ՔՊ-ն շտապում է. շտաբի պետ ու տեղակալ են ընտրել
АНАЛИТИКАԵրեկ կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է Նիկոլ Փաշինյանը։ Նիստի ընթացքում որոշվել է, թե ովքեր պետք է լինեն 2026 թ․-ին նախընտրական շտաբի պետն ու քարոզչության գծով տեղակալը։ Ըստ Փաշինյանի՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ։ Իսկ շտաբի պետի քարոզչության գծով տեղակալ է ընտրվել պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Այս երկուսը, թերևս, Փաշինյանի ամենամերձավոր շրջապատից և ամենավստահելիներից են, բացի այդ, չեն խորշում կատարել Նիկոլ Փաշինյանի ամենակեղտոտ հանձնարարությունները։ Հենց Արայիկ Հարությունյանի տեղակալներից մեկին ծառայող կայքերն են, որ իշխանության բոլոր կեղտոտ արտահոսքերն են իրականացնում սոցիալական ցանցերում։ Ալեքսանյանն էլ ոչ միայն ՔՊ կուսակցության փոխնախագահն է, այլև իշխանության թիվ մեկ խոսափող կայքի պատասխանատուն։ Ըստ ամենայնի, հենց նրանք էլ կլինեն կուսակցության առաջատար տասնյակում։
Վերջին շրջանում տարածվող կեղտոտագույն արտահոսքերը առաջիկայում ավելի լայն թափ են ստանալու, փաշինյանական իշխանությունը մտադիր է քարը քարին չթողնել, հարվածել ոչ միայն քաղաքական հակառակորդներին, այլ նաև հայոց պետականության հիմքերին, արժեքներին, և դրա համար օգտագործում են անգամ հատուկ ծառայությունների հնարավորությունները։ Իսկ Արայիկ Հարությունյանն ու Վահագն Ալեքսանյանն այն անձինք են, որոնք հրաշալի հասկանում են՝ իշխանափոխությունից հետո հենց իրենք են առաջինը հայտնվելու հանրային դժգոհության հարվածի տակ, ուստի և ամեն ինչ կանեն, որպեսզի ապահովեն Փաշինյանի վերարտադրությունը։
Անուշ Մելքոնյան



