Արցախը փաստացի այլևս մեր վերահսկողության ներքո չէ, սակայն դա չի նշանակում, որ կարող ենք թույլ տալ մոռացության մատնել Արցախի թեման. Մեսրոպ Առաքելյան
ПОЛИТИКАԱրցախը փաստացի այլևս մեր վերահսկողության ներքո չէ, սակայն դա չի նշանակում, որ կարող ենք թույլ տալ մոռացության մատնել Արցախի թեման։ Գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
«1988 թվականի փետրվարի 20-ը նորագույն հայոց պատմության այն օրերից է, որը դարձավ ոչ միայն իրադարձություն, այլ՝ ազգային միասնականության խորհրդանիշ։
Այդ օրը սկիզբ առած Ղարաբաղյան շարժումը, անկախ բովանդակային հետագա փոփոխություններից և ժամանակի ընթացքում ձեռք բերած տարբեր քաղաքական ենթատեքստերից, պատմության մեջ մնաց որպես պահ, երբ ողջ հայ ժողովուրդը՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, զգաց իրեն մեկ ամբողջություն։
Այդ օրերին Հայաստանում և Արցախում փողոցները հեղեղված էին ոչ միայն բազմահազար մարդկանցով, այլև մեծ հավատով։ Հավատով, որ միասնականությունը կարող է դառնալ ուժ, որ համախմբված ժողովուրդը կարող է արժանապատվորեն բարձրացնել և պաշտպանել իր ձայնը։
Այսօր իրավիճակն այլ է։ Արցախը փաստացի այլևս մեր վերահսկողության ներքո չէ։ Սակայն դա չի նշանակում, որ կարող ենք թույլ տալ մոռացության մատնել Արցախի թեման կամ հրաժարվել պատմական հիշողությունից և հայրենիքից։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել, եթե ժողովուրդը կառուցում է ուժեղ, ազդեցիկ և կազմակերպված պետություն։
Ամենակարևորը թեման ապրեցնելն է՝ ազգային հիշողության, արժանապատվության և պետական մտածողության մակարդակով, որովհետև երբ պետությունը զարգանում է, երբ դառնում է ազդեցիկ և մրցունակ, նրա ձայնը լսելի է դառնում նաև միջազգային հարթակներում։
Այսօր, հիշելով փետրվարի 20-ը, մենք պարտավոր ենք հարց տալ ինքներս մեզ․ կարո՞ղ ենք արդյոք նույն ուժով, նույն պատասխանատվությամբ և նույն համախմբվածությամբ նայել մեր պետության և մեր սերունդների ապագային։
Մեր ազգը մի անգամ դա արդեն ապացուցել է՝ երբ ժողովուրդը միավորվում է, դառնում է վճռորոշ ուժ, որի կամքը հնարավոր չէ կոտրել։
Պարտությունները, հիասթափություններն ու անկումները վերջակետ չեն։ Վերջակետ դրվում է միայն այնտեղ, որտեղ ավարտվում է պայքարելու կամքը»,- գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:



