ՀՀԿ հայտնի նիստից մեկ տարի անց. ԲՀԿ-ն «ռեժիմ, հեռացի՛ր» չի գոռում, բայց ընդդիմադիր է
ПОЛИТИКАԻնչպես հայտնում է Past.am-ը, ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանն այսօր կայացած ասուլիսին տեղեկացրեց, որ կուսակցությունում լրջորեն պատրաստվում են 2017-ի խորհրդարանական ընտրություններին:
«Դա լինելու է անցումային ժամանակաշրջան այն կուսակցությունների համար, որոնք իրենց ուժերը կկենտրոնցնեն և կփորձեն հանրությանը ներկայանալ այս կամ այն ծրագրերով: ԲՀԿ-ն ունի ծրագրեր՝ ներքին և արտաքին քաղաքական հարցերի շուրջ»,-ընդգծեց բանախոսը:
Վահան Բաբայանը նաև հայտնեց, որ 2016թ. ԲՀԿ-ն կգումարի իր հերթական համագումարը: Սակայն,ըստ նրա, այդ հարցի շուրջ դեռ քննարկումներ չկան:
«ԲՀԿ-ն առաջին ընդդիմադիր խմբակցությունն է խորհրդարանում, և եթե չենք հայտարարում`«ռեժիմ, հեռացի՛ր», չի նշանակում, որ ընդդիմադիր չենք: Եթե կողմ ենք քվեարկում բյուջեին, չի նշանակում, որ ընդդիմադիր չենք»,- հայտարարեց Բաբայանը:
Ասուլիսի մեկ այլ բանախոս՝ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ ասաց. «Արդեն փաստ է, որ քաղաքական վերադասավորումներ են տեղի ունենում նաև իշխանական համակարգում:Մենք կունենանք նոր քաղաքական մեծամասնություն՝ նոր բովանդակությամբ և նոր ձևաչափով:
Դա նշանակում է, որ ոչ իշխանական ուժերում նույնպես մինչև 2017թ. կգնան որոշակի այլ բյուրեղացումներ: Իհարկե, ցանկալին այն է լինելու, որ դա ծրագրային և գաղափարական ընդհանրության հենքի հիման վրա արվի, այլ ոչ թե ուղղակի նախընտրական կարճաժամկետի համար լինի»:
Մելքումյանը համոզված է, որ հաջորդ ԱԺ-ում ԲՀԿ-ն պատկառելի ներկայություն կունենա: Նկատենք, որ այսօր՝ փետրվարի 12-ին, լրացավ ՀՀԿ հայտնի նիստի մեկ տարին, որից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում լուրջ վերադասավորումներ եղան և կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից:
Լևոն Փանոսյան



