ԱրարատԲանկը` «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավոր
СПОРТ«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲ ընկերությունը հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին։ Նոյեմբերի 4-ին՝ ակումբի մարզաբազայում, կայացել է պաշտոնական ստորագրման արարողությունը, որի արդյունքում ԱրարատԲանկը դարձել է ակումբի տիտղոսային հովանավորը։
«Մենք ուրախ ենք սկսել համագործակցությունը ԱրարատԲանկի հետ՝ գործընկեր, որը կիսում է մեր արժեքներն ու տեսլականը։ Մեզ համար սա պարզապես հովանավորություն չէ, այլ մարդկանց միություն, որոնք հավատում են Հայաստանին և նրա ապագային։ Մեր համագործակցության տրամաբանությունը հենց դրանում է կայանում։ Միասին դեպի նոր հաղթանակներ»,- նշել է «Ուրարտու» ՖԱ Գլխավոր տնօրեն Դավիթ Շախբագյանը:
Այս համագործակցությունը նոր էջ է բացում ԱրարատԲանկի և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի պատմության մեջ՝ վերջինիս համար ապահովելով լրացուցիչ ռեսուրսներ ենթակառուցվածքների զարգացման, ակադեմիայի կատարելագործման և սոցիալական ծրագրերի իրականացման համար։
«Ուրարտու» ՖԱ-ն Հայաստանի կրկնակի չեմպիոն է և քառակի գավաթակիր։ 2022/2023 մրցաշրջանում թիմը հասավ պատմական նվաճման՝ ձևակերպելով «ոսկե դուբլ»՝ հաղթելով երկու հիմնական ազգային տիտղոսները։
Այսօր թիմը շարունակում է հաջողությամբ հանդես գալ ազգային մրցաշարերում և ներկայացնում է Հայաստանը եվրոպական ասպարեզում՝ կերտելով նոր սերնդի տաղանդավոր հայ ֆուտբոլիստներ։
«ԱրարատԲանկը, մշտապես պահպանելով իր արժեքները, թիմային ոգով և միասին է հաղթահարում բոլոր մարտահրավերները։ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը ևս շատ մեծ և շնորհակալ աշխատանք է կատարել։ Փորձելու ենք մեր նպատակները, ցանկությունները, հաղթանակներին միտված բոլոր ջանքերը մեկտեղել և ունենալ հաջողություններ։ Վստահ ենք, որ նոր գործընկերությունը կբերի նոր վերելքներ երկու կողմերին՝ ֆուտբոլային տոն և անմոռաց պահեր նվիրելով թիմին և նրա երկրպագուներին»,- նշել է ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։
Հովանավորության պայմանագրի ստորագրումից հետո առաջին պաշտոնական հանդիպումը կկայանա Fastex Պրեմիեր լիգայի շրջանակում՝ «Արարատ-Արմենիա» թիմի հետ նոյեմբերի 8-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում։ Այդ օրը թիմը դաշտ դուրս կգա նոր խաղաշապիկով՝ ԱրարատԲանկի տարբերանշանով։ Հանդիպումը ակումբի պատմության մեջ կբացի նոր էջ՝ հնարավորությունների, զարգացման և մեծ նպատակների, իսկ ԱրարատԲանկը այսուհետ ֆուտբոլային ակումբի կողքին է՝ աջակցելով հայկական ֆուտբոլի զարգացմանը։



