Հրանտ Թոխատյանը երկար դադարից հետո վերադարձել է բեմ
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դերասան Հրանտ Թոխատյանը տևական դադարից հետո կրկին բեմում է։ Նրա վերադարձը նշանավորվում է ռեժիսոր Արթուր Սահակյանի «Առաքել» ներկայացմամբ, որտեղ նրա խաղընկերն է Սամվել Թոփալյանը: Սիրված դերասանը, առողջական խնդիրների պատճառով, տևական շրջան ստիպված էր դադարեցնել ստեղծագործական աշխատանքը, սակայն ապաքինումից հետո սեպտեմբերից վերադարձել է բեմ՝ լի նոր ուժով և ոգով։
«Առաքել»-ի հանդիսատեսն առաջին իսկ վայրկյաններից ջերմորեն դիմավորեց Թոխատյանին, ում դերասանական վարպետությունը միաժամանակ հուզեց և ծիծաղ պարգևեց բոլորին։

Ներկայացման թեման արդիական է։ Պիեսի հեղինակը Գևորգ Ալթունյանն է, իսկ ստեղծագործությունը ծնվել է 44-օրյա պատերազմից հետո՝ որպես խորը մտորում հայրենիքի, արժանապատվության և ապրելու կամքի շուրջ։ «Առաքել»-ը ներկայացնում է մարդու դրաման, ով կյանքի ու մահվան սահմանագծին է, անցել է հանձնվելու կետով, պատրաստ է հրաժարվել ամեն ինչից, բայց հանդիպում է այն ուժին, որը կարող է նրան վերադարձնել պայքարելու ու ապրելու ցանկությունը։

Դերասան Սամվել Թոփալյանը մարմնավորում է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Տիգրան Մխիթարյանին, ով պատերազմից հետո մտածում է կյանքին վերջ տալու մասին, սակայն նրա կյանքում հայնտվում է Հրանտ Թոխատյանի հերոսը՝ Առաքելը, ով հարցնում է՝ «Մի՞թե դու հանձնվում ես, մի՞թե պայքարելու փոխարեն պետք է կախվես»:

Ներկայացման ընթացքում հնչում է գլխավոր հարցը՝ ո՞վ է Առաքելը և ո՞վ է իր տերը, իսկ պատասխանը Թոխատյանն է տալիս բեմից՝ «Այսքան տարի մենք սպասում ենք, որ մեկը գա ու մեզ փրկի։ Բայց իրականում մենք ինքներս պետք է դառնանք մեր փրկությունը։ Երբ հասկանանք, որ մեր ուժը մեր միասնության մեջ է, կյանքն էլ, պայքարն էլ ավելի հեշտ կդառնան»։ Թոխատյանը նշում է, որ «Առաքել»-ը ոչ միայն պատմություն է պատերազմի հետևանքների մասին, այլև հայ հասարակության հոգեբանական, սոցիալական ու արժեքային վերափոխման մասին.
«Ներկայացումը մեր մասին է՝ մեր օրերի խմորումների, խնդիրների ու իրականության մասին»։ «Առաքել» ներկայացումը կրկին բեմում կլինի նոյեմբերի 6-ին՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիային պետական թատրոնում:
















