Պասիվ ընտրություններում հաղթեց ՀՀԿ-ն
ПОЛИТИКАԼոռու մարզի Թումանյան համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվել է միակ թեկնածու, գործող քաղաքապետ Լեւոն Զավարյանը: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 1678, դեմ՝ 299 ընտրող, այսինքն՝ քվեարկողների 18 տոկոսը դեմ է քվեարկել համայնքի գործող ղեկավարին: Եթե դեմ քվեարկողների թիվը լիներ ընտրությանը մասնակցածների 50 տոկոսը, ապա Զավարյանը չէր ընտրվի եւ կնշանակվեր նոր ընտրություն: Թումանյանում ընդհանուր առմամբ գրանցվել է 45 տոկոս մասնակցություն: 89 քվեաթերթիկ համարվել է անվավեր:
Տաթեւի գյուղապետ Մուրադ Սիմոնյանը, ստանալով 1236 քվե, ընտրվել է նոր ձեւավորված Տաթեւ համայնքի ղեկավար: Անկուսակցական թեկնածուն Իգոր Աբրահամյանը եւ Վարշամ Բագրատյանը ստացել են համապատասխանաբար 824 եւ 598 ձայն: Տաթեւում եւ նրան միացված գյուղերում գրանցվել է ընտրողների 62 տոկոս մասնակցություն: Ամենաինտրիգային ընտրությունները Դիլիջանում էին: Նոր ձեւավորված Դիլիջան համայնքի ղեկավար է ընտրվել Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը: Նրա օգտին քվեարկել է 6797 ընտրող: Սանթրոսյանի միակ մրցակից, Դիլիջանի նախկին քաղաքապետ Ժորա Սահաբալյանի օգտին քվեարկել է 4353 ընտրող: 20475 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 11 հազար 538 ընտրող, ընդհանուր մասնակցությունը կազմել է 56 տոկոս:
Նշենք, որ Տաթեւ, Դիլիջան եւ Թումանյան համայնքներում էլ ընտրվել են հանրապետական թեկնածուներ: Երեք համայնքներում քվեարկությանը ընտրողների մասնակցության ընդհանուր թիվը կազմել է 54 տոկոս: Այս ընտրությունները, ի դեպ, դուրս էին մնացել դիտորդ կազմակերպությունների ուշադրությունից: Նրանցից որեւէ մեկն այդպես էլ դիտորդական առաքելություն իրականացնելու հայտ չէր ներկայացրել, ինչի արդյունքում, փաստորեն, ընտրություններն անցան հանրության աչքից հեռու:
Գագիկ Աղբալյան



