Դպրոցներում կարանտին կհայտարարվի՞. ի՞նչ են մտածում ԿԳՄՍՆ-ում
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վերջին օրերին Հայաստանում վիրուսային ֆոնը զգալիորեն աճել է։ Հիվանդանում են ոչ միայն դպրոցականները, այլև մեծահասակները, իսկ կրթական հաստատություններում իրավիճակը հատկապես լարված է։
Դպրոցներից ստացվող տվյալներով՝ շատ դասարաններում բացակայողների թիվը հասնում է աննախադեպ չափերի։ Որոշ դասարաններում գրեթե կեսից ավելին բացակայում են հենց առողջական խնդիրների պատճառով։
MediaHub-ին դիմած ծնողները պատմում են, որ մտահոգությունը օրեցօր մեծանում է։
«Դպրոցներում հիմա ահավոր վիճակ է։ Երեխաները մեկը մյուսին են վարակում։ Մեր խնդրանքը մի հատ է՝ թող թույլ տան, որ երեխաները լիովին լավանան ու նոր վերադառնան դպրոց, ոչ թե նոր լավացած գնան ու նորից վարակվեն», — MediaHub-ի հետ զրույցում ասաց ծնողներից մեկը։
Մեկ այլ ծնող հավելեց. «Ամբողջ դասարանով արդեն երրորդ անգամ ենք հիվանդանում։ Չգիտենք՝ ինչ անել։ Ծնողները հիմա շատ անհանգիստ են, բոլորը հարցնում են՝ կարո՞ղ է կարանտին հայտարարեն, որ վիճակը մի քիչ կայունանա»։
Ծնողների այս մտահոգություններին արձագանքելով՝ MediaHub-ը դիմեց ԿԳՄՍ նախարարությանը՝ հասկանալու համար, թե արդյո՞ք քննարկվում է դպրոցներում կարանտին հայտարարելու հարցը, սակայն, ԿԳՄՍՆ-ից նշեցին, որ այս պահին նման հարց բարձրացված չէ։
Հիշեցնենք, որ MediaHub-ը գրել էր՝ 2025թ․ 47-րդ շաբաթվա (17-23.11.2025թթ) ընթացքում ՀՀ-ում նկատվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվություն: 2025թ․ 47-րդ շաբաթվա ընթացքում առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ ՍՇՎ-ով պայմանավորված դիմել են 7205 պացիենտ, որից 80.8%-ը արձանագրվել է 0-18 տարեկանների շրջանում:
Առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ նշված ժամանակահատվածում թոքաբորբերով պայմանավորված դիմել է 571 պացիենտ, որից 71․1%-ը կազմում են 0-18 տարեկանները։ նոյեմբերի 25-ի դրությամբ ՀՀ բժշկական կենտրոններում սուր շնչառական վարակներով պայմանավորված հոսպիտալացված է թվով 525 պացիենտ, որից 94․5%-ը կազմում են 0-18 տարեկանները։ Թոքաբորբով պայմանավորված հոսպիտալացված է 288 պացիենտ, որից 63․2%-ը կազմում են 0-18 տարեկան երեխաները։ Սուր շնչառական վարակներով, ծանր սուր շնչառական վարակներով և թոքաբորբով վերակենդանացման բաժանմունքներում հոսպիտալացված է 36 պացիենտ։ Հոսպիտալացվածներից 75%-ը կազմում են 0-18 տարեկան երեխաները։
Մարիաննա Արամյան
Հետևեք մեզ՝ այստեղ



