Ереван, 09.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


«Համաձայնագիրը նոր էջ կբացի ՀՀ-ԱՄՆ խորացող էներգետիկ գործընկերության ասպարեզում». Փաշինյան

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հանդիպումից հետո տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև փաստաթղթի ստորագրման արարողությունը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ստորագրել են «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և Ջեյ Դի Վենսը հանդես են եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է․

«Մեծարգո՛ պարոն փոխնախագահ Ջեյ Դի Վենս,
ԱՄՆ պատվիրակության հարգելի՛ անդամներ,
Հարգելի՛ գործընկերներ,

Մեծագույն պատիվ է այսօր հյուրընկալել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Այս այցն ունի հիրավի պատմական և խորհրդանշական կարևորություն։ Սա ԱՄՆ փոխնախագահի առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն։ Այն տեղի է ունենում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման աննախադեպ իրողությունների պայմաններում և արտացոլում է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ձևավորված ամուր և ռազմավարական գործընկերության խորությունը։

Հարգելի պարոն փոխնախագահ, 2025 թվականի փետրվարի 7–ին Սպիտակ տանը մեր ունեցած առաջին հանդիպումը շատ կարևոր նշանակություն ունեցավ հետագա իրադարձությունների համար։

Օգտվելով առիթից, ցանկանում եմ ևս մեկ անգամ արտահայտել Հայաստանի Հանրապետության կառավարության երախտագիտությունն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ պարոն Դոնալդ Թրամփին ու նաև Ձեզ՝ 2025 թ. օգոստոսի 8-ին տեղի ունեցած Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի կազմակերպման համար, որով մենք լուրջ զարկ տվեցինք Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև նախագահ Թրամփի անձնական ներգրավվածությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվեց խաղաղություն։

Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովից հետո ես և նախագահ Ալիևը նախագահ Թրամփին համատեղ նամակով առաջադրել ենք Խաղաղության Նոբելյան մրցանակի, և մեծ հույս ունեմ, որ նախագահն արդարացիորեն կարժանանա 2026թ․ Խաղաղության Նոբելյան մրցանակին։

Փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցն առանցքային նշանակություն ունեցող քայլ է խաղաղության ինստիտուցիոնալացման և ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ընդլայնման ճանապարհին։ Պարոն Վենսին ներկայացրել եմ Հարավային Կովկասում ընթացող դրական գործընթացները, ինչպես նաև օրեր առաջ Աբու Դաբիում իմ և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած քննարկումների մանրամասները, որոնք ուղղված էին մեր երկրների միջև խաղաղության ամրապնդման հնարավոր նոր քայլերին։

Այս առիթով, վերահաստատել եմ նաև Հայաստանի հանձնառությունն՝ աջակցելու ԱՄՆ կառավարության խաղաղության և խաղաղարար առաքելությանը, այդ թվում՝ «Խաղաղության խորհրդի» գործունեությանը, որի կանոնադրությունը պատիվ եմ ունեցել ստորագրել ս.թ. հունվարի 22-ին՝ Դավոսում կայացած հանդիսավոր արարողության շրջանակներում։

Ուզում եմ նաև նշել, որ ստացել և սիրով ընդունել եմ նախագահ Թրամփի հրավերը՝ փետրվարի 19-ին մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին։

Փոխնախագահի հետ երկուստեք ընդգծել ենք Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի ամենակարևոր ձեռքբերումներից մեկի՝ «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» նախագծի հետևողական իրագործման կարևորությունը՝ համաձայն ս.թ. հունվարի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի միջև ստորագրված «TRIPP» ծրագրի իրագործման շրջանակի։ Վերահաստատել ենք, որ այս ծրագիրը, բացի խաղաղության լրջագույն դիվիդենտներից, ունենալու է նաև տարածաշրջանային և գլոբալ նշանակություն՝ զարգացնելով Արևմուտքից Արևելք անխոչընդոտ հաղորդակցությունը։

Մեր գոհունակությունն ենք արտահայտել ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաև օրերս մեկնարկած տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների ընթացքի կապակցությամբ։

Պարոն Վենսի հետ քննարկել ենք նաև տարածաշրջանի ամբողջական ապաշրջափակման հեռանկարները՝ որպես Հարավային Կովկասում կայունության և խաղաղության կարևորագույն գրավականներ։ Կարծում եմ, այս համատեքստում մեծ կարևորություն ունի նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ընթացող երկխոսության՝ իր տրամաբանական հանգրվանին հասնելը, այդ թվում՝ Գյումրի-Կարս երկաթուղու բացումը։

Համատեղ արձանագրել ենք նաև երկկողմ հարաբերություններում ունեցած նշանակալի ձեռքբերումները, այդ թվում՝ արհեստական բանականության և նորարարական տեխնոլոգիաների ոլորտներում։ Գոհունակությամբ եմ նշում, որ օգոստոսի 8-ին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կիսահաղորդիչների և արհեստական բանականության ոլորտում կնքված հուշագրի շնորհիվ կյանքի կկոչվի «Firebird» ընկերության կողմից Հայաստանում արհեստական բանականության գործարան և տվյալների կենտրոն կառուցելու մեգանախագիծը։

Այս կապակցությամբ պետք է նշել, որ հաստատվել է դեպի Հայաստան՝ «NVIDIA» ընկերության արտադրած գերհզոր չիպերի հերթական խմբաքանակի արտահանման թույլտվությունների տրամադրումը։

Հուսով եմ, որ բարձր տեխնոլոգիական ոլորտում ՀՀ և ԱՄՆ միջև ձևավորված սերտ և թափանցիկ համագործակցությունը թույլ կտա է՛լ ավելի զարգացնել և ամրապնդել ՀՀ և ԱՄՆ ընկերությունների միջև երկուստեք շահավետ փոխգործակցությունը:

Բացի այդ, փոխնախագահ Վենսի հետ այսօր քիչ առաջ ստորագրեցինք Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին «1,2,3 կոչվող համաձայնագրի» բանակցությունների ավարտի մասին համատեղ հայտարարությունը։

Այս համաձայնագիրը նոր էջ կբացի Հայաստանի և ԱՄՆ-ի միջև խորացող էներգետիկ գործընկերության ասպարեզում, կնպաստի Հայաստանի էներգետիկ ռեսուրսների բազմազանեցմանը՝ անվտանգ ու նորարարական տեխնոլոգիաների ներգրավմամբ։

Իմ երախտագիտությունն եմ հայտնել նաև միջուկային անվտանգության ոլորտում ԱՄՆ կողմից Հայաստանին ցուցաբերված երկարամյա աջակցության համար և պատրաստակամություն եմ հայտնել է՛լ ավելի զարգացնելու ոլորտային համագործակցությունը՝ երկու երկրների համար կարևորագույն ուղղություններով։

Նշանակալի առաջընթաց ենք արձանագրել նաև ՀՀ-ԱՄՆ ռազմական և պաշտպանական գործընկերության ասպարեզում։ Ի շարունակություն երկկողմ բազմամյա անվտանգային համագործակցությանը և արդեն 3 տարի անընդմեջ շարունակվող «Արծիվ գործընկեր» զորավարժություններին՝ Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել «V-BAT» տեսակի անօդաչու թռչող սարքեր, որոնց արդյունավետությունն ապացուցվել է կիրառման հարուստ փորձով, և որոնք էականորեն նպաստելու են մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը։ Հույս եմ հայտնել, որ ԱՄՆ-ի «Արտաքին ռազմական վաճառք» ծրագրի ներքո իրականացված այս գործարքը հիմք կծառայի հետագա համագործակցությունն ընդլայնելու համար։

Արձանագրել ենք, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն նպատակադրված են զարգացնել փոխշահավետ գործընկերությունը կարևորագույն հանածոների և հազվագյուտ հանքանյութերի արդյունահանման և մատակարարման շղթաների ապահովման ուղղությամբ։

Բնականաբար անդրադարձել ենք նաև Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումներին և այդ ուղղությամբ ԱՄՆ կողմից ցուցաբերված երկարամյա աջակցության շարունակությանը, մասնավորապես, Հայաստանի պետական կառույցների հզորացման և նրանց կարողությունների զարգացման հարցերին։

