Ես լավն եմ, այնպիսին չեմ,որ տղամարդիկ ինձնից վախենան. Սյուզի Կենտիկյան. լուսանկար
ФОТО
Wnews.am-ը գրում է.
Wnews.am-ը շարունակում է ներկայացնել աշխարհահռչակ հայուհիներին։ Այս անգամ ներկայացնում ենք հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտուհի, թեթեւ քաշային կարգում WBA, WBO և WIBF վարկածներով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանին։
2008-ին Սյուզի Կենտիկյանը պրոֆեսիոալ բռնցքամարտի միջազգային ասոցացիայի կողմից ճանաչվել է բոլոր քաշային խմբերում աշխարհի լավագույն կին բռնցքամարտիկ։
Կենտիկյանը ծնվել է 1987թ. Երեւանում, իսկ հինգ տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել Գերմանիա եւ հաստատվել Համբուրգում։ Նա պատմում է, որ ընտանիքը դժվար ժամանակներ է ունեցել. իրենց ցանկացել դեպորտացիայի ենթարկել։
Կենտիկյանի հայրը մասնագիտությամբ անասնաբույժ է։ Սյուզին պատմում է, որ հայրը զբաղվել է ֆուտբոլով, սակայն հնարավորություն չի ունեցել պրոֆեսիոնալ կերպով շարունակել սպորտաձեւը։
Բոքսի հանդեպ սերը Սյուզիի մեջ սերմանել է եղբայրը: Մի օր էլ Սյուզին որոշել է դիտել եղբոր պարապմունքը, մարզասրահում Սյուզիին է մոտեցել մարզիչն ու հորդորել եւս պարապել.
«Պարզապես գնացել էի խաղը դիտելու, մարզիչն ասաց, որ ես էլ պիտի պարապեմ եւ նույն օրը սկսեցի պարապունքները»,- պատմում է նա։
Սյուզին նշում է, որ դպրոցական տարիքում շատ է ընկճվել. լինելով միակ հայուհին, միշտ առանանձացվել է գերմանացիների կողմից.
«Բոքսն ինձ մեծ ուժ տվեց, ինքնավստահություն»,- ասում է նա ՝խոստովանելով, որ ռինգից դուրս կյանքում մեկ անգամ է օգտագործել բռունցքները.
«Մի տղա ինձ շատ էր նեղացրել, խնդրեցի, որ չանի, բայց շարունակեց, ես էլ իրեն լավ «դաստիարակեցի»»,- հիշում է Սյուզին։
Կենտիկյանը Պրոֆեսիոնալ բռնցքամարտ է մուտք գործել 2005 թվականին՝ պայմանագիր կնքելով «Spotlight Boxing» կազմակերպության հետ։
Ռինգում նա կրում է «Մարդասպան թագուհի» մականունը։
«Հայրս ցանկանում էր, որ մենք կարողանանք մեզ պաշտպանել, այդ պատճառով մանուկ հասակում շատ սպորտաձեւերի եմ հաճախել. կարատե, գիմնաստիկա, լող, սակայն բոքսն ամենաշատն եմ սիրել »,- պատմում է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը։
Նա վստահեցնում է, որ ռինգից դուրս կանացի է եւ չի կաշկանդվում տղամարդկանց ստեղծած կարծրատիպից, թե կինը պետք է կին մնա, իսկ բռցնամարտը կանացի սպորտաձեւ չէ.
«Իրենք միշտ մտածում են, որ կանայք պիտի կին մնան։ Ես ցույց եմ տալիս, որ ուժեղ եմ եւ կին եմ։ Տղամարդիկ ինչ ուզում են թող մտածեն, նրանք այդպես են ասում, որովհետեւ չեն կարող այդքան տաղանդավոր կին ունենալ…
Ես լավ մարդ եմ, այնպիսին չեմ, որ տղամարդիկ վախենան ինձնից։ Նրանք չեն վախենում, որ իրենց կարող եմ խբել»,- ասում է Սյուզին։
Սյուզի Կենտիկյանը զբաղվում է նաեւ բարեգործությամբ. նա ներգրավված է Հայաստանին օգնելու նպատակ հետապնդող բարեգործական նախագծերում «Կյանքի ծառ Հայաստան» կազմակերության համահիմնադիրներից է, որի նպատակն է նպաստել գործազրկության նվազմանն ու ծառատնկմանը։
Նա նաեւ գրել է իր ինքնակենսագրականը, զբաղվել դերասանուհու գործունեությամբ, իտալական պարբերականի կողմից ճանաչվել է աշխարհի ամենասեքսուալ կին բռնցքամարտիկ։ Սյուզին ձայնագրել է նաեւ ռեփ ոճում մի քանի երգ։




















































