Դիմանկարի ուրվագիծ. Սերգեյ Մերգելյան
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այս կամ այն բնագավառում անուրանալի ներդրում ունեցած հայտնի ու տաղանդավոր մարդկանց մասին մենք սովոր ենք խոսել միայն գերադրական մակդիրներով՝ վեհացնելով, փառաբանելով, բայց և, միևնույն ժամանակ, դիմազրկելով նրանց... Այնինչ նրանք կենդանի մարդիկ են՝ իրենց թռիչքներով և անկումներով, իրենց տարօրինակություններով և «պահարանի կմախքներով», իրենց մոլորություններով և սխալներով՝ ներելի կամ ոչ․․․
Մեր նպատակը հարգանքի տուրք մատուցելն է մարդո՛ւն, այլ ոչ պատվանդանի հուշարձանին
Կյանքի վերջին օրերը նա ապրեց ԱՄՆ-ում, թեև երբեք այլախոհ չէր եղել։ Չնայած գնդակահարված պապին, աքսորին, մանկության տարիների ծանր հիվանդությանը՝ նա շնորհակալ էր Խորհրդային Միությանը՝ ընձեռած հնարավորությունների համար։ «Մենք շատ ենք այդ հարցը քննարկել, և ես հստակ ասում եմ՝ իր մեջ այլախոհություն բացարձակապես չկար։ Նա շատ կշռադատված դիրքորոշում ուներ։ Առաջին հերթին գնահատում էր այն, որ իրեն այդպիսի հզոր սոցիալական վերելակ էր տրվել։ Դեռ ստալինյան վարչակարգի օրոք, 1952 թվականին, նա դարձավ Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր, հրավիրվեց Կրեմլի Համագումարների պալատ՝ Ստալինի 70-ամյակի հոբելյանին»,- պատմում է կրտսեր որդին։ Երբ ավագ որդին մեկնեց ԱՄՆ, նա ընկերներին ասել էր՝ «сбылась мечта дурака», բայց, ի վերջո, ինքն էլ գնաց նրա մոտ՝ հարմարավետության և բարեկեցության հետևից, երբ Հայաստանում և Ռուսաստանում 90-ական թվականներին դժվար ժամանակներ էին։ «Դա պրագմատիկ որոշում էր՝ կյանքի պայմանները բարելավելու համար։ Դեր խաղաց նաև ԱՄՆ-ում թոշակ ստանալու հեռանկարը, ավելի լավ բժշկական սպասարկումը»,- ասում է Մերգելյանի որդին։
Այսօր Երևանում բոլորը գիտեն նրա անունը՝ որպես ինստիտուտ։ Ինչպես Մայակովսկու Նետտեն՝ շոգենավը և մարդը։ Մերգելյանը՝ ինստիտուտ։ Բայց ասում են, որ մաթեմատիկոս Ջրբաշյանը «ծանր էր տանում», երբ իր ներկայությամբ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտն անվանում էին Մերգելյանի անունով։
Ինստիտուտը մինչ օրս պաշտոնապես չի անվանակոչվել Սերգեյ Մերգելյանի անվամբ։ ԵՐՄՄԳՀԻ-ն փոխանցվել է Ռուսաստանին՝ «Գույք պարտքի դիմաց» ծրագրով։ Իսկ փաստաթղթերը՝ ինստիտուտը պաշտոնապես անվանակոչելու համար այն անունով, որով այն հայտնի է ժողովրդի մեջ, անդադար երթեևեկում են Երևանի ու Մոսկվայի միջև։
Մարդ, ով քսանամյակի շեմին հայտնվեց փառքի գագաթնակետին։ Ամենաերիտասարդ գիտությունների դոկտորը (20 տարեկան) և ԽՍՀՄ ԳԱ ամենաերիտասարդ թղթակից անդամը (24 տարեկան): Բորիս Պաստեռնակը նրան հանպատրաստից բանաստեղծություններ է նվիրել, իսկ Եվգենի Եվտուշենկոն նվիրել է իր բանաստեղծություններից մի հատոր՝ գրառմամբ՝ «Սիրելի Սերյոժա Մերգելյանին։ Ինձ թվում է՝ մենք իրար հասկանում ենք կես խոսքից»։ Նա շախմատ էր խաղում աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հետ, զրուցում երաժշտության մասին աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հետ, մտերիմ էր Մարիետա Շահինյանի հետ։

Վունդերկինդ, ում ուղարկում էին արտերկիր՝ ցույց տալու, թե ինչպես է Խորհրդային իշխանությունը ճանապարհ բացում տաղանդավոր երիտասարդների համար։ Իտալիայի հայկական սփյուռքը իր համար կազմակերպել էր հանդիպում՝ մեկ այլ երիտասարդ տաղանդավոր մաթեմատիկոսի՝ ամերիկահայ Փոլ Կարապետյանի հետ, որից հետո հայ ժողովուրդը հպարտությամբ իրեն համարում էր «աշխարհի ամենախելացի ազգը»։ Ի վերջո, երկու հակադիր գերտերություններում այն ժամանակվա ամենահայտնի երիտասարդ մաթեմատիկոսները հայեր էին։
Անշուշտ, մաթեմատիկայում հանճարեղ մարդ, ով, ավաղ, չթողեց իրենից հետո կայացած գիտական դպրոց, ինչպես դա արեցին նրա այլ հայտնի ժամանակակիցները՝ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը, ֆիզիկոսներ Արտեմ Ալիխանյանը, Միքայել Տեր-Միքայելյանը։ Թեպետ աշակերտներ, քիչ, բայց ուներ, և նրանք մեծ հաջողությունների հասան։ Անդրեյ Գոնչարը ԽՍՀՄ ԳԱ Մաթեմաթիկական բաժանմունքի ակադենիկոս քարտուղարն էր, իսկ Սոս Աղայանն այսօր ԱՄՆ Սան-Անտոնիոյի համալսարանի պատվավոր դոկտոր է։ Աղայանն ասում է, որ հենց Սերգեյ Մերգելյանն է հիմնել Հայաստանում այն ուղղությունը, որն այժմ կոչում են արհեստական բանականություն, իսկ այն ժամանակ կոչվում էր «կիբեռնետիկա» տերմինով, որը մինչ այդ ԽՍՀՄ-ում արգելված էր։
Մի քիչ կենսագրությունից
Սերգեյ Մերգելովը ծնվել է Սիմֆերոպոլում 1928 թվականի մայիսի 19-ին։ Նրա հայրը՝ Նիկիտա (Մկրտիչ) Մերգելովը գործարար էր։ Մայրը՝ Լյուդմիլա Վիրոդովան՝ 1918 թվականին գնդակահարված բանկի կառավարչի դուստր։ Զարմանալի չէ, որ 1936 թվականին Մերգելովների ընտանիքն աքսորվեց Սիբիր։ Մայրն ու որդին մեկ տարի անց կարողացան վերադառնալ Կերչ, իսկ հայրն ազատվեց 1938 թվականին։
«Աքսորն ավարտվեց Ներքին գործերի ժողկոմիսարիատի ղեկավարության փոփոխությունից հետո։ 1938 թվականին եկավ Լավրենտի Բերիան, ով, իր նպատակներից ելնելով, շատ գործեր վերանայեց, այդ թվում՝ Մերգելովների ընտանիքի գործը», - պատմում է Սերգեյ Մերգելյան կրտսերը։ 1941 թվականին Մերգելովների ընտանիքը տեղափոխվեց Երևան։ Դա Սերգեյի հոր՝ Նիկիտա Մերգելովի նախաձեռնությունն էր, թեև նրա ընտանիքը սերում էր Ջավախքից, և Հայաստանում մինչ այդ նրանք երբեք չէին եղել։

«Մերգելյանի համար Երևան տեղափոխվելը մշակութային ցնցում էր։ Համենայն դեպս, նա այդպես էր նկարագրում։ Այն ժամանակվա Երևանը լրիվ այլ քաղաք էր, ոչ այնպիսին, ինչպիսին, օրինակ, Թիֆլիսն ու Բաքուն։ Գիտական օջախը Երևանի համալսարանն էր, որտեղ ձգտում էին հայտնվել բոլորը։ Լինելով ընդունակ՝ նա շատ արագ սովորեց լեզուն, շատ սիրեց հայկական պոեզիան, հատկապես՝ Ավետիք Իսահակյանի։ Նա շատ էր անգիր արտասանում Իսահակյանի բանաստեղծությունները», - պատմում է Մերգելյան կրտսերը։ Հետո արդեն, հասնելով փառքի, Մերգելյանը հնարավորություն ստացավ ծանոթանալու իր գրական կուռքի հետ։
Դպրոցում Սերգեյ Մերգելյանի բախտը բերեց մաթեմատիկայի ուսուցիչ Հրանտ Ռոստոմյանի հարցում։ 1943 թվականին նա առաջին անգամ հաղթեց հանրապետական ֆիզիկա-մաթեմատիկական օլիմպիադայում։ 9-10 դասարանները Մերգելյանն ավարտեց դրսեկության ձևով (էքստեռն), և 1944 թվականին՝ 16 տարեկանում, դարձավ Երևանի պետական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի ուսանող։ Մինչ այդ, նա որոշ ժամանակ տատանվում էր՝ ինչ մասնագիտություն ընտրել։ Նա ուներ գեղեցիկ արտաքին և լավ ձայն, կատարում էր արիաներ՝ իտալական օպերաներից, և անգամ ուսանողական տարիներին օպերային թատրոնում գումար էր վաստակում՝ մասնակցելով զանգվածային տեսարաններին։ Բայց հաղթեց մաթեմատիկան։
Համալսարանի առաջին և երկրորդ կուրսերի քննությունները Մերգելյանը կրկին էքստեռն հանձնեց և հայտնվեց ակադեմիկոս Արտաշես Շահինյանի՝ հայկական մաթեմատիկական դպրոցի հիմնադրի կուրսում։ Այդ տարիներին Մերգելյանը դասավանդում էր նաև Պիոներների տան մաթեմատիկական խմբակում։ Նրան շատ էր դուր գալիս երեխաների հետ աշխատելը, հետաքրքիր խնդիրներ հորինելը և մրցումներ կազմակերպելը։ Սերգեյը համալսարանն ավարտեց երեք տարում և 1947 թվականին ստացավ դիպլոմը։ Հենց այդ ժամանակ էլ նա հայացրեց իր ազգանունն ու դիպլոմում արդեն գրվեց որպես Սերգեյ Մերգելյան։
Հաջորդն ասպիրանտուրան էր ԽՍՀՄ ԳԱ Վ․Ա․Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտում։ Նրա ղեկավարը հայտնի ակադեմիկոս Մստիսլավ Կելդիշն էր։ Ասում են՝ Շահինյանը խնդրել էր Կելդիշին առաջարկել ինչ-որ մեկին ինստիտուտից՝ որպես Մերգելյանի ղեկավար, բայց Կելդիշն ինքն է նրան իր մոտ վերցրել։ Կելդիշի տանը երեկոյան ժամերին նրանք երկար խոսում էին մաթեմատիկայից։
Մերգելյանին հաջողվեց լուծել ֆունկցիաների մաթեմատիկական տեսության հիմնարար խնդիրներից մեկը, որի վրա աշխատում էին 20-րդ դարի հայտնի մաթեմատիկոսներ Ռունգեն, Բորելը, Կարլեմանը, Ուոլշը, Խարտոգսը, Ռոզենտալը, Սմիրնովը, Լավրենտևն ու ինքը՝ Կելդիշը։
Դեռևս 1880-ական թվականների կեսերին գերմանացի մաթեմատիկոս Կառլ Վայերշտրասը ձևակերպել էր Մոտարկումների տեսության հիմնարար թեորեմն առ այն, որ «հատվածի վրա սահմանված ցանկացած անընդհատ ֆունկցիայի համար գոյություն ունի հանրահաշվական բազմանդամների այնպիսի հաջորդականություն, որը հավասարաչափ զուգամիտում է տվյալ ֆունկցիային այդ հատվածում՝ ճշգրտության տրված աստիճանով»։
Վայերշտրասն ապացուցել էր թեորեմը՝ միայն հատվածի համար։ Ասպիրանտ Մերգելյանն ապացուցեց այն՝ կամայական բազմության համար և, ըստ այդմ, վերջնականապես «փակեց» խնդիրը, իսկ նրա անունը հայտնվեց ֆունկցիաների տեսության դասագրքերում։
Թեպետ մաթեմատիկոս Հայկ Ղազարյանը հիշում է, որ երբ մի անգամ ուղեկցում էր իր ուսուցչի ուսուցչին՝ Մերգելյանի ընդդիմախոսին նրա ատենախոսության պաշտպանության ժամանակ՝ Սերգեյ Նիկոլսկուն՝ Գառնի ուղևորվության ժամանակ, խոսակցություն բացվեց Մերգելյանի թեորեմի մասին։ Հայկ Ղազարյանն ասել էր, որ Մերգելյանն ավարտին հասցրեց Վայերշտրասի թեորեմի «էպոպեան», այն հասցրեց կատարելության։ Այդտեղ Նիկոլսկին նկատեց, որ դա այնքան էլ այդպես չէ, քանի որ Մերգելյանը ևս լուծման մեջ մի նախապայման ունի, ուստի «պետք չէ չափազանցնել»։
Այդուհանդերձ, Սերգեյ Մերգելյանը պաշտպանությունից դուրս եկավ՝ որպես դոկտոր՝ երեք պաշտոնական ընդդիմախոսների՝ Միխայիլ Լավրենտևի, Ալեքսանդր Գելֆոնդի և հենց նույն Սերգեյ Նիկոլսկու միաձայն որոշմամբ։ Դա 1949 թվականին էր, Մերգելյանը 21 տարեկան էր դառնում։ Բարձր թռիչք։

Ասում են, ակադեմիկոս Լավրենտևն ատենախոսության պաշտպանության ժամանակ կասկած հայտնեց՝ Մերգելյանին դոկտորի աստիճան շնորհելու կապակցությամբ, քանի որ դա կարող էր լուրջ փորձություն դառնալ այդքան երիտասարդ մարդու համար, ում գլուխը հեշտությամբ կարող էր հաջողությունից պտտվել։ Արդյո՞ք Լավրենտևի խոսքերը մարգարեական չէին։
«Միգուցե դա իրոք այն ժամանակ նրա մոտ գլխապտույտ առաջացրեց, դե ես այն ժամանակ դեռ չկայի։ Բայց կա մեկ ցուցանիշ՝ նա պահպանեց ընկերներին, որոնց հետ այդ ժամանակ մտերիմ էր։ Կա մի ուսանողական լուսանկար, որտեղ հինգ հոգի են՝ Թեոդոր Տեր-Միքայելյանը, Վլադիմիր Կարաբեկովը, Ռաֆայել Ալեքսանդրյանը, Վահան Տոնոյանը և Սերգեյ Մերգելյանը։ Ամեն հանդիպման ժամանակ, ասենք ամեն երկու տարի անց, նրանք այդ լուսանկարը նույն դիրքում կրկնում էին, մինչև նրանցից ողջ մնացին միան երեքը։ Սովորաբար ընկերները հեռանում են, երբ մարդը գոռոզանում է։ Հավանաբար, այս դեպքում այդպես չի եղել»,- ասում է որդին։

1953 թվականին, երբ ընդամենը 24 տարեկան էր, Մերգելյանին ԽՍՀՄ գիտությունների Ակադեմիայի թղթակից անդամ ընտրեցին։ Եվ դարձյալ՝ «ԽՍՀՄ-ում ամենաերիտասարդի» տիտղոսը։ Հետո Հնդկաստան նրա առաջին այցելությունն էր։
Այդ ժամանակ իշխանության ղեկին էր Նիկիտա Խրուշչովը, ԽՍՀՄ-ում «Խրուշչովյան ձնհալ» էր․ նա «մարդկային դեմքով սոցիալիզմ» էր կառուցում։ Գիտության և արվեստի տաղանդավոր ներկայացուցիչներին Խրուշչովն ուղարկում էր տարբեր երկրներ, որպեսզի ցույց տար, թե ինչպես են ԽՍՀՄ-ում ծաղկում տաղանդները։ Նրանց շարքում էին Արամ Խաչատրյանը, Վիկտոր Համբարձումյանը և երիտասարդ Սերգեյ Մերգելյանը։
Առաջին անգամ Մերգելյանն արտասահման մեկնեց Նիկոլսկու ղեկավարած պատվիրակության կազմում՝ Հնդկաստան։ Այնտեղ նրանց ընդունեց ինքը՝ Ջավահարլալ Ներուն։ Մերգելյանը Հնդկաստանում մնաց մի քանի ամիս։ Ասում են՝ Ինդիրա Գանդիի հետ ձիավարությամբ էր զբաղվում, և ասում են՝ գուցե նրանց միջև սեր էր, կամ գուցե Ներուն ուզում էր որպես ժառանգորդ տեսնել տաղանդավոր հայ մաթեմատիկոսին։ Կամ թե հակառակը՝ նրան դուր չէր գալիս իր աղջկա «տարվածությունը»։ Մինչ այսօր Հայաստանում ասեկոսեներ են պտտվում, թե Հնդկաստանի ապագա վարչապետի աչքը երիտասարդ ու գեղեցիկ հայ մաթեմաթիկոսի վրա էր։
Տարիներ անց՝ 1978 թվականին, Ինդիրա Գանդին ԽՍՀՄ այցելության ժամանակ եկավ Հայաստան, եղավ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում և նույնիսկ գրառում արեց պատվավոր հյուրերի գրքում։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ նա հանդիպեց Մերգելյանին, ըստ ոչ պաշտոնականի՝ Մերգելյանը նստեց ավտոմեքենա և քաղաքից հեռացավ, որպեսզի չհանդիպի նրան։ Ոչ այնքան վաղ անցյալի իրադարձությունների շուրջ արդեն առասպելներ են հյուսվել։ Ճշմարտապես հայտնի է մի բան՝ Ջավահարլալ Ներուի փեսան Մերգելյանը չդարձավ։
Հնդկաստանում Մերգելյանը ծանոթացավ Նորբերտ Վիների հետ, որին ավելի ուշ հանդիպեց ԱՄՆ-ում։ Ըստ Սոս Աղայանի՝ հենց այդ ժամանակ նա տարվեց Հայաստանում արհեստական բանականության զարգացման գաղափարով։

90-ական թվականներին Ռուսաստանում Հայաստանի մշտական ներկայացուցչության աշխատակից մաթեմատիկոս Միկիտ Ղազարյանը պատմում է, որ մաթեմատիկոս Գրիգոր Բարսեղյանի պաշտպանության օրը՝ 1984 թվականին Թբիլիսի, որտեղ պետք է տեղի ունենար պաշտպանությունը, ժամանեց ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ Նիկոլայ Տիխոնովը։ Ժողովրդին ստիպեցին փողոց դուրս գալ՝ ողջունելու Տիխոնովին։ Վրացի մաթեմատիկոսներից մեկն ասում էր՝ իսկ երբ երիտասարդ Մերգելյանը 1951 թվականին եկավ Թբիլիսի, ժողովուրդը փողոց դուրս եկավ կամավոր։ Երիտասարդ մաթեմատիկոսի անունը թնդում էր այն ժամանակ Խորհրդային Միությունում և աշխարհում։
1952 թվականին Սերգեյ Մերգելյանն արժանացավ երկրորդ աստիճանի Ստալինյան մրցանակի՝ 100․000 ռուբլի միանվագ դրամական պարգև։ Այն ժամանակների համար դա շատ մեծ գումար էր։

1955 թվականին մահացավ Սերգեյ Մերգելյանի հայրը, 1956-ին՝ մայրը։ 1955 թվականին Սերգեյը հանդիպեց իր ապագա կնոջը՝ Լիդիա Կուլակովային՝ դերասանուհու, ով, Խարկովում ավարտելով թատերական ինստիտուտը, հրավիրվել էր Մոսկվայի Փոքր թատրոն։ Հարսանիքը տեղի ունեցավ 1956 թվականին Մոսկվայում, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Անդրոնիկ Իոսիֆյանի՝ էլեկտրամեխանիկայի համամիութենական ինստիտուտի լեգենդար տնօրենի, ավելի ուշ՝ ՀԽՍՀ ԳԱ փոխնագահի ամառանոցում։
Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը հիմնվել է 1956 թվականին։ Այդ ժամանակ որոշվել էր զարգացնել գիտությունը Խորհրդային Միության ծայրամասերում։ Մերգելյանի անունը թնդում էր, ուրեմն՝ կարելի էր ինստիտուտ հիմնել Հայաստանում և նրան տնօրեն նշանակել։ Մերգելյանը միանգամից համաձայնվեց, թեպետ վարչական աշխատանքի ոչ մի փորձ չուներ։ Նա հետագայում էլ ընդունում էր ցանկացած նշանակում՝ համարելով, որ եթե երկրի ղեկավարությունն այդպես է որոշել, ապա պետք է կատարել, եթե անգամ վարչական աշխատանքն այդքան էլ սրտովը չէր։ Բացի այդ, դա հանգիստ և ապահով կյանքի հնարավորություն էր տալիս։ Գրիգոր Ափոյանը Մերգելյանին նվիրված իր էսսեում գրում է, որ մի անգամ Մերգելյանի հետ խոսում էին ակադեմիկոս Նագուշ Հարությունյանի մասին, ում ժամանակին նշանակել էին ՀՀ Գերագույն Խորհրդի նախագահ, «Եվ ես Սերգեյ Նիկիտովիչին հարցրեցի՝ արդյո՞ք նա կընդուներ համանման առաջարկը, եթե այն երբևէ արվեր։ Նա առանց երկար մտածելու պատասխանեց՝ այո»։
Սերգեյ Մերգելյանի անունը կարծես բանալի լիներ բոլոր դռների համար։ Նրան տրամադրում էին ֆինանսավորում, սարքավորումներ։ Մասնագետները ԽՍՀՄ այլ քաղաքներից գալիս էին Երևան, որովհետև նրանց հրավիրել էր Սերգեյ Մերգելյանը։
«Դրանք ոգեշնչող ժամանակներ էին՝ բեկումնային։ Եվ Միությունում, և ամբողջ աշխարհում, սկսած տիեզերքից, հեռահաղորդակցությունից և համակարգչային ոլորտում, և, իհարկե, այս նախագիծը նրան գրավեց` որպես ինչ-որ մի վիթխարի բան, որում նա կարող է մասնակցություն ունենալ։ Ակտիվ պրագմատիկ գործունեության հակում չունեցող մարդու համար, ըստ իս, նա մեծ աշխատանք է կատարել ինստիտուտի առումով, ջանքեր է գործադրել` ավելի շատ ֆոնդեր ստանալու համար, քան նախատեսված էր։ Նա ինչ-որ կերպ ուղիներ գտավ` հասնելու համար Դմիտրի Ուստինովին, ով այն ժամանակ ԽՍՀՄ պաշտպանության արդյունաբերության մինիստրն էր։ Ուստինովն ընդունեց նրան։ Հետագայում Մերգելյանը պատմում էր, որ Ուստինովը խիստ վերաբերվեց իրեն` քանի որ անհայտ ու առանց կապերի երիտասարդ էր․․․ Բայց Մերգելյանը կարողացավ իրավիճակից գլուխ հանել և ստացավ այն, ինչ ուզում էր՝ ֆինանսավորում։
«Կադրերի հարցը լուրջ խնդիր էր 1950-ականների Երևանում։ Ինստիտուտում չկային ինժեներներ, ովքեր կարող էին ստեղծել այդ համակարգիչները։ Այդպիսի մասնագետների քանակը բավարար չէր նույնիսկ ողջ Խորհրդային Միությունում։ Եվ նա մեկնեց Պենզա, որտեղ արդեն գործում էր նմանատիպ կենտրոն և կային որոշ քանակությամբ մասնագետներ։ Ինչ-ինչ մեթոդներով, գուցե և ոչ այնքան կոռեկտ՝ Պենզայի ղեկավարության տեսակետից, խոստանալով լավ պայմաններ (որոնք միշտ կատարվում էին), նա մասնագետներ բերեց Երևան, և այդ մասնագետները կարևոր դեր խաղացին ինստիտուտի կայացման գործում»,- պատմում է Սերգեյ Մերգելյան կրտսերը։
Սոս Աղայանի խոսքով՝ թեպետ նախապես ենթադրվում էր, որ ինստիտուտում լինելու է 300 աշխատակից, Մերգելյանը 3000 հոգու համար ֆինանսավորում հայթայթեց, ընդ որում, լավ դրույքներով։ «Նա մշտապես աշխատատեղեր էր ստեղծում, աշխատանքի էր տեղավորում մարդկանց՝ և՛ Մաթեմատիկական մեքենաների ինստիտուտում, և՛ ավելի ուշ ստեղծված՝ Ակադեմիայի Հաշվողական կենտրոնում։ Հետագայում նա ստեղծեց ևս երկու հաշվողական կենտրոն»,- պատմում է Աղայանը։ Ինստիտուտի զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցան ՀԽՍՀ ԳԱ փոխնախագահ Անդրոնիկ Իոսիֆյանն ու Ֆադեյ Սարգսյանը, ով այդ ժամանակ պաշտպանության նախարարության ներկայացուցիչն էր ինստիտուտում։

«Կողմ» և «դեմ»
Երևանի մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի մեկնարկի գործում Մերգելյանի վաստակն ընդունում են բոլորը՝ և՛ նրա կողմնակիցները, և նրանք, ովքեր չեն ուզում տեսնել նրա անունն ինստիտուտի անվան կողքին։ Այո, կա՛ նրա շատ դրական դերը, համարում են վերջիններս, բայց միայն մի բանում՝ երբ նա այլ քաղաքներից հրավիրեց մասնագետների, նրանք եկան՝ շնորհիվ իր անվան։ Դա միակ բանն է, որում նա մասնակցություն է ունեցել։ Բոլոր մնացած բաներում, ասում են, նրա մասնակցությունը զրոյական էր։ Երբ նա ինստիտուտի տնօրեն էր, Խրուշչովը նրան ուղարկում էր շրջելու աշխարհով մեկ, իսկ աշխատանքը տեղում նրա փոխարեն արվում էր, և նրան թվում էր, թե միշտ այդպես է լինելու։
1958 թվականին Մերգելյանը թողեց իր պաշտոնը Մոսկվայի պետական համալսարանում, բայց 1959 թվականին ընդգրկվեց «Կիբեռնետիկայի» գծով առաջին Գիտական խորհրդի կազմում, որն ստեղծել էր ակադեմիկոս, ԽՍՀՄ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Ակսել Բերգը։

1961 թվականին Մերգելյանն ինստիտուտի ղեկավարումը հանձնեց Ֆադեյ Սարգսյանին։ «Չունենալով ղեկավարման փորձ՝ նա բախվեց մարդկանց հետ, ովքեր ունեին այդպիսի փորձ, ինչպես նաև, ունեին հավակնություններ։ Իհարկե, նա ուներ նաև կողմնակիցներ, ու սկսվեց պայքար։ Ինձ թվում է՝ դա բնական է։ Դե, մարդկանց մասին պետք չէ բացասական խոսել. ամեն մեկն իր կոնկրետ տեղում ունի իր ցանկություններն ու հավակնությունները։ Այնուամենայնիվ, ինձ թվում է՝ ինստիտուտի ստեղծման գործում նա հաջողեց։ Իսկ նման մեծ կառույցի հետագա համակարգված կառավարումն արդեն իրենը չէր։ Իրեն դա այլևս հետաքրքիր չէր», - պարզաբանում է որդին։
Մերգելյանը նորից աշխատանքի անցավ Վ․Ա․ Ստեկլովի անվան Մաթեմատիկական ինստիտուտում և մտավ Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն շարքերը։ 1963 թվականին նա ընտրվեց ԽՍՀՄ ԳԱ մաթեմատիկայի բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Նիկոլայ Բոգոլյուբովի տեղակալ։
Պատմում են, որ Մոսկվայի պետական համալսարանի սեմինարի իր առաջին պարապմունքին նա գնում էր վախը սրտում, որ ոչ ոք չի գա։ Մոտենալով լսարանին և տեսնելով, որ այն լեփ-լեցուն է, մտածեց, որ դուռը շփոթել է ու կողքով անցավ։ Այնուհետև վերադարձավ և հարցրեց՝ այդտեղ ում սեմինարն է լինելու։ Եվ իր ազգանունը լսելուց հետո միայն մտավ լսարան։
Խոսելով այն մասին, թե ինչ էր նշանակում այն ժամանակ Մերգելյան անունը, Հայկ Ղազարյանը պատմում է՝ Խորհրդային Միությունում 50-60-ական թվականներին աճում էր դժգոհությունը գիտաշխատողների բարձր աշխատավարձից, հատկապես նրանք, ովքեր ունեին գիտական բարձր կոչումներ, օգտվելով ունեցած հնարավորություններից, միանգամից մի քանի ղեկավար պաշտոն էին զբաղեցնում տարբեր գիտահետազոտական ինստիտուտներում, համալսարաններում և բուհերում։ Մամուլում հրապարակվեցին դժգոհ հոդվածներ։ Ակադեմիկոս Պյոտր Կապիցան հանդես էր գալիս գիտության ֆինանսավորման գործող համակարգի փոփոխության օգտին։ Սերգեյ Մերգելյանը սատարում էր այդ շարժմանը։ Ստեկլովի ինստիտուտի համաշխարհային համբավ ունեցող մաթեմատիկոսները, այդ թվում՝ Սերգեյ Նիկոլսկին և Վալենտին Միխայլովը, մյուս աշխատակիցների առարկություններին ի պատասխան ասում էին. «Բայց Մերգելյանը հավանություն է տվել»։
Մերգելյանը համարում էր, որ գիտնականը կամ բանաստեղծը պիտի քաղցած մնա, որպեսզի արարի։ Իսկ միգուցե այս ճշմարտությունը նրան է՞լ էր վերաբերում։ Չէ՞ որ նա քրտնաջան աշխատում էր, երբ ընդամենը ուներ Երևանի տան սեղանի մի անկյուն, տուն, որտեղ բնակվում էին Մերգելովների և Վիրոդովների մեծ ընտանիքները։ Իսկ Մոսկվայի հանրակացարանում կար ընդամենը մի մահճակալ։ Իսկ երբ Երևանում ու Մոսկվայում բնակարաններ ստացավ, պաշտոն ու փող ունեցավ, չդադարե՞ց զբաղվել գիտությամբ։
Շատերը համարում են, որ Մերգելյանի ողբերգությունն այն էր, որ 1960-ականներից հետո նա գիտության մեջ ոչինչ չարեց, և ոչ մի հոդված չտպագրեց։ Ըստ Սոս Աղայանի, պատճառն այն էր, որ նրան չհաջողվեց իր վաղ աշխատանքները գերազանցող որևէ բան անել, նա շատ պահանջկոտ էր իր հանդեպ և չէր կարող իրեն թույլատրել նվազ նշանակալի որևէ բան հրապարակել։ Աղայանը կարծում է, որ Մերգելյանի՝ իր աշակերտների հետ (թեև նրանք այնքան էլ շատ չէին) չտպագրվելու պատճառը նրանց գիտական գործունեության մեջ ազատություն տալու ցանկությունն էր։ Բայց կա և այլ կարծիք՝ Մերգելյանն աշխատանքի մեջ ծուլացել էր, սիրում էր մեկնել արտասահման, վայելում էր կյանքը։ Լինելով Հայաստանի Գիտությունների ակադեմիայի՝ իր իսկ հիմնած Հաշվողական կենտրոնի տնօրենը, նա ինքն էր իրեն գործուղումներ «դուրս գրում»։ Իսկ աշակերտների հետ պարզապես չէր աշխատում, սեմինարներ ու քննարկումներ չէր անցկացնում։
Բայց չխախտենք ժամանակագրությունը։
1971 թվականին ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի նախագահ Վիկտոր Համբարձումյանը Մերգելյանին կրկին հրավիրեց Հայաստան՝ զբաղեցնելու ակադեմիայի փոխնախագահի պաշտոնը։ Նրան հանձնարարեց զբաղվել ֆինանսներով, ավելի ճիշտ կլինի ասել՝ այս կամ այն գիտական ծրագրերի համար Մոսկվայից փող բերելու գործով։ Բայց, ասում են, Մերգելյանը ֆինանսներից քիչ բան էր հասկանում, ուշացնում էր թղթերը, ստորագրությունները, շատերին գցում անհարմար դրության մեջ։ Դժգոհությունն Ակադեմիայում աճում էր, և հաջորդ ընտրություններին նրան պարզապես տապալեցին։ Ընտրություններում քվեարկությունը ոչ ոքի էր՝ ակադեմիկոսների կեսը կողմ էր, մյուս կեսը՝ դեմ։ Վերջնական որոշման իրավունքը Վիկտոր Համբարձումյանինն էր․ նա կարող էր նոր ընտրություն կազմակերպել։ Բայց չարեց։ Ասում են՝ Համբարձումյանը ոչ միայն մեծ գիտնական էր, այլ նաև՝ մեծ բանսարկու։ Իհարկե, նա պետք է ապահովագրեր իրեն․ չէ՞ որ Մերգելյանն այնպիսի մեծ անուն ուներ, որ լիովին կարող էր հավակնել Ակադեմիայի նախագահի պաշտոնին։ Բայց Մերգելյանը, ինչպես ասում են, այդ խաղերը չէր խաղում և պարզապես հոսքի հետ լողում էր։ Նրա հարաբերությունները չստացվեցին նաև ՀՀ Ակադեմիայի հաջորդ փոխնախագահ Սերգեյ Համբարձումյանի հետ։ Բայց ինքը՝ Մերգելյանը, ինչպես հիշում է որդին, ոչ մեկի մասին որևէ վատ բան չէր ասում։
«Համբարձումյանի հետ ոչ ոք չէր կարող մրցակցել, - ասում է Սերգեյ Մերգելյան կրտսերը՝ Վիկտոր Համազասպովիչի հետ հոր հնարավոր մրցակցության մասին, - Համբարձումյանի հետ բացահայտ բախումներ և նույնիսկ խոսակցություններ չեն եղել։ Ես հիշում եմ ֆիզիկոսների խոսակցությունները, որ Համբարձումյանի հետ դժվար է աշխատելը։ Բայց հայրս նրա հետ հիանալի հարաբերություններ ուներ, մենք հարևաններ էինք, թեպետ Համբարձումյանն ապրում էր հիմնականում Բյուրականում։ Բայց նրա տղայի, հարսի, թոռան հետ ես ընկերություն եմ արել։ Որևէ չարախոսություն չի եղել։ Մերգելյանը միշտ հարգանքով է արտահայտվել Համբարձումյանի մասին։ Միշտ հիշատակում էր նրա միջազգային ռեգալիաները՝ որպես ողջ հանրապետության հպարտություն։ Մերգելյանի համար հեղինակություն էր նաև Անդրոնիկ Իոսիֆյանը։ Ջրբաշյանի մասին էլ նա միշտ դրական էր արտահայտվում»։
Ընտրություններում տապալվելուց հետո Մերգելյանը վերադարձավ իր ստեղծած Հաշվողական կենտրոն, որտեղ հինգ տարի տնօրեն աշխատեց։ Հետո ստիպված եղավ այստեղից էլ հեռանալ։ Նրան կշտամբում էին «արտասահմանյան ուղևորություններով չափազանց տարվելու համար»։ «Բայց չէ՞ որ գիտաժողովներն անհրաժեշտ են, որպեսզի լինես գիտության առաջատար դիրքերում, իմանաս բոլոր վերջին նորությունները», - առարկում է Սոս Աղայանը։ Այո, Մերգելյանին աշխարհում գիտեին և հրավիրում էին։ նա Երևանում նույնպես միջազգային գիտաժողովներ էր կազմակերպում, որոնց, նրա շնորհիվ, մասնակցում էին աշխարհահռչակ մաթեմատիկոսներ։ Բայց խնդիրն այն է, պնդում են ընդդիմախոսները, որ նա գիտությամբ այլևս չէր զբաղվում։
Ափոյանն իր էսսեում մի դրվագ է հիշատակում Սերգեյ Մերգելյանի արտասահմանյան ուղևորություններից, որոնց մասին ԱՄՆ-ում հանդիպման ժամանակ պատմել էր ինքը` Մերգելյանը։ Հնդկաստան կատարած գործուղումներից մեկի ժամանակ Մերգելյանը մեծ գումար է վաստակել, որով կնոջ հետ մեկնել է Եվրոպա՝ շրջագայության։ Նրանք, ովքեր ապրել են խորհրդային տարիներին, հիշում են, որ դրսում վաստակած ողջ գումարը պետք է հանձնվեր դեսպանատուն՝ փոխարենը, մեծ միջնորդավճար հանելուց հետո, ստանալով տարադրամի խանութի կտրոններ։ Բայց ահա Մերգելյանն իրեն «չարաճճիություն» թույլ տվեց՝ մեկնելիս չստորագրելով այն փաստաթուղթը, որը պարտավորեցնում էր իրեն հանձնել ողջ արժույթը։
«Այս դեպքը, թեև խոսում է իշխանությունների հետ հարաբերություններում Սերգեյ Մերգելյանի որոշակի «խիզախության» մասին, ինչը, համաձայնեք, բնութագրում է նաև նրա քաղաքացիական դիրքորոշումը, այնուամենայնիվ, կարելի է ընկալել ավելի շուտ որպես որոշակի հնարամտություն՝ իր անձնական մերկանտիլ շահերը պաշտպանելու հարցում»,- գրում է Ափոյանը։
****
Բոլոր նրանք, ովքեր շփվել են Մերգելյանի հետ, հիշում են նրան՝ որպես բարի, կարեկից, մեծ հոգու տեր մարդու, ով օգնում էր շատերին՝ օգտագործելով իր անունը, դիրքն ու կապերը։
Հայտնի է մի պատմություն՝ վտարված մոսկովյան ուսանողների մասին, որոնց նա ապաստանել էր Մաթեմատիկական մեքենաների ինստիտուտում։ Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետի ուսանողները, այդ թվում՝ Միխայիլ Բելեցկին և Էդիկ Ստոցկին, 1956 թվականին, ոգեշնչված ԽՄԿԿ 20-րդ համագումարից հետո ԽՍՀՄ որդեգրած նոր կուրսով, սկսեցին հրատարակել «Գրական բյուլետեն» պատի թերթը։ Պատի թերթը փակվեց չորրորդ համարից հետո։ Բելեցկուն հեռացրին, իսկ Ստոցկուն առողջական վիճակի պատճառով ուղարկեցին արձակուրդի։ Ֆակուլտետի դեկանը հանրահայտ մաթեմատիկոս Անդրեյ Կոլմոգարովն էր, բայց պաշտպանել ուսանողներին նա չկարողացավ։
Միխայիլ Բելեցկին իր «Ինչ հիշել» գրքում գրում է, որ դեկանի տեղակալ Սերգեյ Սոբոլևը իրեն և Ստոցկուն առաջարկեց ընտրել աշխատանք՝ Պենզայի, Երևանի և Թբիլիսիի նոր գիտահետազոտական ինստիտուտներում։ Թբիլիսյան ինստիտուտի ղեկավարը նրան տիպիկ կուսակցական չինովնիկ թվաց, իսկ Մերգելյանը «երիտասարդ, գիրուկ, ժպտադեմ, շատ համակրելի մարդ»։ «Չեմ հիշում խոսակցության մանրամասները, բայց մենք միանգամից ընդհանուր լեզու գտանք։ Եվ, կարծում եմ, դա փոխադարձ համակրանք էր․․․ Նա ինձ համար հոգեհարազատ մարդ էր»,- գրում է Բելեցկին։ Ահա ևս մի մեջբերում՝ արդեն Երևանում. «Ինձ թվում է, որ ինստիտուտի տնօրենի դերը ձանձրացնում էր Մերգելյանին։ Բնույթով նա ղեկավար չէր, կազմակերպիչ չէր, այլ մաթեմատիկոս էր, գրասենյակային գիտնական։ (Առաջ անցնելով՝ ուզում եմ ափսոսանք հայտնել, որ նրան պոկեցին այդ անաղմուկ գրասենյակից։ Դա տխուր ավարտ ունեցավ․ տնօրենի և գիտական բյուրոկրատի դերը խլեցին ուրիշները, իսկ մաթեմատիկային վերադանալու ուժ նա այլևս չունեցավ)»։
Ի դեպ, Բելեցկուն Մերգելյանն առաջարկեց զբաղվել մեքենայական թարգմանությամբ։ Նոր գաղափարներով և ուղղություններով նա միշտ ոգևորվում էր, ինչպես հիշում է Սոս Աղայանը։ Ըստ նրա՝ Մաթեմատիկական մեքենաների ինստիտուտում մշակվում էին մեքենաներ, իսկ Հաշվողական կենտրոնում՝ տեսությունը, ծրագրերը։ Հաշվողական կենտրոնում, օրինակ, կազմակերպվել էր լաբորատորիա, որտեղ ԷՎՄ-ին սովորեցնում էին շախմատ խաղալ, իսկ խորհրդատուն ինքը՝ Տիգրան Պետրոսյանն էր։ Սոս Աղայանը համարում է, որ նորություններ ներմուծելու նրա հատկությունը Հայաստանին ավելի քիչ բան չի բերել, քան եթե նա զբաղվեր զուտ մաթեմատիկայով։
