Վճարային տերմինալներ հափշտակած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2025 թվականի մայիսի 19-ին Գ.Մ.-ն և Մ.Ա.-ն բժշկական կենտրոնում կեղծ ահազանգ են կատարել և շտապօգնության անձնակազմի մեկնելուց հետո մուտք են գործել տվյալ բժշկական կենտրոնի ընդունարան և հափշտակել վճարային տերմինալը: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՔԿ–ից։
Այնուհետև, վերջիններս տերմինալը տեղափոխել են ընկերության տարածքի ցանկապատից դուրս և տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրելու միջոցով հասանելիություն ստանալով տերմինալի դրամապանակին՝ հափշտակել են խոշոր չափի՝ ընդհանուր 1 մլն 439 հզր 900 ՀՀ դրամ գումար և բաժանել միմյանց միջև:
Բացի այդ, Գ.Մ.-ն և Ա.Ն.-ն 2025 թվականի հունիսի 21-ին մեկ այլ բժշկական կենտրոնի հիվանդասենյակի պատուհանի բաց լինելու հանգամանքից օգտվելով, ապօրինի մուտք են գործել այնտեղ ու փոխլրացնելով միմյանց գործողությունները, վերցրել են վճարային տերմինալը և վազելով դուրս եկել հիվանդանոցից, որից հետո բժշկական կենտրոնի տարածքում տեխնիկական միջոցի գործադրմամբ վճարային տերմինալը վնասելով՝ հափշտակել են այնտեղ գտնվող 447 հզր 700 ՀՀ դրամ գումարը և դիմել փախուստի:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք զենքի գործադրմամբ ավազակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Մ.-ի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:
Նախաքննության ընթացքում Գ.Մ.-ն հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ավազակությունը), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), 253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (կողոպուտը) և 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով (գողությունը):
Գ.Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Հետևեք մեզ՝ այստեղ



