ՔՊ-ում դժգոհ են ուժային բլոկի երկու ղեկավարներից
АНАЛИТИКАԱռաջիկա օրերը խորհրդարանում թեժ է լինելու։ Ուժային բլոկի ղեկավարները ներկայանալու են խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողով՝ ներկայացնելու 2025 թվականի տարեկան հաղորդումները։ Այսօր արդեն իր տարեկան հաղորդումն է ներկայացնում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։ Հերթում են գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ու Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։ Ու թեպետ «Քաղպայմանագրում» առանձնապես հակված չեն վերջիններիս նեղը գցելու, բայց ընդդիմությունը կարող է բավական սուր հարցադրումներով վերջիններիս համար իսկական փորձություն ստեղծել։ Ընդ որում, այնպես չէ, որ ՔՊ-ում բոլոր այս չորս պաշտոնյաների նկատմամբ դրական վերաբերմունք կա։
«Քաղպայմանագրում» հրաշալի հասկանում են, որ նրանցից որ որոշները կարող են ֆորս-մաժորի պահին լքել «Քաղպայմանագրին» և արդյունքում խնդիրներ առաջանան հենց Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի համար, ուստի փորձելու են ամեն ինչ անել վերջիններիս կրնկի տակ պահելու նպատակով։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, առնվազն գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի նկատմամբ լուրջ վերապահումներ ունեն ոչ միայն «Քաղպայմանագրի» պատգամավորները, այլև նույնիսկ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս կարծում է, որ այս երկուսը ոչ միայն բավարար չափով չեն կատարում իր հանձնարարությունները, այլև գաղտնի ինչ-որ կապերի մեջ են ընդդիմության ներկայացուցիչների հետ։
Ու եթե Նահապետյանի ու Արփինե Սարգսյանի պարագայում «Քաղպայմանագրի» պատգամավորներն առանձնապես լարվելու մտադրություն չունեն, չի բացառվում, որ գլխավոր դատախազի ու Քննչական կոմիտեի նախագահի հաղորդումների ներկայացումը վերածվի բավականին լուրջ շոուի՝ դրանից բխող հետևանքներով։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, գլխավոր դատախազն ին էլ հասկանում է, որ խնդիրներ ունի, բայց և առայժմ կարողանում է ցուցադրել իր հավատարմությունը Նիկոլ Փաշինյանին։
Տաթևիկ Բադալյան



