Ես արդեն ունեմ իմ ընտանիքը, իմ հրաշք բալիկը, էլ ինչ է պետք երջանիկ լինելու համար. Սոնա Շահգելդյանը երեկ նշել է 30-ամյակը
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Երեկ՝ փետրվարի 14-ին, երգչուհի Սոնա Շահգելդյանի համար կրկնակի տոն էր. նա ոչ միայն նշում էր Սուրբ Վալենտինի տոնն, այլեւ ծննդյան 30-ամյակը: Life.panorama.am-ին երգչուհին պատմել է, որ ծննդյան օրը նշել է տանը՝ մտերմիկ շրջապատում. «Ծննդյանս օրը նշեցի տանը՝ իմ նորաստեղծ ընտանիքի եւ հարազատներիս հետ միասին: Մտերմիկ, շատ անկեղծ ու լավ օր ունեցանք, ինչի համար շնորհակալ եմ իմ կյանքի կարեւոր մարդկանց, ովքեր երեկ ինձ հետ էին»,- պատմեց Սոնան:
Խոսելով ամուսնու անակնկալի մասին՝ Սոնան նշեց. «Շատ հաճելի է, երբ ծննդյանդ օրը մարդիկ հիշում են, զանգում, շնորհավորում, անակնկալներ անում: Ինձ համար նվերի արժեքը կարեւոր չէ, ավելի արժեքավոր է այն անկեղծությունը, որով դիմացինս ինձ տալիս է իր պատրաստած նվերը: Ամուսինս իր անակնկալը սկեսուր մայրիկիս հետ էր արել, նրանք ինձ շատ գեղեցիկ ոսկյա զարդեր եւ ծաղիկներ էին նվիրել, ինչի համար շատ շնորհակալ եմ: Ես ինքս էլ շատ եմ սիրում նվերներ տալ, որոնք ընտրելիս փորձում եմ առանձնացնել այնպիսիք, որոնք դուր կգան դիմացինիս»:
Հոբելյարը նկատեց, որ մեկ տարով էլ մեծանալն իրեն տխրեցնում է, բայց ուրախանալու պատճառներն ավելի շատ են. «Իհարկե, տխրում եմ, որ եւս մեկ տարով եմ մեծանում, բայց մարդ պետք է հոգով երիտասարդ լինի. ես արդեն ունեմ իմ ընտանիքը, իմ հրաշք բալիկը, էլ ինչ է պետք երջանիկ լինելու համար, նրանց հետ ես վայելում եմ իմ բաժին կյանքը»,- հավելեց հոբելյարը:
Տոնական տորթի մոմերը փչելիս՝ Սոնան ինքն իր համար հասկացել է, որ երազանքներն արդեն կատարված են. «Երազանք մտապահելիս հասկացա, որ ամեն բան ունեմ, լավ ամուսին ու երեխա, հրաշալի մամա. Նրանք ինձ համար կատարված երազանքներ են, իսկ մնացածը Աստծո օրհնությամբ կունենանք, կաշխատենք եւ կձգտենք ավելիին»,- զրույցը եզրափակեց արդեն 30-ամյա երգչուհին:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան



