Փաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով
АНАЛИТИКАՆիկոլ Փաշինյանի այցը Սյունիք և մասնավորապես Գորիս քաղաք ավարտվել է համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնանկությամբ։ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Իր տարածած հայտարարության մեջ Յոլյանը նշում է, թե սա բացառապես իր անձնական որոշումն է։
Հիշեցնենք, Փաշինյանն իր «ուրախ ավտոբուսով» շաբաթ և կիրակի օրերին Սյունիքի մարզում էր, հանդիպումներ է ունեցել տարբեր քաղաքներում։ Գորիս քաղաքում նրան անձամբ դիմավորել և ուղեկցել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, որը, հիշեցնենք, պատերազմից հետո բավականին լուրջ քննադատել էր գործող իշխանություններին, նաև պատգամավորի թեկնածու էր ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ցուցակով։ Կարճ ժամանակ անց Առուշանյանն արդեն անցավ իշխանության թրի տակ, երբ նախ նրան ձերբակալեցին, ապա նաև իր տեղակալներին ամիսներ շարունակ պահեցին անազատության մեջ։ Ձերբակալվածներից մեկն էլ հենց Իրինա Յոլյանն էր։
Վերջին շրջանում Առուշանյանը դարձել է գործող իշխանությունների ջերմ աջակիցը և որևէ խնդիր չի տեսնում Փաշինյանին անձամբ դիմավորելու, «Քաղպայմանագրի» համար աշխատելու մեջ։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Իրինա Յոլյանի պաշտոնանկությունը եղել է հենց Փաշինյանի անձնական պահանջով։ Վերջինս վաղուց արդեն գերազանցել է իր լիազորությունները՝ տարբեր ապօրինի պահանջներ ներկայացնելով տարբեր պաշտոնյաների, և Գորիսի համար փոխհամայնքապետի պաշտոնանկությունը ևս կարելի է դիտարկել այս համատեքստում։
Ըստ աղբյուրի՝ Յոլյանը հրաժարվել է մասնակցել Փաշինյանի հետ հանդիպմանը, որից հետո էլ գորիսեցի պատգամավորները ինչ–որ բան են շշնջացել «վարչապետի» պաշտոնը զբաղեցնող անձի ականջին, և նա էլ Առուշանյանին հրահանգել է ազատվել իր տեղակալից։ Առաջիկայում այդ պաշտոնում որևէ քպականի են նշանակելու։
Լիլիթ Բադալյան



