Ակտիվիստին կրկին ծեծի են ենթարկել
АНАЛИТИКА
Երևանում դարձյալ ծեծի են ենթարկել մայրաքաղաքի խնդիրների մասին բարձրաձայնող ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ «ֆիզիկական ներգործության վերաբերյալ հաղորդում են ստացել, ոստիկանները մեկ անձի են ձերբակալել»։ «Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ», - հայտնել է ՆԳՆ խոսնակը՝ առանց հստակեցնելու, թե ով է ձերբակալվածը։ Ընդդիմության տեղեկություններով՝ ծեծը կապված է Չախոյանի մի հրապարակման հետ, որտեղ նա պնդել էր, որ «Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանի քթի տակ՝ առանց շինարարական թույլտվության, ահռելի մեծ շուկա են կառուցում՝ մայթը քանդելով, և մայթը ոչ թե քանդողն է վերականգնում, այլ Երևանի քաղաքապետարանը՝ ժողովրդի վճարած հարկերով»։ Նա քաղաքային իշխանությանը մեղադրել էր այս ամենի վրա աչք փակելու համար։
Արթուր Չախոյանին ավելի վաղ ծեծի էին ենթարկել Նոր Նորքի թաղապետարանում՝ նախկին թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի և «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչների կողմից։ Դրանից հետո, հիշեցնենք, Տեր-Մարգարյանը ստիպված էր եղել հրաժարականի դիմում ներկայացնել, իսկ փոխարենը նշանակվել էր «Հանրապետություն» կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ՝ Մարա Սևոյանը։ Ըստ էության՝ այդ կուսակցությունն ամենևին էլ չի դադարեցրել հակաօրինական գործողությունները, և եթե նախկինում Արթուր Չախոյանին ծեծի էին ենթարկում հենց թաղապետարանի շենքում, ապա այժմ գաղտագողի են մոտեցել և հարվածներ հասցրել։ Սա հերթական անգամ վկայում է, որ Հայաստանում օրենք և օրինականություն գոյություն չունեն, իսկ Փաշինյանն ու նրա խամաճիկները գնում են դեպի կատարյալ բռնապետություն։
Սերինե Մաթևոսյան




















































