Արտաշես Գեղամյանը ողջունում է ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը
ПОЛИТИКАԱզգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը ողջունում է ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը: Փետրվարի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը Գեղամյանն ընդգծեց, որ այն փոթորկահույզ ու ծանր վիճակում, որում հայտնվել է աշխարհը, յուրաքանչյուր քաղաքական ուժի մտավոր կարողությունները պետք է հնարավորինս լիարժեք օգտագործվեն: «Հայ Հեղափոխական Դա շնակցությունը, բացի փորձառություն ունենալուց, նաև ունի կադրային ռեսուրս, ուստի ես ճիշտ եմ համարում, որ նախագահ Սարգսյանն առաջիկայում նրանց գործնականորեն կներգրավի երկրի կառավարման գործում»,- ընդգծեց Գեղամյանը:
Նա հավելեց, որ այդ ամենին դրական վերաբերմունք ունի՝ հավելելով, որ այդ միությունը կրկնակի պարտավորեցնող կլինի թե՛ ՀՀԿ-ի, թե՛ ՀՅԴ-ի, թե՛ մնացած բոլորի համար: «Չմոռանանք, որ «Սահմանադրական իրավունքմիությունը», «Ազգային միաբանություն» կուսակցությունը և Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունը նույնպես դաշնակցում են Հանրապետականի հետ: Մենք մեզ համար պատիվ ենք համարում հանուն երկրի ուժերի և գիտելիքների համատեղման եղանակով աշխատելու հնարավորությունը»,- նշեց Արտաշես Գեղամյանը:
Հարցին, թե չի՞ կարծում, որ իշխանությունները ՀՅԴ-ի հետ կոալիցիա են կազմում զուտ պատասխանատվությունից խուսափելու առումով, Գեղամյանը պատասխանեց. «Ես բացարձակապես այդ կարծիքին չեմ: Ես ժամանակին ինքս եղել եմ խիստ ընդդիմախոսը Հանրապետական կուսակցության կողմից վարվող տնտեսական քաղաքականության հարցում, սակայն մի հարցում կարող եմ ասել, որ այն եզակի կուսակցություն է, որ կարողանում է իր վրա վերցնել ուրիշների ձախողումները»:
Լրացնող հարցին՝ ՀՀԿ-ն ո՞ր քաղաքական ուժերի ձախողումներն է իր վրա վերցրել, Արտաշես Գեղամյանն ասաց. «Եթե այսօր ամեն վատի համար քննադատվում է Հանրապետական կուսակցությունը, իսկ Հանրապետականի ոչ մի պատասխանատու երբեք չի ասել, որ իրենք դաշինք են ունեցել ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի հետ, քանի որ եթե կան թերություններ, դրանց համար պետք է հավասարապես պատասխան տան այն կուսակցությունները, որոնք դաշնակից են եղել: Խոսքը սրա մասին է, որ ՀՀԿ-ում երբեք չեն մատնանշել որևէ այլ կուսակցության: Այս տեսակետից ես արժանավայել եմ համարում Հանրապետականի կեցվածքը»:



