Ռումինական գրականությունը կարծես մեքենաշինություն կամ սեւ մետալուրգիա լինի. 90 տոկոսն օտար ներդրումներ են. Վարուժան Ոսկանյան
ОБЩЕСТВОՌումինահայ բանաստեղծ եւ արձակագիր Վարուժան Ոսկանյանը փետրվարի 12-ին Բուխարեստի «Թագուհի Մարիա» թատրոնում ներկայացրել է իր «Իմ չգրված բանաստեղծությունների գիրքը» (Cartea poemelor mele nescrise, Editura Polirom, 2015): Այս մասին տեղեկացնում է ռումինական AGERPRES լրատվական գործակալությունը:
Վարուժան Ոսկանյանը հայտնել է, թե իր ժողովածուն գլխավորում է 2015թ. հրատարակված ամենավաճառված գրքերի ցանկը: «Որպես ֆինանսների նախկին նախարար եւ հայ` գոհ եմ, որ այն անցյալ տարի գլխավորում էր ամենավաճառված գրքերի ցանկը, թեեւ լույս է տեսել հոկտեմբերին: Լավն այն է, որ այն հայտնվել է գագաթին, իսկ վատը, որ այնտեղ հայտնված բանաստեղծությունների միակ ժողովածուն է, ինչը ցույց է տալիս, որ բանաստեղծությունը ռումինացիների գնումների մաս չի կազմում: Ոչ էլ ռումինական գրականությունը»,- մամուլի ասուլիսին հայտարարել է Ոսկանյանը:
Գրողը նշել է, որ ռումինացիները տարեկան գնում են 2 մլն եվրոյի գրականություն, որը յուրաքանչյուր բնակչի հաշվով կազմում է 10 եվրոցենտ: «Ավելի քիչ, քան ամենաէժան հացի բոքոնը: Ռումինական գրականությունը կարծես բանկային կամ ապահովագրության համակարգ լինի, կամ էլ սեւ մետալուրգիա ու մեքենաշինություն: 90 տոկոսն օտար ներդրումներ են»,- հայտարարել է Ոսկանյանը:



