Ռուսաստանը բարձրացնում է կոշտ զգուշացումների դոզան
АНАЛИТИКАՌուսաստանյան իշխանությունները վերջին շրջանում բավական կոշտ հայտարարություններ են անում՝ զգուշացնելով ՀՀ իշխանություններին, որ նրանց վարած քաղաքականությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Ռուսաստանի ԱԳՆ Եվրոպական խնդիրների վարչության տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը հայտարարել է, թե Եվրոպական միության հետ Հայաստանի արագացված մերձեցումը բացասական հետևանքներ կունենա ինչպես Ռուսաստանի հետ նրա դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար։ Մեկնաբանելով Եվրոպական միությանը միանալու Երևանի մտադրությունը՝ նա նշել է, որ հաշվի առնելով ԵՄ-ի արագ վերափոխումը ագրեսիվ ռազմաքաղաքական դաշինքի և Ռուսաստանի հետ բախմանն ուղղված նրա ռազմավարական կուրսը, «այս կազմակերպությանը անդամակցելու Հայաստանի հետաքրքրությունը չի կարող չմտահոգել»։
«Մենք հույս ունենք, որ Հայաստանը՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ, հասկանում է Բրյուսելի հետ արագացված մերձեցման հնարավոր բացասական հետևանքները՝ ինչպես մեր դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար», – ընդգծել է Մասլեննիկովը։
Ավելին, վերջինս վստահ է, որ ԵՄ ղեկավարությունը որոշ պահի կպահանջի Հայաստանի լիակատար քաղաքական համերաշխություն, այդ թվում՝ Բրյուսելի հակառուսական կուրսի հետ։ «Որոշակի պահի Բրյուսելը սկսում է ցանկացած թեկնածու երկրից պահանջել լիակատար համերաշխություն իր արտաքին քաղաքականության հետ, որն այժմ բացահայտ հակառուսական է», – ասել է դիվանագետը՝ մեկնաբանելով Հայաստանի եվրաինտեգրման ծրագրերը։
Կրեմլի քարոզիչներ Սոլովյովի ու Դուգինի, ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովի ու խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարություններից հետո արդեն իսկ ակնհայտ էր, որ ՌԴ քաղաքականությունը Հայաստանի մասով որոշակիորեն փոխվում է, իսկ Փաշինյանի խուսանավումները սկսել են հունից հանել Մոսկվային։
Աննա Մարգարյան



