Ինչպես «մոդայիկ» դարձան լայն, ծալքավոր օձիքները և ինչու անհետացան . «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Փաստ» օրաթերթը գրում է.
Լայն, ծալքավոր օձիքները (Ruffles, Ruffs) 16-րդ և 17-րդ դարերի եվրոպական նորաձևության ամենաճանաչելի տարրերից են: Խոսքը հսկայական, խիտ օձիքի մասին է, որը կազմված էր բազմաթիվ ծալ քերից, որոնք հաճախ նմանեցրել են պարանոցի շուրջ սպիտակ «բլիթի»։
Ծալքավոր օձիքները ծագել են Իսպանիայում մոտավորապես 1550-ական թվականներին։ Սկզբում դրանք պարզապես վերնաշապիկների թեթևակի ծալքավոր օձիքներ էին, որոնք դուրս էին ցցված վերնազգեստի տակից։ Բայց ժամանակի ընթացքում ծալքերը սկսեցին դառնալ ավելի լայն և խիտ։ Նման օձիքները ծաղկում են ապրել Վերածննդի դարաշրջանում (16-րդ դար): Դրանք արագորեն ժողովրդականություն են ձեռք բերել Ֆրանսիայում, Անգլիայում, Գերմանիայում և Հոլանդիայում։ Հատկապես հայտնի են նման օձիքներով թագավորական դիմանկարները, օրինակ՝ Անգլիայի Եղիսաբեթ I թագուհու, Ֆրանսիայի Հենրի III թագավորի և այլն: Հոլանդացի բյուրգերներ Ֆրանս Հալսի և Ռեմբրանդտի նկարներում ևս հաճախ են հանդիպում նման օձիքներով մարդիկ: Այդ ոճը նախընտրելի էր արիստոկրատների և հարուստ քաղաքացիների համար, լայն ծալքավոր օձիքները դարձել էին կարգավիճակի յուրատեսակ խորհրդանիշ։ Լայն, սպիտակ և թանկարժեք ծալքերը հարստության և աշխարհիկ կյանքի նշան էին։ Ընդ որում, դրանք իրենց առավելագույն չափերի և բարդ կառուցվածքի են հասել մոտ 1600 թվականին: Որոշ օձիքներ հասնում էին 20-30 սմ, իսկ երբեմն էլ՝ ավելի մեծ լայնության՝ գլխի շուրջ ձևավորելով կլոր «պսակ»։
Ծալքավոր օձիքներ ստեղծելու համար օգտագործվում էին բարակ կտավ, բատիստ, օսլա՝ օձիքի ձևը պահելու համար, մետաղական հենարան-շրջանակներ (supportasse), հատուկ աքցաններ՝ ծալքեր ձևավորելու համար (արդուկների նախորդները):
17-րդ դարում տեղի է ունեցել ծալքավոր օձիքների օգտագործման անկում: Սկսած 1630-1640-ական թվականներից օձիքները դարձել են ավելի հարթ։ Նորաձևության զարգացումը և այդ հսկայական օձիքների անհարմարությունն է հանգեցրել դրանց անհետացմանը և փոխարինմանը հարթ ժանյակավոր օձիքներով և փողկապներով։
Նշենք, որ ծալքավոր օձիք կրելու համար անհրաժեշտ էին ծառաներ։ Այն օսլայացվում էր, չորացվում, ծալվում և արդուկվում աքցանով, և այդ գործընթացը տևում էր մի քանի ժամ։ Ընդ որում, անգամ կային հատուկ մասնագիտացված աշխատողներ՝ «օսլայացմամբ զբաղվող կանայք»: Անգլիայում նման վարպետ կանայք կոչվում էին starchers–ներ, և դա բավականին բարձր վարձատրվող աշխատանք էր: Ի դեպ, հենց Անգլիայում էլ 16րդ դարի վերջին հայտնվել էին գունավոր ծալքավոր օձիքներ (կապույտ, վարդագույն), ինչը նորաձևության սկանդալ էր առաջացրել: Արքեպիսկոպոս Ուիտգֆը փորձում էր արգելել գունավոր ծալ քավոր օձիքները՝ դրանք համարելով ոչ համեստ: Ըստ նրա, որքան պարզ և նեղ են ծալքերը, այնքան ավելի համեստ և կրոնական է մարդը։
Նշենք նաև, որ նման օձիքները դժվարություններ էին առաջացնում առօրյա կյանքում իրենց չափերի պատճառով՝ դժվար էր թեքվել, անհնար էր նորմալ ուտել, մարդիկ գլուխները շատ ուղիղ էին պահում, ինչը համարվում էր մեծամտություն:
Ներկայում ժամանակակից աշխարհում ծալ քավոր օձիքներն օգտագործվում են բարձր նորաձևության մեջ (Վիկտոր և Ռոլֆ, Ալեքսանդր Մակքուին), հանդիպում են թատերական և պատմական զգեստներում, հաճախ ցուցադրվում են Թյուդորների դարաշրջանի մասին ֆիլմերում ու նաև դարձել են նորաձևության աքսեսուար որոշ այլընտրանքային ենթամշակույթներում:
Բայց միայն այդքանը. հազիվ թե նման օձիքով փողոցով քայլող որևէ մեկին լուրջ վերաբերվեն անցորդները:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



