Ереван, 17.Февраль.2026,
00
:
00
ВАЖНО


Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ»

ЭКОНОМИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի արտաքին առևտրի հաշվեկշիռը, արտահանման և ներմուծման դինամիկան, առևտրային հոսքերի աշխարհագրական կառուցվածքը 2025 թվականին բացահայտել են համակարգային և երկարաժամկետ հետևանքներ ունեցող խնդիրներ, որոնք վկայում են երկրի տնտեսության կառուցվածքային խոցելիության, արտաքին շուկաներից չափազանց մեծ կախվածության, արտահանման իրական դիվերսիֆիկացիայի բացակայության և վերաարտահանման ոչ կայուն երևույթի գերակշռության մասին։

Ինչպես վկայում են վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալները, 2025 թվականը եղել է անկումային և ճգնաժամային տարի արտաքին առևտրի համար, երբ տասնամյակների ընթացքում ձևավորված դինամիկան խախտվել է, աճի միտումները փոխարինվել են կտրուկ նվազմամբ, և երկիրը հայտնվել է իրավիճակում, որը պահանջում է խոր վերլուծություն, իրավիճակի ամբողջական գիտակցում և արագ արձագանքման միջոցառումների մշակում:

Անցած տարվա ընթացքում Հայաստանը տարբեր երկրների հետ իրականացրել է ընդհանուր 21,4 միլիարդ դոլարի ծավալով արտաքին առևտուր, որը բաղկացած է եղել 8,4 միլիարդ դոլարի արտահանումից և 13 միլիարդ դոլարի ներմուծումից: Այսպիսի ցուցանիշները վկայում են արտաքին առևտրի բացասական հաշվեկշռի մասին, երբ ներմուծումը զգալիորեն գերազանցում է արտահանումը՝ ստեղծելով առևտրային դեֆիցիտ, որը կազմում է մոտավորապես 4,6 միլիարդ դոլար և որը պետք է ֆինանսավորվի այլ աղբյուրներից, ինչպիսիք են արտարժութային փոխանցումները, ներդրումները, վարկերը կամ պահուստների օգտագործումը:

Սակայն ավելի անհանգստացնող և ուշադրության արժանի է ոչ թե առևտրային դեֆիցիտի բացարձակ չափը, որը որոշակի սահմաններում կարող է լինել նորմալ երևույթ զարգացող տնտեսությունների համար, այլ այն փաստը, որ 2024 թվականի համեմատությամբ Հայաստանի արտահանումը կրճատվել է 36,1 տոկոսով, ինչն ահռելի անկում է և վկայում է լուրջ խնդիրների առկայության մասին, մինչդեռ ներմուծումը նվազել է 23,6 տոկոսով, ինչը նույնպես զգալի նվազում է, սակայն համեմատաբար ավելի փոքր՝ արտահանման անկման համեմատությամբ: Այս տվյալները բացահայտում են նաև այն հիմնարար խնդիրը, որը կապված է Հայաստանի արտահանման ոչ կայուն բնույթի, արտաքին կոնյուկտուրայից չափազանց մեծ կախվածության և իրական արտադրական ներուժի անբավարարության հետ։

Եվ եթե արտահանման հատվածը կարող է մեկ տարվա ընթացքում նվազել գրեթե 36 տոկոսով, ապա դա նշանակում է, որ այդ արտահանումը հիմնված չէ կայուն մրցակցային առավելությունների, բարձր որակի արտադրանքի, ամուր շուկայական դիրքերի և երկարաժամկետ պայմանագրերի վրա, այլ կախված է ժամանակավոր, կոնյուկտուրային և արտաքին պայմաններից, որոնք կարող են արագորեն փոխվել:

Մինչև 2020 թվականը Հայաստանի արտահանումն ու ներմուծումը դանդաղ, սակայն կայուն աճ էին գրանցում, ինչը կապված էր իներցիայի, տնտեսական զարգացման, արտադրական կարողությունների աստիճանական ընդլայնման և արտաքին առևտրի պայմանների բարելավման հետ։ Իսկ այդ բարելավման համար պայմաններ էր ստեղծել 2015 թվականին Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը՝ բացելով նոր շուկաներ և վերացնելով մաքսային արգելքները ԵԱՏՄ երկրների հետ առևտրում:

