«Իրավունք» թերթը Արտաշես Գեղամյանին ճանաչել է միջազգային ասպարեզում հանդես եկող լավագույն հայ պատգամավոր
ОБЩЕСТВОԱզգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը «Իրավունք» թերթի կողմից ճանաչվել է միջազգային ասպարեզում հանդես եկող լավագույն հայ պատգամավոր:
«Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանն ընդգծեց, որ Արտաշես Գեղամյանը թերթի կողմից պարգևատրվել է միջխորհրդարանական կազմակերպությունների նիստերի ընթացքում, ինչպես նաև թշնամական պետությունների մայրաքաղաքներում Հայաստանի շահերը լավագույնս ներկայացնելու համար: «Թե ինչպես է նա ներկայացրել Հայաստանի շահերը միջազգային կազմակերպություններում, բոլորս էլ գիտենք, մեր թերթի էջերում էլ պարոն Գեղամյանի ելույթները հրապարակվել են»,- ընդգծեց Գալաջյանը:
Արտաշես Գեղամյանն իր խոսքում առաջին հերթին շնորհակալություն հայտնեց «Իրավունք» թերթին, «Արմենպրես»-ին, «Հայոց աշխարհ»-ին՝ դրսի իր բոլոր ելույթները, ինչպես նաև հեղինակած հոդվածները բարեխիղճ կերպով լուսաբանելու համար: «Սա ինձ պարտավորեցնող պարգև է, բայց, միևնույն ժամանակ, ինձ համար շատ թանկ է այն պարզ պատճառով, որ անցած 2-3 տարիների ընթացքում առիթ է եղել հանդես գալ ոչ թե տաքուկ լսարաններում, այլ Ստամբուլում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ժամանակ, ունենալ շատ խիստ, անգամ՝ խիստ վտանգավոր ելույթներ: Ես Ստամբուլում 7-8 ելույթ եմ ունեցել և հավատացնում եմ, որ այն, ինչ մենք ասում ենք բոլոր լսարաններում, նույնը ես այնտեղ ասել եմ, ինչն իր ազդեցությունը թողել է: Ես առիթ եմ ունեցել հանդես գալ նաև Բաքվում, իսկ այնտեղ 13 ելույթ եմ ունեցել, որոնք եղել են արձագանք ցանկացած ոտնձգության Ադրբեջանի և Թուրքիայի և նրանց սատարող ուժերի կողմից»,- եզրափակեց Գեղամյանը:



