Փաշինյանը հասկացավ, որ իրեն նզովում են Եռաբլուրում․ Խաչիկ Մանուկյան
АНАЛИТИКАՆիկոլ Փաշինյանը հասկացավ, որ իրեն նզովում են Եռաբլուրում։ Լրագրողների հետ զրույցում ասել է 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Վաչագան Մանուկյանի հայրը՝ գրող, հրապարակախոս և հանրային գործիչ Խաչիկ Մանուկյանը՝ անդրադառնալով հարցին, որ Նիկոլ Փաշինյանը 2021 թվականից հետո այլևս նոյեմբերի 9-ին չի այցելում Եռաբլուր։
Նրա խոսքով՝ Փաշինյանը հասկացել է, որ չի կարող լինել այնտեղ, որի հեղինակը ինքն է։ «Այս արյունոտ էջի հեղինակը ինքն է։ Նա հասկանում է, որ ներում չի ունենալու այս հարցում․ այն ամենը, ինչը տեղի է ունեցել ռազմադաշտում, իր անկարողությունն ու ամլությունն է ցույց տալիս։ Ծնողներից որևէ մեկը չի կարող հանդուրժել, որ այս անկարողն իրենց հերոս զավակներին ղեկավարելով՝ տարավ ու հասցրեց այս օրվան։ Նրանք իսկապես լուրջ գործողություններ էին կատարել, բայց հաղթություն կրողը չէին սրանք․ սրանք պարտություն կրողներն են, Ցռան Վերգոյի շառավիղն են»,– ասել է Վաղարշապատ համայնքում «Հայրենիք» կուսակցությունից քաղաքապետի թեկնածուն։
Փաշինյանական իշխանությունները հայտարարում են, թե Վաղարշապատի ընտրություններում 50 տոկոսից ավելի ձայն են ստանալու։ «Ուրեմն ստացվում է, որ Ալիևը ճիշտ գնահատական էր տվել, որ Հայաստանի հասարակությունը հիվանդ է։ Եթե նա վերարտադրվում է՝ ուրեմն պետություն ունենալու իրավունք չունենք, մենք ազգ կոչվելու իրավունք չունենք։ Եթե մենք համակերպվում ենք նրանց հետ, ովքեր ծաղրում են մեր ինքնությունը, մեր արժեքները․․․ Կառավարության անդամները հայտարարում են, որ ազգային իղձ ու երազանք չունեն։ Դրանք եկել են այստեղ, ի՞նչ անեն՝ թող գնան իրենց թուրքական իղձն ու երազանքը կատարեն, բայց ոչ մեր երկրում, թեպետ դա կատարում են։ Բայց ես զարմանում եմ մեր ժողովրդի վրա, ես զարմանում եմ, որ այսքան տևական անհաջողությունները, արյունոտ էջերը տեսնելուց հետո դեռ շարունակում է հավատալ սրանց ստին, կեղծիքին»,– ասել է Խաչիկ Մանուկյանը։
Տաթևիկ Ստեփանյան



