Վաշինգտոնի համաձայնագիրը, ներքաղաքական ճնշումները և տնտեսական ռիսկերը. ինչի առաջ է կանգնած Հայաստանը
ИНТЕРВЬЮՓԱՍՏ-ը զրուցել է քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ՝ հասկանալու, թե ինչ իրական հետևանքներ կարող են ունենալ Վաշինգտոնի համաձայնագիրը, ներքաղաքական զարգացումները և վերջին տնտեսական որոշումները Հայաստանի համար։
Քաղաքագետը նշում է, որ համաձայնագրի շուրջ ստեղծված ուրախությունը իրականում բնութագրական չէ Հայաստանին։ «Էյֆորիան Հայաստանի թշնամիների մոտ է, և այն դեռ չի անցել»,- ասում է նա։ Ենոքյանի համոզմամբ՝ համաձայնագիրը ներկայացվել է ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի, Թուրքիայի և արտաքին ուժերի շահերից ելնելով։ Նա ընդգծում է, որ այս փաստաթղթից շահում են բոլորը, բացի Հայաստանից ու հայ ժողովրդից։
Վտանգի հիմնական շերտերից մեկը, ըստ քաղաքագետի, տարածքային ուսումնասիրությունն է։ Վերջին զարգացումները, այդ թվում՝ Ղազախստանի ցորենի միջոցով բացահայտված հացահատիկային ճանապարհը, ցույց են տվել, որ Հայաստանը կապ ունի աշխարհի հետ իր երկաթուղիներով և դրա համար պարտադիր չէ զիջել որևէ միջանցք։ «Այդ միջանցքն ավելի շատ պետք է Ադրբեջանին ու Թուրքիային, ոչ թե Հայաստանին»,-ընդգծում է նա։
Ավելի մտահոգիչ է վարչապետի մի վերջին հայտարարությունը, ըստ որի՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը չի սահմանափակվելու միայն Մեղրիով անցնող ճանապարհով։ Այն կարող է ներառել խողովակաշարեր, էլեկտրական գծեր և ենթակառուցվածքների մեծ շերտ՝ դուրս բերելով այդ տարածքները Հայաստանի վերահսկողությունից։ «Սա ինքնիշխանության կորուստ է, ոչ թե տնտեսական հնարավորություն»,-շեշտում է Ենոքյանը։
Ներքաղաքական վիճակին անդրադառնալով՝ նա նշում է, որ իշխանությունը մտել է նախընտրական փուլ, և դա ուղեկցվում է ճնշումներով ու նոր հետապնդումներով։ Թիրախում են քաղաքական գործիչները, եկեղեցին, մեծահարուստները և լրագրողները։ «Շատերը կամ բանտում են, կամ երկրից դուրս, կամ դատական արգելքների տակ։ Ասում են, որ հիմա նախնական կալանքի տակ գտնվողների թիվն ավելի մեծ է, քան դատապարտյալների թիվը», - նշում է նա։
Քաղաքագետի կարծիքով՝ այս իրավիճակը դեռ սրվելու է։ «Եթե Նիկոլն ընտրել է ճնշումների ուղին, ապա նա ստիպված է դրանք շարունակել մինչև ընտրությունների օրը։ Բայց բանտերում տեղ չի լինելու, հետևաբար պետք է կամ ազատել ծանր հանցագործներին, կամ նոր կալանավայրեր կառուցել, կամ անցկացնել արտահերթ ընտրություններ»,-ասում է Ենոքյանը։
Տնտեսական հարվածների շարքում առանձնանում է Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգումը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լիցենզիայի դադարեցումը։ Ըստ քաղաքագետի՝ սա ոչ թե առանձին գործարարի դեմ քայլ է, այլ ամբողջ ներդրումային միջավայրի քայքայում։ «Եթե պետությունը կարող է մի օրում խլել ներդրումներ կատարած ընկերությունը և կալանքի տակ պահել ձեռնարկատիրոջը, դա ուղերձ է բոլոր ներդրողներին՝ այստեղ անվտանգ չի», - նշում է նա։
Այս ամենը, Ենոքյանի գնահատմամբ, ծանր հարված է նաև Հայաստանի միջազգային հեղինակությանը։ «Երկիրը, որը քանդում է սեփական տնտեսության հիմքերը և վախեցնում է ներդրողներին, դառնում է անվստահելի գործընկեր»,-եզրափակում է նա։
Ակնհայտ է, որ արտաքին վտանգները, ներքաղաքական ճնշումները և տնտեսական խնդիրները միացել են մեկ շղթայի մեջ, որը չի ծառայում Հայաստանի շահերին։



