Աշխարհի բեմերից՝ Երևան. վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի սպասված վերադարձը
КУЛЬТУРАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լիբանանահայ երաժիշտ Արա Մալիկյանը Ranker պորտալի հարցումների համաձայն աշխարհի լավագույն ջութակահարներից է:
Երաժիշտը, որը երկու անգամ համերգով հանդես է եկել Երևանում, վերադառնում է նոր հույզերով, նոր ասելիքով ու նոր ծրագրով:
Մալիկյանի Intruso World Tour-ի շրջանակում կազմակերպված երևանյան համերգը տեղի կունենա փետրվարի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մալիկյանի հետ բեմում կլինեն երաժիշտներ, որոնց հետ ջութակահարը երկար ճանապարհ է անցել, հանդես եկել աշխարհի հեղինակավոր բեմերում: Նրանք են դաշնակահար Իվան «Մելոն» Լյուիսը, կոնտրաբասահար Իվան Ռուիս Մաչադոն, թմբկահար Գեորվիս Պիկո Միլանը, կիթառահար Դայան Աբադը:
Նույն երաժիշտների հետ Մալիկյանը երևանյան բեմում ելույթ է ունեցել 2023 և 2024 թվականներին՝ անմոռանալի հույզեր պարգևելով հանդիսատեսին:
Մալիկյանի Intruso ալբոմը, որը երաժիշտը կներկայացնի Հայաստանի ունկնդրին, ոչ միայն երաժշտական հետաքիքր ու բազմաբովանդակ աշխատանք է, այլև ինքնակենսագրական ու սոցիալական պատմություն։ Ալբոմում ներառված ստեղծագործությունների միջոցով Արա Մալիկյանը պատմում իր՝ այս երկրից այն երկիր տեղափոխվող մարդու կյանքը։

Արա Մալիկյանը ծնվել է Լիբանանում, սակայն երկար տարիներ ապրում և ստեղծագործում է Իսպանիայում: Նրա տաղանդը բացահայտվել է վաղ տարիքում՝ չնայած այն հանգամանքին, որ Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում երկար ժամանակ ստիպված է եղել ապրել և սովորել ռմբապաստարաններում։ Մալիկյանի առաջին մեծ համերգը կայացել է 12 տարեկանում, իսկ երկու տարի անց դիրիժոր Հանս Հերբերտ Յորիսի միջնորդությամբ գերմանական կառավարությունից կրթաթոշակ է ստացել՝ Հանովերի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցում սովորելու համար։ Մալիկյանը շարունակել է իր կրթությունը Լոնդոնի Գիլդհոլի երաժշտության և դրամայի դպրոցում, ինչպես նաև դասեր առել աշխարհահռչակ պրոֆեսորներից։ 2015-ին Մադրիդի Թագավորական թատրոնի հետ համագործակցությամբ վերաթողարկել է իր ալբոմը՝ նվիրված Իսպանիայում բնակություն հաստատելու 15-ամյակին։
Մալիկյանի վերջին տարիների խոշոր շրջագայություններից է «15»-ը, որը հանրության և քննադատների շրջանում մեծ հաջողություն է ունեցել՝ ավելի քան 175 հազար հանդիսական և ավելի քան 150 համերգ։
Հաջորդ՝ «Ջութակի անհավանական պատմությունը» ալբոմով, նա համաշխարհային շրջագայության է մեկնել այն ջութակով, որով նվագել է մոլորակի խոշորագույն քաղաքների ամենահեղինակավոր բեմահարթակներում և թատրոններում՝ Լոնդոն, Փարիզ, Հռոմ, Մոսկվա, Բուենոս Այրես, Մեխիկո Սիթի, Լիմա, Սանտյագո դե Չիլի, Պեկին, Հոնկոնգ, Ստամբուլ, Բելգրադ, Բրատիսլավա, Մադրիդ, Լիսաբոն, Բեռլին։
2019-ին Մալիկյանի Royal Garage համաշխարհային շրջագայությունը մեկնարկել է համանուն ալբոմի թողարկմամբ. նա համագործակցել է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Անդրես Կալամարոն, Էնրիկե Բունբերին և Սերժ Թանկյանը:
Արա Մալիկյանի Petit Garage շրջագայությունն էլ համաճարակի և նախորդ տուրնեի արդյունք է եղել: Այն վերածվել է դաշնամուրի և ջութակի զգացմունքայնությամբ լի շոուների, որոնք տեղի են ունեցել սահմանափակ տարողությամբ դահլիճներում։ Համերգներն անցել են մտերմիկ մթնոլորտում: Այդ համերգներով Մալիկյանը ճանապարհորդել է աշխարհով մեկ՝ Դուբայի օպերայից մինչև Մեքսիկայի Միչոական և Մադրիդի թագավորական պալատ։
Հետևեք մեզ՝ այստեղ



