Հիմա որոշակի մտավախություն ունեմ, դա ուրիշ աշխարհ է ինձ համար. Գևորգ Մարտիրոսյանը «Ֆուլ հաուս»-ի նոր հերոսն է լինելու
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Արդեն հայտնի է, որ «Ֆուլ հաուս»-ի նոր եթերաշրջանում երկու նոր հերոսներ կավելանան, որոնց կմարմնավորեն դերասանուհի Մարինկա Խաչատրյանը եւ երգիչ Գեւորգ Մարտիրոսյանը: Թե նրանց կերպարները ի՞նչ նոր զարգացումներ կմտցնեն սիթքոմում, հեռուստադիտողը կհետեւի ու կհասկանա մարտից, երբ հեռարձակվի «Ֆուլ հաուս»-ի 4-րդ եթերաշրջանը, իսկ մինչ այդ Life.panorama.am-ը զրուցել է Գեւորգ Մարտիրոսյանի հետ:
«Հրավերը ստացել եմ սիթքոմի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի՝ Մենչի, կողմից եւ մեծ սիրով համաձայնել եմ,- մեզ հետ զրույցում նշեց երգիչն ու ավելացրեց,- որպես դերասան երբեք առիթ չեմ ունեցել հանդես գալու, բայց, կարծում եմ, կստացվի: Ճիշտ է՝ տեսահոլովակներում եւս երգիչ-երգչուհիները որոշակի դերասանական հմտություններ են դրսեւորում, բայց մեկ բան է տեսահոլովակում նկրահանավելն ու դերասանական տվյալներ ցույց տալը, լրիվ ուրիշ բան է, երբ դա պետք է անես ֆիլմում, այս պարագայում՝ սիթքոմում: Հիմա որոշակի մտավախություն ունեմ, դա ուրիշ աշխարհ է ինձ համար, դեռեւս նկարահանումները չենք սկսել, բայց հուսով եմ՝ ամեն ինչ կստացվի»:
Դերասանուհի Մարինկա Խաչատրյանի հետ Գեւորգ Մարտիրոսյանն արդեն հասցրել է միեւնույն նկարահանման հրապարակում լինել, քանի որ Մարինկան Գեւորգ Մարտիրոսյանի «Հարսանիքի օրը» տեսահոլովակի հերոսուհին է եղել. «Դեռեւս չգիտեմ, թե ըստ սցենարի ինչ պետք է անի իմ հերոսը, բայց ուրախ եմ, որ դերս կզարգանա Մարինկա Խաչատրյանի հետ, ում հետ արդեն առիթ ենք ունեցել միասին նկարահանվելու»,- նկատեց Գեւորգը:
Ի դեպ, երգչի խոսքերով՝ սիթքոմի բոլոր հերոսներին էլ նա շատ լավ է ճանաչում. «Մենք բոլորս էլ նույն ոլորտից ենք, ու բոլորի հետ էլ շատ լավ ընկերական հարաբերություններ ունեմ: Կարծում եմ՝ նրանց հետո շատ ուրախ են անցնելու նկարահանումները»,- հավելեց նա:
Երգիչը խոստացավ, որ որպես դերասան ներկայանալը չի ստվերի իր՝ երգչի կարիերան.
«Ինձ համար ոչ մի վայրկյան չի դադարի երգը, ավելին ասեմ՝ շատ ծրագրեր կան առաջիկայի համար, պատրաստում ենք նոր երգեր ու տեսահոլովակներ: Խոստանում եմ՝ երգարվեստում դադար չի լինի, միայն փոքր-ինչ ծանրաբեռնված կաշխատեմ, որպեսզի համատեղեմ»,- նկատեց երգիչը:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան



