Թրամփի կատաղությունը ծանր կազդի ՀՀ տնտեսության վրա
АНАЛИТИКАԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Միացյալ Նահանգները 25% մաքսատուրք կսահմանի Իրանի հետ բիզնեսով զբաղվող բոլոր երկրների համար։ Ըստ նրա՝ Իրանի հետ բիզնեսով զբաղվող ցանկացած երկիր 25% մաքսատուրք կվճարի ԱՄՆ-ի հետ բոլոր գործարքների համար։ ԱՄՆ նախագահը շեշտել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես և վերանայման ենթակա չէ։ Նախագահն այս որոշումն ընդունել է՝ հաշվի առնելով Իրանում տեղի ունեցող զանգվածային անկարգությունները, որոնք, ըստ իրանական իշխանությունների, հրահրված են հենց ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից։
Ընդ որում, մաքսատուրքի բարձրացումը մինչև 25 տոկոս առաջին հերթին վնասելու է հենց Հայաստանին։ Տասնամյակներ շարունակ Իրանի հետ թշնամական հարաբերություններ ունեցող Միացյալ Նահանգները երբևէ Հայաստանի համար խնդիրներ չի ստեղծել՝ հաշվի առնելով Հայաստանի դիրքը, ինչպես նաև Իրանի հետ առևտրատնտեսական կապերի խիստ անհրաժեշտությունը, մանավանդ որ Հայաստանը երկու կողմից շրջափակված էր Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, և այժմ Թրամփի այս խիստ որոշումը լրջորեն հարվածելու է Հայաստանի տնտեսությանը թե՛ ներկրումների, թե՛ արտահանումների մասով՝ շղթայական կերպով բարձրացնելով նաև այլ ապրանքների գները։ Հայաստանի իշխանություններն այս պարագայում պարտավոր են ամերիկյան իշխանությունների հետ համաձայնության գալ և մաքսատուրքերը կրկին իջեցնել մինչև 10%, ինչպես արվում է մյուս բոլոր երկրների պարագայում։ Ավելին, ուշագրավ է, որ այսօր առավոտյան ամերիկյան կողմը հայտարարեց, թե երեկոյան Վաշինգտոնում պետքարտուղար Մարկո Ռուբիոն կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին։
Գրեթե մեկ ժամ անց Հայաստանի արտգործնախարարությունից հաստատեցին տեղեկությունը, որ հանդիպումը կայանալու է և նախատեսվում է TRIPP-ի կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն։ Ըստ երևույթին՝ Միրզոյանին վերջին պահին են կանչել Միացյալ Նահանգներ և ինչ-որ թուղթ են պարտադրում ստորագրել։ Ցանկացած պարագայում Միրզոյանը պետք է նաև մաքսատուրքերի հարցը բարձրացնի, հակառակ դեպքում դա հենց լուրջ հարված կլինի իրենց իշխանությանը։
Լուիզա Մուրադյան