2020 թվականին կորոնավիրուսային համավարակի տարածման, համաշխարհային տնտեսության սառեցման և Արցախում քառասունչորսօրյա պատերազմի ֆոնին անկում ապրեց ինչպես Հայաստանի ամբողջ տնտեսությունը, այնպես էլ ապրանքների արտահանումը և ներմուծումը, ինչը բնական և անխուսափելի էր այն աղետալի իրադարձությունների համատեքստում, որոնք ցնցեցին երկիրը և ամբողջ աշխարհը: Սակայն հաջորդ շոկը, որը Հայաստանի տնտեսության համար դարձավ ոչ բացասական, այլ դրական գործոն, 2022 թվականին սկսված ռուսուկրաինական պատերազմն էր և դրա հետևանքով ՌԴ-ի նկատմամբ կիրառված արևմտյան երկրների խիստ տնտեսական պատժամիջոցները, որոնք ստեղծեցին իրավիճակ, երբ Հայաստանը դարձավ Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև առևտրի համար տարանցիկ կամ միջանկյալ երկիր։ Այս նոր դերի արդյունքում Հայաստանի արտահանումն ու ներմուծումը 2024 թվականին հասան գագաթնակետին, երբ արտահանումը կազմեց մոտավորապես 13 միլիարդ դոլար, իսկ ներմուծումը՝ մոտ 17 միլիարդ դոլար. ցուցանիշներ, որոնք անցած տարիների համեմատությամբ ռեկորդային էին:

2025 թվականին, սակայն, այս դինամիկան ոչ միայն չպահպանվեց, այլև կտրուկ փոխվեց հակառակ ուղղությամբ: Իսկ այս իրողությունը վկայում է, որ 2022-2024 թվականների արտահանման և ներմուծման աճը չի եղել կայուն և հիմնված Հայաստանի տնտեսության իրական ներուժի, արտադրական կարողությունների կամ մրցունակության բարձրացման վրա, այլ ուղղակի ժամանակավոր բնույթ է կրել, և երբ հանգամանքները փոխվեցին կամ թուլացան, արտահանումն անմիջապես իր վրա զգաց այդ փոփոխությունը:

Արտաքին առևտրի աշխարհագրական կառուցվածքի վերլուծությունը ևս բացահայտում է ավելի խոր և անհանգստացնող խնդիրներ, որոնք կապված են Հայաստանի արտահանման շուկաների կենտրոնացվածության, մեկ կամ երկու շուկայից չափազանց մեծ կախվածության և իրական դիվերսիֆիկացիայի բացակայության հետ:

2025 թվականի տվյալներով, Հայաստանի արտահանման 38,4 տոկոսը բաժին է ընկել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներին, 7,9 տոկոսը՝ Եվրոպական միության անդամ երկրներին, 53,7 տոկոսը՝ այլ երկրներին, որոնց շարքում գլխավոր տեղը զբաղեցնում են Արաբական Միացյալ Էմիրությունները և Չինաստանը: Այս թվերն առաջին հայացքից կարող են տպավորություն թողնել, որ Հայաստանի արտահանումը բավականին դիվերսիֆիկացված է և բաշխված տարբեր ուղղությունների միջև, սակայն խոր դիտարկումը ցույց է տալիս հակառակը: Վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանի արտահանման կառուցվածքում Եվրոպական միության կշիռը խիստ և անընդհատ նվազել է, և եթե տասը տարի առաջ Եվրամիությանը բաժին էր ընկնում արտահանման մոտ 28 տոկոսը, ապա այժմ այն կազմում է ընդամենը 7,9 տոկոս։ Այս եռապատիկ նվազումը վկայում է, որ Հայաստանը կա՛մ կորցրել է իր մրցունակությունը եվրոպական շուկաներում, կա՛մ չի կարողացել պահպանել և զարգացնել իր ներկայությունը այդ շուկաներում, կա՛մ դիմել է այլ՝ ավելի հեշտ մուտք ապահովող և ավելի շահավետ, սակայն ավելի պակաս կայուն շուկաների:

Տարիների ընթացքում ավելացել է Եվրասիական տնտեսական միության կշիռը Հայաստանի արտահանման մեջ, ինչը մեծապես կապված է Ռուսաստանի շուկայի ընդլայնման հետ։ Ուշագրավ է, որ վերջին երեք տարում այլ երկրների մասնաբաժինը կտրուկ մեծացել է՝ հիմնականում Արաբական Միացյալ Էմիրություններ կատարվող վերաարտահանումների պատճառով: Ուշադրություն պետք է դարձնել, որ վերջին երեք տարում Արաբական Միացյալ Էմիրությունները դարձել են արտահանման առաջնային շուկաներից մեկը՝ որոշ ժամանակահատվածներում նույնիսկ գերազանցելով Ռուսաստանին, սակայն այս երևույթը խոսում է ոչ թե իրական դիվերսիֆիկացիայի, նոր շուկաների նվաճման կամ հայկական արտադրանքի մրցունակության բարձրացման մասին, այլ բացառապես վերաարտահանման, այսինքն՝ այլ երկրներից ներմուծված և Հայաստանի տարածքով անցնող ապրանքների ազդեցության մասին, որը ոչ մի իրական ավելացված արժեք, զբաղվածություն կամ լուրջ տնտեսական օգուտ չի բերում երկրին: Այսինքն, դարձյալ հիմնականում գործ ունենք ռուսական շուկայի հետ, ինչը նշանակում է, որ Հայաստանի կախվածությունը ռուսական շուկայից հասել է մոտ 60 տոկոսի:

Երբ ուսումնասիրում ենք Հայաստանի արտահանման կառուցվածքը վերջին տարիներին, ապա պարզ է դառնում, որ, այսպես կոչված, «այլ երկրներ» կատեգորիայի ներքո, որը կազմում է արտահանման ավելի քան կեսը, պետք է հասկանալ առաջին հերթին Արաբական Միացյալ Էմիրությունները և Չինաստանը, մինչդեռ մյուս երկրները, ինչպիսիք են Շվեյցարիան, Իրաքը, Վրաստանը, Բելգիան, Նիդեռլանդները և այլն, զգալի զիջում են նրանց իրենց մասնաբաժինների չափով և չեն ներկայացնում էական նշանակություն ընդհանուր արտահանման համար:

Չինաստանը, որը հայկական ապրանքների արտահանման երրորդ շուկան է իր մեծությամբ, ծավալով և արժեքով, բաժին է ստանում արտահանման ընդամենը 9,1 տոկոսը, ինչը կազմում է 763 միլիոն դոլար։ Չնայած այս ցուցանիշը համեմատաբար խոշոր գումար է, սակայն անհամեմատ փոքր է Ռուսաստանի և Էմիրությունների ցուցանիշների համեմատ: Ասել, թե հայկական ապրանքները իրականում հետաքրքրում են չինական հսկայական, բազմամիլիարդանոց և պահանջկոտ շուկային, և որ Հայաստանը հաջողությամբ ներխուժել և զբաղեցրել է դիրքեր այդ շուկայում, կլինի չափազանցություն և իրականությունից հեռու պնդում: Իսկ արտահանման այսպիսի ծավալը դեպի Չինաստան հիմնականում պայմանավորված է մետաղական հանքանյութի, տարբեր ապրանքների վերաարտահանման և որոշ խմիչքների և ծխախոտի արտահանմամբ, սակայն դեպի չինական շուկա արտահանման հնարավորությունները շատ ավելի մեծ են։

2022 թվականից Հայաստանն այլևս չի հանդիսանում Եվրոպական միության «GSP+» արտոնյալ առևտրային համակարգի շահառու երկիր, քանի որ Համաշխարհային բանկի կողմից դասակարգվել է որպես միջինից բարձր եկամուտ ունեցող տնտեսություն, սակայն այս փոփոխությունը չի եղել Եվրամիության կշռի նվազման հիմնական պատճառը, քանի որ, ինչպես երևում է վիճակագրական տվյալներից, մինչև այդ էլ Եվրամիության կշիռը Հայաստանի արտահանման մեջ անընդհատ նվազում էր: Երբ դեպի Եվրոպական միություն արտահանումը դիտարկում ենք ոչ թե ընդհանուրի մեջ ունեցած տոկոսային մասնաբաժնով, այլ բացարձակ թվերով և դոլարային արժեքով, ապա պարզ է դառնում, որ 2017 թվականին այն կազմել է 629 միլիոն դոլար, իսկ 2025 թվականին՝ 667 միլիոն դոլար։ Սա նշանակում է, որ ոչ թե դեպի Եվրամիություն արտահանումն է անգամներով նվազել, բացառությամբ 2020 թվականի, երբ այն կտրուկ իջել է համավարակի և պատերազմի պատճառով, այլ դեպի մյուս երկրներ և ուղղություններ արտահանումները շատ ավելի մեծ և արագ տեմպերով են աճել և մեխանիկորեն փոքրացրել Եվրամիության հարաբերական մասնաբաժինը ընդհանուր արտահանման մեջ: Համեմատության համար նշենք, որ 2017 թվականին արտահանումը Ռուսաստան կազմել է 557 միլիոն դոլար, իսկ 2025 թվականին՝ 3 միլիարդ դոլար, ինչը ներկայացնում է ավելի քան հնգապատիկ աճ և հստակ ցույց է տալիս, որ Ռուսաստանը դարձել է Հայաստանի արտահանման գերակշռող և գրեթե բացարձակ շուկան:

Հետաքրքրական է, որ 2025 թվականին արտահանումը դեպի Ռուսաստան 2024 թվականի համեմատ նվազել է 6,9 տոկոսով, ինչը համեմատաբար փոքր նվազում է ընդհանուր արտահանման 36 տոկոսանոց անկման ֆոնին, և այսպիսով Ռուսաստանի տեսակարար կշիռը Հայաստանի ընդհանուր արտահանման մասնաբաժնի մեջ կազմում է մոտավորապես մեկ երրորդը: Համեմատության համար պետք է նշել, որ 2015 թվականին, երբ Հայաստանը նոր էր անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, Ռուսաստանի մասնաբաժինը կազմում էր ընդամենը 16,5 տոկոս, ինչը նշանակում է, որ տասը տարվա ընթացքում Ռուսաստանի կշիռը Հայաստանի արտահանման մեջ ավելի քան կրկնապատկվել է և դարձել գերակշռող: Ռուսաստանի տեսակարար կշիռը Հայաստանի արտահանման մեջ թռիչքային, անկանխատեսելի և կտրուկ աճ ապրեց 2022 թվականին, երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, և Հայաստանը դարձավ արևմտյան արտադրանքը, տեխնոլոգիաները և այլ ապրանքները Ռուսաստան վերաարտահանող միջանկյալ երկիր:

Այս պատկերը միանգամից և անվիճելիորեն հերքում է այն պնդումները, որ Հայաստանի արտահանման շուկաները դիվերսիֆիկացվել են, երկիրը նոր շուկաներ է մուտք գործել և նվազեցրել է իր կախվածությունը մեկ կամ երկու հիմնական շուկաներից։ Իրականում տեղի է ունեցել հակառակը՝ արտահանումն ավելի է կենտրոնացվել մեկ շուկայի՝ Ռուսաստանի ուղղությամբ, որի դերը կտրուկ ավելացել է, և երկիրը դարձել է ավելի խոցելի այդ շուկայի տատանումների, քաղաքական որոշումների և տնտեսական կոնյուկտուրայի նկատմամբ:

Այս տվյալները լիովին ի ցույց են դնում, որ Հայաստանի արտահանումը, հատկապես 2022 թվականից սկսած, ոչ միայն չի դիվերսիֆիկացվել իրական իմաստով, այլ հակառակը՝ արտահանման շուկաների կենտրոնացվածությունը, մոնոպոլիզացիան և մեկերկու շուկայից կախվածությունը էլ ավելի են խորացել, ուժեղացել և վտանգավոր մակարդակի հասել։ Իսկ դա իր հերթին էապես մեծացնում է Հայաստանի տնտեսության խոցելիությունը։

Մյուս երկրները, ուր Հայաստանը ապրանք է արտահանում և որոնք ներառում են եվրոպական, ասիական, ամերիկյան և այլ շուկաներ, իրենց տեսակարար կշռով, մասնաբաժնով և նշանակությամբ անհամեմատելի տարբերությամբ զիջում են Ռուսաստանին և Արաբական Միացյալ Էմիրություններին, և դրանց դերը Հայաստանի արտահանման համար մնում է ոչ էական: Հայաստանի արտահանման կազմում չորրորդ և հինգերորդ տեղերը զբաղեցնում են Իրաքը և Բելառուսը՝ շատ ավելի փոքր, նվազագույն և երկրորդական տեսակարար կշիռներով, մասնաբաժիններով և նշանակությամբ:

Ընդհանուր առմամբ, արտահանման առաջին տասնյակի մեջ են նաև Շվեյցարիան, Նիդեռլանդները, Բելգիան, Վրաստանը և Գերմանիան: Եվրոպական երկրներից, որոնք պետք է լինեին Հայաստանի համար ռազմավարական, հեռանկարային և կայուն շուկաներ, կտրուկ նվազել է Գերմանիայի կշիռը և դերը, որը Եվրոպական միության ամենախոշոր, ամենազարգացած և ամենամեծ գնողունակությամբ տնտեսությունն է: Այնինչ, Գերմանիան կարող է դառնալ ավելի կարևոր շուկա Հայաստանի համար:

Այնպես որ, Հայաստանը պետք է հիմնովին վերանայի իր արտահանման ռազմավարությունը, զարգացնի իրական արտադրական կարողությունները, ներդնի բարձր տեխնոլոգիաներ, բարելավի արտադրանքի որակը, դիվերսիֆիկացնի արտահանման շուկաները, նվազեցնի կախվածությունը վերաարտահանումից և հումքից, և ստեղծի կայուն, երկարաժամկետ և մրցունակ արտահանման մոդել, որը կապահովի երկրի տնտեսական անկախությունը, կայունությունը և բարգավաճումը:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Какие планы у Запада и Пашиняна относительно железной дороги? «Паст»Глава крупнейшего в Европе завода по производству вооружения: Война в Украине не закончится в 2026 годуЦентральный комитет АРФ Дашнакцутюн в Греции: Считаем неуместным встречаться с президентом АрменииIDBank открыл представительство в Глендейле, штат КалифорнияБилл Гейтс обсудил в Китае сельское хозяйство, медицину и сферу ИИПослание Католикоса: Наши души тревожатся из-за многочисленных нападок на нашу Святую Церковь Архиепископа Микаэла Аджапахяна 17 февраля выпишут из больницыВласти Армении передали Австрии обвиняемого в совершении краж гражданинаАкция в защиту Гарегина Второго в соборе Святых Гевондянц в БербанкеСледственный комитет «опровергнув», по сути фактически подтвердил: «Паст»«Серии» нападок на Национальную идентичность: «Паст»Впечатляющая заявка «Сильной Армении» и неприкрытая паника «Гражданского договора»: «Паст»Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»Человек с гражданством другой страны не может быть кандидатом в премьер-министры Армении - Пашинян о КарапетянеПашинян уволил главу Агентства по защите персональных данных МинюстаМакрон хочет лишать права участия в выборах за антисемитизмХудатян и Копыркин обсудили вопрос продления срока эксплуатации второго энергоблока Армянской АЭСTeam Holding объявляет о начале второго этапа размещения долларовых облигаций; Андеррайтер - Freedom Broker Armenia.Кремль подтвердил новый раунд трехсторонних переговоров на следующей неделе Глава миссии ЕС в Армении: С августа 2025 года у нас есть свободный доступ ко всем участкам границыОплату услуг Ucom теперь можно осуществлять через Fast Shift «Сказка о царе Салтане» братьев Андреасян превзошла в России предпродажи всех последних сказокПредставители армянской Диаспоры призывали власти РА и ААЦ урегулировать все разногласияПатрульные самолеты ВМС США провели разведку вблизи ИранаТрамп анонсировал визит в Китай в апрелеСоздают хаос, а затем думают, как его преодолеть: «Паст»Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»Ucom предлагает корпоративным клиентам комплексную услугу по построению внутренних сетей С какой политической силой будет участвовать на выборах «Страна для жизни»? «Паст»На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия имВодитель пострадавшего вследствие камнепада на проспекте Мясникяна автомобиля рассказал, как это былоВ Армении начнет работать монетизация YouTubeСуд в Германии приговорил к тюремному сроку гражданина США по делу о шпионаже в пользу КитаяЮнибанк стал членом А-уровня Армяно-британской торгово-промышленной палаты Зимние приключения продолжаются в Myler: Idram&IDBankСовет Европы согласился лишить дипломатического иммунитета бывшего генсека в связи с делом Эпштейна Сила одного драма — общественной организации Матeмик Учёные впервые исследовали банки Дарвина с помощью уникального лазерного метода без вскрытияРубен Варданян: Я представляю армянский народ здесь, на этом суде, не боюсь никакого наказания или решенияПервый трейлер «Дьявол носит Prada 2» — смех, интриги и стильВалерий Царукян продолжит карьеру в «Ахмате»В Москве состоится масштабное шоу скрипача-виртуоза Самвела АйрапетянаТрамп: Иран поступил бы глупо, если бы не заключил сделку с СШАНетаньяху обсудил в Вашингтоне с Уиткоффом и Кушнером переговоры США с ИраномК каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»Попытаются применить «западный» сценарий в «армянизированном» варианте: «Паст» В прошлом ЭСА на протяжении многих лет оказывала поддержку Церкви: «Паст»В Польше создают военный резерв повышенной готовностиSCMP: в Китае обнаружили антитело для борьбы с лихорадкой SFTS