«Քաղպայմանագրում» հաշիվ են պահանջում Փաշինյանի պատարագին չներկայացածներից
АНАЛИТИКА«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում իրավիճակը բավականին լրջորեն սրվել է։ Մեր տեղեկություններով՝ օրերս նախաձեռնող խմբի ընդլայնված կազմով քննարկմանը Փաշինյանն անձամբ է հաշիվ պահանջել կուսակիցներից, թե ինչու անհրաժեշտ չափով չեն մասնակցում իր կիրակնօրյա պատարագներին։ Մարդկանց անհրաժեշտ բազմություն չեն ապահովում, ինչի արդյունքում ԶԼՄ-ները ծաղրում են գործող իշխանություններին՝ հակաեկեղեցական արշավում ձախողվելու մեջ։
Ընդ որում, Փաշինյանն անձամբ ցուցակ է ունեցել, թե ում է հանձնարարված եղել ներկայանալու պատարագին, բայց չի ներկայացել։ Ցուցակ կազմելու գործով անձամբ զբաղվում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ով գրում է, թե ովքեր են ներկա եղել և որքան մարդ են իրենց հետ բերել։ ՔՊ-ականների համար շոկ է եղել, որ Փաշինյանն այդքան լավ տեղեկացված է եղել իրենց գործողություններից կամ, ավելի շուտ, անգործությունից։ Խոստացել են, որ հաջորդ պատարագներին կներկայանան ողջ կազմով, բայց և հենց երեկ Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցած պատարագը իր սակավամարդությամբ հերթական անգամ գազազեցրել է Փաշինյանին, ով պատարագից վերադառնալով կրկին հավաքել է կուսակիցներին և պահանջել նոր ցուցակներ՝ նշելով, թե իր հանձնարարությունները չկատարողները չեն հայտնվելու խորհրդարանական ընտրությունների ընտրական ցուցակներում։
Մի քանի քպականներ ի սկզբանե Փաշինյանին տեղեկացրել էին, որ չեն կարողանա մասնակցել կամ շատ ավելի կարևոր կուսակցական գործերով զբաղված են լինելու։ Վերջիններիս հետ կապված Փաշինյանը խնդիր չունի, բայց հատկապես կանանց նկատմամբ զայրացած է, քանի որ պատարագին ընդամենը 5-6 կին պատգամավոր է եղել։ Եվ Փաշինյանը կրկին հանձնարարել է բոլորին ցուցակագրել, մանրամասն ներկայացնել, թե ովքեր երբ են եկել պատարագի, և ըստ այդ ցուցակների էլ ապահովել ներկայացվածությունը ընտրական ցուցակում։ Նա խստորեն զգուշացրել է, որ հաջորդ անգամ չներկայանալու դեպքում այլևս որևէ ներում չի լինելու։
Կարեն Մուրադյան



