ԿԳՄՍՆ-ում խռովություն է հասունանում
АНАЛИТИКАՀայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նոր խնդրի առջև է կանգնել։ Մեր տեղեկություններով՝ նախարարության բյուջեն վաղուց սպառվել է, քանի որ այնքան պարգևավճարներ են տվել իրենք իրենց, նաև կրթության ոլորտի տարբեր ներկայացուցիչների, հատկապես ՏԻՄ ընտրություններից առաջ խրախուսելու համար, որ դեկտեմբերի սկզբին նախարարությունը կանգնել է ֆինանսական խնդիրների առջև։
Նշենք, որ հենց ԿԳՄՍՆ-ի միջոցներով է օգտագործվել վարչական ռեսուրսի մի մասը՝ կրթական համակարգը, մանկապարտեզները, դպրոցները մոբիլիզացնելու, դրանք հանուն «Քաղպայմանագրի» օգտագործելու նպատակով։ Այժմ նախարարությունը փողի այնպիսի պակաս ունի, որ պետք է որոշ դեպքերում դիմի կառավարությանը, որպեսզի գործադիրի որոշմամբ առանձին գումար դուրս գրեն, որպեսզի կարողանան փակել բյուջետային դեֆիցիտը։ Հատկապես դեֆիցիտը ազդելու է ուսումնարանների և քոլեջների վրա, որտեղ չեն կարողանում աշխատավարձեր վճարել։ Նոր տարվան ընդառաջ այդ ուսումնարաններում ու քոլեջներում մեծ բունտ է հասունանում։
Մարդիկ այս օրերին աշխատավարձ չեն ստանում, հայտնի էլ չէ, թե երբ կստանան, թեպետ տեղական պաշտոնյաներն ու նախարարությունից հավաստիացնում են, որ մի քանի օրվա ընթացքում այդ գումարները վճարվելու են։ Ստեղծված իրավիճակը հերթական անգամ լուրջ խնդիրներ է հարուցել նախարար Ժաննա Անդրեասյանի համար, ում դիրքերն առանց այն էլ «Քաղպայմանագրում» լրջորեն խարխլված են։ ՔՊ-ում դժգոհ են, որ նախարարը իր տեղակալների հետ հաջողացրել է «ուտել» նախարարության բյուջեի գլուխը։
Շատերն էլ առաջարկում են գումարներ չվճարել, բայց դեռ հասկանում են, որ այդ բունտը ազդելու է ոչ թե հենց նախարարի, այլ «Քաղպայմանագրի» վարկանիշի վրա։
Աննա Մարգարյան



