Քաղաքական դաշտում հայտնված նոր ուժը խախտում է իշխանության հաշվարկները
ПОЛИТИКА2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հայաստանյան քաղաքական դաշտը աստիճանաբար դուրս է գալիս ձևական ակտիվության փուլից և մտնում իրական մրցակցության փուլ։
Թեև տարբեր կուսակցություններ ու քաղաքական խմբեր արդեն փորձում են դիրքավորվել, իշխանության հիմնական ուշադրությունը կենտրոնացած է մեկ ուղղությամբ՝ «Մեր Ձևով» շարժման քաղաքական հայտի վրա։ Դա պատահական չէ․ իշխանությունը հազվադեպ է այդքան ռեսուրս ուղղում այն ուժերի դեմ, որոնք չի համարում վտանգավոր։
Վերջին շաբաթների ընթացքում ակնհայտ է դարձել, որ իշխանական միջավայրում «Մեր Ձևով» շարժումը դիտարկվում է ոչ թե որպես հերթական նախաձեռնություն, այլ որպես աճող քաղաքական գործոն, որը կարող է լրջորեն փոխել ընտրական հավասարակշռությունը։ Այդ է պատճառը, որ շարժման հասցեին գործի է դրվել ակտիվ հակաքարոզչություն՝ դեռևս այն փուլում, երբ այն պաշտոնապես կուսակցություն էլ չէ։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը ՓԱՍՏ-ի հետ զրույցում անդրադարձել է նախընտրական զարգացումներին՝ առանձնացնելով նաև Սամվել Կարապետյանի թիմի հնարավորությունները առաջիկա ընտրություններում․
«Նախ ուզում եմ, որ Սամվել Կարապետյանի հարցը տարանջատենք քաղաքական հարցից, քանի որ վերջինս անօրինական է ազատազրկված և ես լիակատար աջակցությունս եմ հայտնում նրան։ Ինչ վերաբերում է «Մեր Ձևով» շարժան հնարավորություններին. Այս պահին կան ընդդիմադիր 3-4 քաղաքական ուժեր, որոնք կարող են հակակշիռ դառնալ ՔՊ-ին և դրանցից մեկը «Մեր Ձևով» շարժումն է, որը շուտով կդառնա կուսակցություն։ Հնարավորություններ, իհարկե, այս քաղաքական ուժը ունի, սակայն, ամեն ինչ կախված է թե ինչպես նրանք կօգտագործեն մի քանի կարևոր ֆակտոր։ Շատ կարևոր է թե ով կլինի նրանց վարչապետի թեկնածուն։ Պակաս կարևոր չէ, թե ինչպես նրանք կկարողանան ընդդիմադիր դաշտում հասնել համախմբման, թե ինչ ծրագիր կներկայացնեն։ Առաջին փուլի համար նրանք բավական կազմակերպչական ռեսուրսներ օգտագործել են։ Կարևոր է նաև թե ովքեր կներգրավեն նրանց թիմում, ինչպիսին կլինի ինտեգրացիան իսկ այս հարցերի պատասխանները մենք կունենանք հունվար-փետրվար ամիսներին»,- ասաց Սուրեն Սուրենյանցը ՓԱՍՏ-ի հետ զրույցում։
Սուրենյանցի այս գնահատականները հատկապես ուշագրավ են այն ֆոնին, երբ «Մեր Ձևով» շարժումը արդեն անցել է գաղափարական հայտարարությունների փուլը և սկսել է կառուցել իրական կազմակերպչական հենք։
Շարժման վերջերս անցկացված տարեվերջյան հաշվետու հավաքում ներկայացված տվյալները ցույց են տալիս, որ խոսքը ոչ թե կարճաժամկետ նախաձեռնության, այլ երկարաժամկետ քաղաքական նախագծի մասին է։
Կարճ ժամանակահատվածում շարժման շարքերին միացել է շուրջ 16000 անդամ, ձևավորվել են տասնյակ գրասենյակներ Երևանում և հանրապետության տարբեր մարզերում։ Այս ցուցանիշները բնորոշ չեն ընտրություններից առաջ արհեստականորեն ակտիվացող կառույցներին և վկայում են համակարգված աշխատանքի մասին։
Հայաստանյան քաղաքական կյանքում, որտեղ հասարակությունը խորապես հիասթափված է թե՛ իշխանությունից, թե՛ ավանդական ընդդիմությունից, նման արագ աճ գրանցող շարժման ի հայտ գալը փոխում է խաղի տրամաբանությունը։ Իսկ իշխանության նյարդային արձագանքը միայն հաստատում է, որ քաղաքական դաշտում հայտնվել է ուժ, որը դիտարկվում է որպես իրական մրցակից, ոչ թե ֆոնային դերակատար։