Վերջինիս առնչությամբ կարևորել եմ նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կարողությունների զարգացման նպատակով Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը։

Երկուստեք ընդգծել ենք, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերություններն այսօր առավել ամուր են, քան երբևէ, և պատրաստակամություն ենք հայտնել է՛լ ավելի զարգացնել դրանք՝ ի շահ մեր ժողովուրդների։

Մեծարգո՛ պարոն փոխնախագահ,

Ցանկանում եմ վերստին ողջունել Ձեզ, Ձեր տիկնոջը, հարգելի Ուշա Վենսին և Ձեր գեղեցիկ ընտանիքին, Ձեզ ասում եմ «Բարի գալուստ Հայաստան» և մեր շնորհակալությունն եմ հայտնում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կուռ կապերն էլ ավելի զարգացնելու Ձեր պատրաստակամության համար և անձնական ներդրման համար։

Շնորհակալություն»:

Իր հերթին ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը նշել է․ «Շնորհակալություն պարոն վարչապետ։ Հիանալի է գտնվել այստեղ՝ Հայաստանում, և ես հատկապես շնորհակալ եմ, որ Դուք երկրորդ տիկնոջը անվանեցիք հարգարժան Ուշա Վենս։ Կարծում եմ՝ նա ապագայում կսպասի, որ ես նրան անվանեմ հարգարժան Ուշա Վենս։ Դուք ստեղծեցիք այս սպասումները։

Սա գեղեցիկ երկիր է։ Երկիր, որի հետ Միացյալ Նահանգների նախագահը շատ հպարտ է գործընկեր լինելու համար, Միացյալ Նահանգների նախագահը շատ հպարտ է հիանալի հարաբերություններ ունենալու համար, և ես գիտեմ, որ նախագահ Թրամփն իր լավագույն ողջույններն է հղում անձամբ Ձեզ, բայց նաև Հայաստանի ժողովրդին։

Եվ այն, ինչ նախագահ Թրամփը և վարչապետը միասին իրականացրել են, իսկապես տեսանելի է, խաղաղությունն այժմ ստեղծվում է զգուշավոր մարդկանց կողմից, այն մարդկանց կողմից, ովքեր այժմ չափազանց կենտրոնացած չեն անցյալի վրա, խաղաղությունը ստեղծվում է այն մարդկանց կողմից, ովքեր կենտրոնացած են ապագայի վրա։ Եվ քանի որ վարչապետն այդքան մեծ առաջընթաց է գրանցել, այդքան հիանալի հարաբերություններ է ունեցել և՛ ինձ, և՛ Միացյալ Նահանգների նախագահի հետ, մենք ոչ միայն խաղաղություն ենք հաստատում Հայաստանի համար, այլև միասին ստեղծում ենք իրական բարգավաճում Հայաստանի և Միացյալ Նահանգների համար։

Այն մեծ տնտեսական համագործակցությունը, որի մասին մենք այսօր հայտարարելու ենք, անհնար կլիներ առանց Ձեր առաջնորդության, առանց այն խաղաղության, որին Դուք հանձնառել եք Ձեր երկիրը, և, իհարկե, առանց Միացյալ Նահանգների նախագահի առաջնորդության։ Ես շնորհակալ եմ այս ամենի համար, քանի որ իսկապես հավատում եմ, որ այսօր երեկոյան նոր սկիզբ է նշանավորվում Հայաստանի և Միացյալ Նահանգների համար և այն գործընկերության համար, որը մեր երկրները կարող են ունենալ։

Վարչապետը հայտարարեց դրանցից մի քանիսի մասին, բայց ես ուզում եմ կրկնել, թե ինչ ենք մենք արել այստեղ և ինչի վրա ենք շարունակելու համատեղ աշխատել։ Այսպիսով, նախևառաջ, նա նշեց այս անհավանական տեխնոլոգիական գործարքի մասին. Միացյալ Նահանգները հպարտությամբ տրամադրեց մի շարք արտահանման լիցենզիաներ բարձր հզորությամբ Nvidia չիպերի վաճառքի համար։ Ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է նոր շուկաներ ամերիկացի աշխատողների և ամերիկյան բիզնեսի համար, բայց նաև նշանակում է առավել բարգավաճում Հայաստանի ժողովրդի համար։ Սրանք չիպեր են, որոնք պարզապես գոյություն չունեն աշխարհի մեծ մասում, դրանք այժմ մշակվելու են տվյալների սկաներներում, որոնք օգտագործում են այդ չիպերը, և իրականում արդեն մշակվում են վարչապետի առաջնորդության շնորհիվ, և մենք շատ ուրախ ենք համագործակցել դրա շուրջ։ Սա շատ կարևոր է ամերիկացի աշխատողների համար և կարծում եմ՝ կարևոր է նաև Հայաստանի ժողովրդի համար։

Մենք նաև շատ հպարտ ենք հայտարարել, որ մեր երկրներն ավարտել են քաղաքացիական միջուկային համագործակցության 1-2-3 համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Երբ այն ամբողջությամբ հաստատվի, դա կհարթի ճանապարհն ամերիկյան և հայկական ընկերությունների համար՝ կնքելու քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր։ Դա նշանակում է մինչև 5 միլիարդ դոլար սկզբնական ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով։

Սա դասական փոխշահավետ գործարք է թե՛ Հայաստանի, թե՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Սա նշանակում է ավելի ուժեղ էներգետիկ անվտանգություն իմ երկրի համար, և ես նաև կարծում եմ, որ դա նշանակում է ավելի ուժեղ էներգետիկ անվտանգություն Հայաստանի համար, և դա նաև կստեղծի բազմաթիվ նոր աշխատատեղեր ԱՄՆ-ում։ Սա նշանակում է փոքր մոդուլային ռեակտորներ, ամերիկյան տեխնոլոգիաները կգան այս երկիր։ Կրկին, սա այն քիչ երկրներից մեկն է, որտեղ մենք բավականաչափ վստահություն ունենք այս մակարդակում ներդրումներ կատարելու, այս տեսակի տեխնոլոգիաներ ուղարկելու հարցում, և սա տեղի է ունենում վարչապետի ղեկավարության շնորհիվ։

Ես նաև շատ հպարտ եմ խոսել TRIPP-ի մասին։ Կարծում եմ՝ լսել եք կամ ծանոթ եք TRIPP-ին՝ այն պատմական վերափոխման մասին, որն այն բերելու է տարածաշրջան։ Բայց թույլ տվեք ասել մի քանի լրացուցիչ բան։ Այն բացելու է առևտրի, տարանցման և էներգետիկ հոսքերի մի ամբողջ նոր աշխարհ այս տարածաշրջանում, և այն աննախադեպ կապեր կստեղծի Հայաստանի և նրա հարևանների միջև։ Դա հիանալի է Հայաստանի ժողովրդի բարգավաճման համար, բայց նաև կարևոր է երկարատև խաղաղության համար, քանի որ երբ դուք ստեղծում եք այս փոխկապակցված տնտեսությունները, էներգետիկ ոլորտները և այլն, դա նշանակում է, որ այս տարածաշրջանը կարող է ունենալ երկարատև խաղաղություն։ Մենք ոչ միայն ուզում ենք հաշտություն կնքել վարչապետի և նախագահի առաջնորդության ներքո, այլև նաև ուզում ենք համոզվել, որ այդ խաղաղությունը երկարատև է, և դա այն է, ինչին մենք այսօր այստեղ հասնում ենք։

Մի քանի այլ բաներ, որոնք ես կցանկանայի հայտարարել։ Կան շատ բաներ, շատ զբաղված օրակարգ է, և մենք շատ հպարտ ենք դրանով։ TRIPP հիմնադրամը մեծ մասնավոր կապիտալ կներդնի երկաթուղիների, խողովակաշարերի կառուցման գործում, և կրկնեմ, այնպիսի փոխկապակցվածության կառուցման համար, որն իրական բարգավաճում կապահովի տարածաշրջանի համար և թույլ կտա կառչած մնալ խաղաղության համաձայնագրից։