Ափոյանը մոսկովյան վտարված ուսանողների պատմության մասին գրում է․ «Մեր շատ երկար զրույցների ընթացքում Սերգեյ Նիկիտովիչը ոչ մի անգամ չհիշեց այս շատ կարևոր, իմ կարծիքով, սկզբունքային պատմության մասին։ «Այո, այո, եղել է այդպիսի բան»,- պարզապես ասաց Մերգելյանը, երբ ես նրան հիշեցրի դրա մասին։ Իսկ հետո, մի քիչ լռելով, հավելեց՝ «գիտեք, դա ամենևին էլ անվտանգ չէր»»։
Լինելով արդեն Հաշվողական կենտրոնի ղեկավար՝ նա իր մոտ տեղ տվեց ՀԽՍՀ ԳԱ Մեխանիկայի ինստիտուտի եռակցման լաբորատորիային, որը ղեկավարում էր Կարո Սիրականյանը, և որն ուզում էին փակել։
Նա աշխատանքի վերցրեց նաև Լենինգրադից Իգոր Զասլավսկիին, որը 1957 թվականին ձերբակալվել էր Ռևոլտ Պիմենովի ընդհատակյա կազմակերպությանը մասնակցելու համար և ուղղիչ աշխատանքային գաղութում երկու տարի անցկացնելուց հետո այլևս ոչ մի տեղ գործ չէր գտնում։
Միկիտ Ղազարյանի համար Մերգելյանը Մոսկվայում նպատակային ասպիրանտուրա դասավորեց՝ ըստ նրա մասնագիտության՝ նամակով նրան ուղարկելով իր աշակերտի՝ Անդրեյ Գոնչարի մոտ։ Հայկ Ղազարյանին թույլատրեց ապրել իր բնակարանում, երբ նա պետք է աղջկան տաներ Մոսկվա՝ հետազոտման։
Հայկ Ղազարյանը հիշում է ևս մեկ հետաքրքիր դետալ՝ թե որքան խմվեց, երբ Մերգելյանը եկավ նրան ճանապարհելու Մոսկվայից Երևան։ «Ես սեղանի վրա դրեցի մի շիշ օղի և մի շիշ կոնյակ՝ այն ամենը, ինչ ես ունեի։ Մերգելյանը մեծ պայուսակ ուներ։ Նա մի ձեռքով այնտեղից հանեց երեք շիշ շամպայն՝ մատների արանքում պահելով ու ասելով՝ սա սկզբի համար։ Հետո լցրեց բաժակները պռնկեպռունկ։ Ես առաձնապես խմել չեմ կարողանում, հիշում եմ միայն առաջին երկու-երեք բաժակը։ Առավոտյան, երբ կինս ինձ ցույց տվեց դատարկ շշերի շարանը, ես ոչինչ չէի հիշում։ Հարկ էր գնալ կայարան, իսկ ես չէի կարողանում շարժվել։ Եվ այդժամ Մերգելյանը վերցրեց մեր ճամպրուկները, տաքսի կանգնացրեց, մեզ տարավ կայարան, տեղավորեց վագոնում։ Երբ ես նրան հարցրի՝ ինչպես է այդ ամենը նրան հաջողվում այդքան խմելուց հետո, նա ասաց՝ դե լավ դու էլ...՝ ի՞նչ ենք խմել որ»։
Տաղանդավոր ասպիրանտ Լևոն Խաչատրյանի ատենախոսության պաշտպանությունից հետո բանկետին Մերգելյանն ու մաթեմատիկոս Ռոմ Վարշամովը, ով ջութակ էր նվագում, երաժշտական մրցման մեջ մտան։ Մեկն սկսում էր արիան, մյուսը՝ շարունակում, հիշում է Սոս Աղայանը։ Նաև հիշում է, որ նրա բնակարանային հարցի համար Մերգելյանն անձամբ գնացել էր Երևանի քաղխորհուրդ։ Մերգելյանը մշտապես հայ ուսանողների համար ասպիրանտական տեղեր էր պոկում Մոսկվայում, Նովոսիբիրսկում և անգամ Ֆրանսիայում՝ Սորբոնում։ Պարզապես ոչ ոք չէր կարող գնալ այնտեղ՝ ուսանելու։ Վազգեն Մանուկյանը նույնպես պարտական է Մերգելյանին․ այն բանից հետո, երբ Մանուկյանը 1967 թվականին Մոսկվայում ակցիա կազմակերպեց Թուրքիայի դեսպանատան առաջ և ստիպված էր վերադառնալ Երևան, Մերգելյանը նրան դասավորեց Նովոսիբիրսկում՝ ասպիրանտուրայում։
Վազգեն Մանուկյանը հիշում է, որ երբ Լեհաստանում սկսվեցին «Համերաշխություն» շարժման կազմակերպած հայտնի դեպքերը (1980-1983թթ․), ինքը հասկացավ, որ ուժային ճնշում կլինի, իսկ Մերգելյանը կարծում էր, որ դեմոկրատական բարեփոխումներ կանցկացվեն։ Երբ Վոյցեխ Յարոզելսկին ապստամբությունն ուժով ճնշեց, Մերգելյանն ասաց, որ, փաստորեն, առանց մեծ պատերազմի Խորհրդային Միությունը չի քայքայվի։ «Բայց նա ԽՍՀՄ-ի քայքայման, Հայաստանի անկախության կողմնակիցը չէր, նա երազում էր, որ ԽՍՀՄ-ը բարեփոխումների ճանապարհով դեմոկրատական պետություն դառնա։ Այդպես էր ուզում նաև հայ մտավորականների մեծ մասը»,- ասում է նա։ «Մերգելյանը կարծում էր, որ Լեհաստանում հետզհետե բարեփոխումներ կանցկացվեն, կտարածվեն ԽՍՀՄ-ում, և խաղաղ էվոլյուցիայի ճանապարհով մեր համակարգը կբարեփոխվի։ Ինչպես պարզվեց հետագայում, դա իդեալիզմ էր։ Ամեն ինչ տեղի ունեցավ առճակատման ճանապարհով», - պատմում է Սերգեյ Մերգելյանի որդին։
Իսկ Սերգեյ Մերգելյանի և Վազգեն Մանուկյանի զրույցները տեղի էին ունենում այսպես կոչված «թարգմանչաց տոների» ժամանակ։ Դրանք հայ մտավորականների ամենամյա հանդիպումներ էին, որոնք կազմակերպում էր մաթեմատիկոսների մի խումբ, որոնց մեջ էին Վազգեն Մանուկյանը, Դավիթ Վարդանյանը, Բաբկեն Արարքցյանը, Լյուդվիգ Խաչատրյանը, Հայկ Ղազարյանը, Եսայի Ստեփանյանը, Վարդան Հայկազյանը։ Վազգեն Մանուկյանը, Դավիթ Վարդանյանն ու Բաբկեն Արարքցյանն ավելի ուշ մտան «Ղարաբաղ» կոմիտեի կազմի մեջ։

