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով:
Ֆուտբոլը որպես խաղաղության գործիք
Ամփոփելով ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայանալիք մրցաշարի նպատակները՝ Ինֆանտինոն ընդգծել է դրա խաղաղարար առաքելությունը.
«ՖԻՖԱ-ն չի կարող լուծել աշխարհաքաղաքական հակամարտությունները, բայց մենք վճռական ենք տրամադրված՝ օգտագործելու ֆուտբոլի և աշխարհի առաջնության ուժը կապեր հաստատելու և խաղաղությանը նպաստելու համար: Մեր մտքերն այժմ նրանց հետ են, ովքեր տառապում են շարունակվող պատերազմների հետևանքներից»։
Հետևեք մեզ՝ այստեղ



