Փաշինյանը դժգոհ է ամուսինների աշխատանքից. ո՞ւմ կհեռացնեն առաջինը
АНАЛИТИКАՀայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը բավական ուշագրավ շերտեր էր պարունակում։ Սակայն մեր ուշադրությունը գրավեց այն հանգամանքը, որ Փաշինյանը հարցազրույցը տալիս էր ոչ թե Հանրային հեռուստաընկերության գլխավոր քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանին, այլ հաղորդավարներից Տաթև Դանիելյանին։
Ակնհայտորեն նախապես կազմված և համաձայնեցված հարցերով հաղորդավարը փորձում էր որոշակի սրություն մտցնել՝ այդ կերպ տպավորություն ստեղծելով, թե երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին սուր հարցեր են ուղղվում։ Բայց նույնիսկ այս պարագայում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում լուրջ տարակուսանք կա, թե ինչու է Փաշինյանը հարցազրույցը տվել այլ լրագրողի, այլ ոչ՝ Պետրոս Ղազարյանին։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանն ինքը բավականին լուրջ վերապահումներ ունի Պետրոս Ղազարյանի մասով։ Նա կարծում է, որ վերջինս բավարար չափով չի արդարացնում իրեն Հանրային հեռուստաընկերությունում։ Իսկ նախորդ տարի Պետրոս Ղազարյանի ստացած ահռելի գումարները, ըստ հայտարարագրի, որոնք մեկ տարվա ընթացքում հասել են մինչև 47 միլիոն դրամի, Փաշինյանը համարում է անիմաստ ծախս։
Ավելին, իշխանություններն արդեն լուրջ վերապահումներ ունեն Ղազարյանի գործունեության նկատմամբ։ Առաջիկայում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, և Հանրային հեռուստաընկերության դերն ու նշանակությունն այդ առումով ահռելի է։ Իշխանության ներսում կա գիտակցում, որ Պետրոս Ղազարյանից պետք է ազատվել։
Իշխանությունը նաև մտադիր է ազատվել Պետրոսի կնոջից՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից։ Վերջինս մի քանի դրվագներով հայտնվել է սկանդալային իրավիճակներում, իսկ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ կապված միջադեպը իշխանական շրջանակներում համարում են Ժաննա Անդրեասյանի կիքսը։ Խոսքը վերաբերում է այն դեպքին, երբ փոխնախագահը գրառում էր կատարել՝ երկու անգամ օգտագործելով «Հայոց ցեղասպանություն» ձևակերպումը, ապա ժամեր անց հեռացրել այդ գրառումը։
ՔՊ-ում կարծում են, որ Անդրեասյանը պետք է նախապես համաձայնեցներ Վենսի գրառման բովանդակությունը՝ խնդրելով «Ցեղասպանության» վերաբերյալ որևէ նշում չանել, այդ կերպ չզայրացնելով Թուրքիային և Ադրբեջանին։ Արդյունքում ԱՄՆ փոխնախագահն ինքն էլ հայտնվել է ամերիկյան քաղաքական շրջանակների քննադատության թիրախում, ինչը, ըստ իշխանական աղբյուրների, ամենևին չի բխում Նիկոլ Փաշինյանի շահերից։
Չի բացառվում, որ առաջիկայում իրենց պաշտոններից հրաժարական տան թե՛ Ժաննա Անդրեասյանը, թե՛ Հանրային հեռուստաընկերությունից հեռացվի Պետրոս Ղազարյանը։ Թե ումով կփոխարինեն Ղազարյանին, առայժմ հայտնի չէ։
Սոնա Գալստյան