1974 թվականից սկսած, հանդիպումները տեղի էին ունենում Ծաղկաձորում, Մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի պանսիոնատում։ Նպատակը՝ միավորել հայ մտավորականներին, ստեղծել ազգային ակումբ, ստեղծել հնարավորություն՝ տարբեր ոլորտների ներկայացուցիչներին ոչ ֆորմալ միջավայրում ազգային հարցերը քննարկելու համար։ Մերգելյանն այդ հանդիպումների մասնակիցն էր՝ Սիլվա Կապուտիկյանի, Ռազմիկ Դավոյանի, Հովհաննես Չեքիջյանի, Լուսինե Զաքարյանի, Խորեն Պալյանի, Սոս Սարգսյանի և այլոց հետ մեկտեղ։

Ըստ Վազգեն Մանուկյանի՝ հատկապես բուռն քննարկվում էր Հայաստանում ռուսական դպրոցների հարցը, լինում էին վեճեր, քանի որ հայ մտավորականների մեծ մասը ռուսական կրթություն ուներ և պաշտպանում էր այն։ «Անկախության, կոմունիստական ռեժիմից ազատվելու հարցերը հազվադեպ էին քննարկվում։ Դրանք բարդ թեմաներ էին»,- հիշում է նա։ Իսկ Հայկ Ղազարյանն ասում է․ «Մենք հանդես էինք գալիս Խորհրդային Միության դեմ», իսկ հարցին, թե ինչպե՞ս էր դրան վերաբերում Մերգելյանը, պատասխանում է․ «Նա չէր արտահայտվում, բայց և մեզ էլ չէր քննադատում մեր գաղափարների համար»։
«Նա հասկանում էր, որ երկրում ճգնաժամ է, որ փոփոխություններ են պետք, բայց էվոլյուցիոն բնույթի փոփոխություններ, որոնք կբերեն հետզհետե բարելավման։ Նա չէր ենթադրում, որ ԽՍՀՄ-ը կփլուզվի։ Նրա համար դա ցնցում էր։ Նա ոչ մի կերպ չէր մասնակցում 1988 թվականի իրադարձություններին։ Չի կարելի ասել՝ բացասաբար էր վերաբերվում։ Նա մասնակցում էր Ծաղկաձորում մտավորականների հավաքներին, բայց հետո, երբ սկսվեցին կենտրոնի հետ քաղաքական անհամաձայնությունները, տեղի ունեցան ձերբակալություններ, Մոսկվայի հետ առճակատում, նա հետ քաշվեց, այլևս չէր մասնակցում դրանց։ Համարում էր, որ դա վտանգավոր է։ Այդ առումով նա պահպանողականություն ցուցաբերեց»,- ասում է Սերգեյ Մերգելյան կրտսերը։
Մերգելյանի վարչական կարիերայի «գագաթնակետը» դարձավ Կիրովականի մանկավարժական ինստիտուտի ռեկտորի պաշտոնը, ուր նա ուղարկվեց 1982 թվականին։ Այն հարցին, թե ինչու նա համաձայնվեց այդ պաշտոնին․ չէ՞ որ դա «աքսորի» էր նման, Սերգեյ Մերգելյան կրտսերն ասում է․ «Այո, դա որպես դիսոնանս է հնչում։ Նա համաձայնեց, և նա դա այսպես էր բացատրում. Կարեն Դեմիրճյանը խնդրեց իրեն ուժեղացնել այդ ճակատը, այնտեղ գործերը շատ վատ էին։ Այո, կարելի էր և չհամաձայնել, բայց ես կարծում եմ՝ նա կարոտել էր գործնական աշխատանքին։ Եվ նա խանդավառությամբ զբաղվեց դրանով։ Դա անցում էր լճացումից դեպի ինչ-որ նոր կացություն։ Ես երբեք նրանից չեմ զգացել նեղվածություն, վրդովմունք, նա կարողանում էր ամեն ինչ ընդունել՝ ինչպես որ կա։ Ըստ իր հնարավորությունների՝ եթե կարող է Կիրովականում ինչ-որ բան շտկել, ինչ-որ օգուտ բերել հանրապետությանը, նա կանի։ Իշխանությանը նա չէր քծնում, ավելի շուտ, այսպես էր՝ եթե կարողանամ օգնել՝ կօգնեմ։ Կիրովական նա գնաց ոգևորված»։ Բայց այդ ոգևորությունը շատ շուտով բախվեց գավառական քաղաքի իրականությանը։ 1986 թվականին, լքելով Կիրովականի մանկավարժական ինստիտուտը, իսկ այնուհետև և Հայաստանը, Սերգեյ Նիկիտովիչն ընտանյոք հանդերձ վերջնականապես տեղափոխվեց Մոսկվա, որտեղ դասավանդում էր Մոսկվայի պետական համալսարանում և աշխատում Ստեկլովի անվան Մաթեմատիկական ինստիտուտում։
Սերգեյ Նիկիտովիչ Մերեգելյանը մահացավ սրտային անբավարարությունից 80 տարեկանում՝ 2008 թվականի օգոստոսի 20-ին, Կալիֆորնիայի «Գլենդել Մեմորիալ» հիվանդանոցում։ Կինը՝ Լիդիա Կուլակովան, մահացել էր ավելի վաղ՝ 2002 թվականին։
Ակադեմիկոսին հրաժեշտ տվեցին օգոստոսի 23-ին՝ Գլենդելի «Ֆորեսթ Լոուն» գերեզմանոցի փոքրիկ եկեղեցում։ Ըստ հանգուցյալի ցանկության՝ նրա աճյունը տեղափոխվեց Մոսկվա և թաղվեց Նովոդևիչյան գերեզմանոցում, մոր և կնոջ կողքին։ 80-ամյա հոբելյանի առթիվ 2008 թվականին Մերգելյանին շնորհվեց Մեսրոպ Մաշտոց շքանշան։
Կարևորի մասին
«Երբ ես հետ եմ նայում, հասկանում եմ, որ շատ բաներ կարելի էր անել ավելի լավ, ավելի շատ, սակայն մարդկային ուժերը սահմանափակ են, և ես ստիպված եմ բավարարվել նրանով, ինչ ես արդեն արել եմ»,- ասում էր Սերգեյ Մերգելյանը։
Եվ ամենակարևորը, որ նա արեց, այն էր, որ նա վառ օրինակ դարձավ Հայաստանում շատ երիտասարդների համար, ովքեր գիտության ասպարեզ մտան՝ հետևելով իր օրինակին։ Բոլոր այն մաթեմատիկոսները, ովքեր օգնում էին տեղեկություններ ժողովել այս հոդվածի համար, մանկության կամ պատանեկության տարիներին ոգեշնչվել էին Մերգելյանի հաջողությունից։ Միկիտ Ղազարյանը Թբիլիսի ուղևորության ժամանակ պատմել է Մերգելյանին, որ 13 տարեկանում, կարդալով նրա մասին, որոշել էր մաթեմատիկոս դառնալ։ Եվ հաշվել էր, որ նույնպիսի գլխապտույտ հաջողության համար նա դեռ 7 տարի ունի։ Լսելով դա՝ Մերգելյանը երկար ծիծաղել է։
Անահիտ Սարգսյան
Հետևեք մեզ՝ այստեղ