Ես նաև շատ ուրախ էի վարչապետի հետ ընդամենը մի քանի րոպե առաջ տեսնելու նոր անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաները, որոնք մենք կվաճառենք Հայաստանին։ Այո, նախագահ Թրամփը շատ լավ գիտի, որ խաղաղությունն ապահովելու լավագույն միջոցն իրական զսպման գործիքներ ունենալու մեջ է, իսկ իրական զսպման գործիքներ ունենալու լավագույն միջոցն աշխարհի լավագույն ռազմական տեխնոլոգիաների օգտագործումն է, և Միացյալ Նահանգներն ունի դա։ Եվ առաջին անգամ մենք հայտարարում ենք ռազմական տեխնոլոգիաների խոշոր վաճառքի մասին՝ 11 միլիոն դոլար արժողությամբ հետախուզական և անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաները հայերին և մեր լավ ընկեր պարոն վարչապետին։ Նա դա օգտագործելու է իր երկիրը պաշտպանելու և մեր կողմից ստեղծվող խաղաղության տևականությունն ապահովելու համար։ Դա Միացյալ Նահանգների համար նշանակում է ավելի շատ աշխատատեղեր և ավելի շատ ներդրումներ մեր սեփական պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում։

Այսպիսով, թույլ տվեք եզրափակել՝ ասելով, որ այսօր տեղի ունեցողն իսկապես պատմական է։ Ես հպարտ եմ լինել Միացյալ Նահանգների առաջին փոխնախագահը, ով այցելում է այս գեղեցիկ երկիրը, շատ ոգևորված եմ, վաղը մի փոքր ավելին կտեսնեմ, ես ոգևորված եմ այն ընթրիքով, որը մենք ունենալու ենք։ Այստեղ ես կփորձեմ շատ արագ խոսել։ Սա ամբողջ աշխարհի ամենահին քրիստոնեական երկիրն է, քրիստոնեական քաղաքակրթության և մշակույթի իսկական հիմքը։ Եվ որպես քրիստոնյա, ես գիտեմ այս երկրի նշանակությունն ամբողջ աշխարհի և այն կրոնի համար, որը մենք՝ վարչապետը և ես, կիսում ենք։ Այսպիսով, Հայաստանի ժողովուրդ և մեծ վարչապետ, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր գործընկերության համար, նախագահ Թրամփը նվիրված է այս գործընկերությանը, և ես նույնպես։ Անհամբեր սպասում ենք հաջորդ քայլը կատարելուն։ Աստված օրհնի ձեզ»։

ՀՀ վարչապետը և ԱՄՆ փոխնախագահը պատասխանել են նաև ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին:

Հետևեք մեզ՝ այստեղ

Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позиции«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона ГеворгянаАмериабанк и FMO заключили договор на 120 миллионов евро для поддержки ММСП и развития зеленого финансирования в Армении Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет позиции. Аршак КарапетянСотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координируя его журналистскую работуИнтервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака КарапетянаВ случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукАрмаис Камалов удостоен ордена Святых Апостолов День благодарности клиентам в Гюмри: IDBankЗАО «Солис», управляемое компанией Amber Capital и объединяющее портфель солнечных электростанций, выпускает облигации Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Генеральный директор Ucom Ральф Йирикян выступил на панельной дискуссии по вопросам кибербезопасности в рамках конференции RISE Powered by Silicon Mountains Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст» Люди оказались в безвыходном положении, а властям всё равно. «Паст»Западный Азербайджан — не гуманитарный проект, а реальная масштабная угроза безопасности Армении В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовВТБ (Армения) развивает телемаркетинг как современный канал дистанционного обслуживанияАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваЧем обернутся для Армении текущие выборы Круглый стол Армянского народного движения: «Западный Азербайджан или Армения: что мы выбираем?» Юнибанк запустил мгновенные переводы по номеру телефона Idram Junior — партнер первого в регионе полнометражного AI-анимационного фильма «Мгер Младший»Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевой