Ինչպես մեծացնել «ուտող երեխա»․ սխալներ, որոնք թույլ են տալիս հայ մայրիկները
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայ ընտանիքներում երեխայի լավ ուտելը հաճախ համարվել է առողջության հիմք, իսկ ցանկության բացակայությունը՝ անհանգստության պատճառ։ Սակայն մասնագետների խոսքով՝ շատ հայ մայրիկներ, նույնիսկ ցանկանալով ամենալավը, անում են մի շարք սխալներ, որոնք կարող են հակառակ ազդեցություն ունենալ երեխայի սննդային վարքի վրա։
1. Սնունդը փոխակերպվում է «պարտադրանքի»
Շատ մայրիկներ փորձում են երեխային ուտեցնել համոզելով, սաստելով կամ նույնիսկ սպառնալով․ «Եթե չուտես, դուրս չես գա», «Կեր վերջին գդալը, որ մեծանաս»։ Մանկաբույժներն ասում են, որ նման մոտեցումը միայն նվազեցնում է երեխայի հետաքրքրությունը սննդի նկատմամբ և ապագում կարող է ձևավորել սննդի հանդեպ բացասական վերաբերմունք։
2. Մեծ չափաբաժնով ափսե
Հայ տներում ընդունված է մեծ չափաբաժիններ դնել երեխայի ափսեի մեջ։ Երբ փոքրիկը չի հասցնում ուտել, մայրիկն անհանգստանում է և սկսում պարտադրել։ Մասնագետները խորհուրդ են տալիս երեխային մատուցել փոքր բաժիններով, իսկ եթե նա դեռ սոված է՝ առաջարկել հավելում։
3. Սնունդ՝ որպես պարգև կամ հանգստացնող միջոց
«Եթե լաց չլինես, շոկոլադ կտամ» կամ «Կեր, հետո կտամ հեռախոսը»՝ այս մոտեցումները երեխայի մոտ ձևավորում են սխալ ասոցիացիա, որ սնունդը պարգև է, ոչ թե սնվելու բնական անհրաժեշտություն։ Ապագայում այդպես ավելի հեշտ է զարգանում չափից շատ ուտելու սովորություն։
4. Երեխային չի տրվում ընտրության հնարավորություն
Մայրիկները հաճախ որոշում են երեխայի փոխարեն՝ ինչ ու երբ ուտել։ Իսկ եթե նա հրաժարվում է, ենթադրում են, որ խնդիր ունի։ Իրականում կարևոր է երեխային թույլ տալ ընտրել առաջարկված առողջ տարբերակներից։ Երբ փոքրիկը զգում է, որ վերահսկում է իր ընտրությունը, ավելի հեշտ է մոտենում սննդին։
5. Սնունդը համատեղել հեռուստացույցի կամ հեռախոսի հետ
Շատ ծնողներ երեխային կերակրում են մուլտֆիլմի կամ հեռախոսի օգնությամբ՝ մտածելով, որ այսպես ավելի հեշտ է։ Սակայն մասնագետները զգուշացնում են՝ սա խանգարում է երեխային հասկանալ, թե երբ է կշտանում, և երկարաժամկետ հեռանկարում կարող է հանգեցնել չկանոնավորված սննդային վարքի։
Ինչ անել, որպեսզի երեխան ունենա սննդի հանդեպ հետաքրքրություն և առողջ սննդային վարք
-
Պատրաստել ճաշացանկ, որտեղ կան տարբերություններ և գույնզգույն ընտրություններ։
-
Սեղանի շուրջ ստեղծել հանգիստ միջավայր՝ առանց շտապեցնելու։
-
Տալ փոքր բաժիններ և թույլ տալ ուտել ինքնուրույն։
-
Երեխայի մոտ հետաքրքրություն ձևավորել՝ ներգրավելով նրան սննդի պատրաստման գործընթացում։
-
Սնունդը չօգտագործել որպես պարգև ։
Մասնագետները հիշեցնում են՝ «ուտող» երեխան չի ստեղծվում մեկ օրում։ Դա ձևավորվում է առողջ միջավայրում, ջերմ վերաբերմունքով և ծնողի համբերատարությամբ։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։
Հետևեք մեզ՝ այստեղ



