Արշակ Կարապետյանը պատրաստվում է անուններ տալ. «Փաստ»
ИНТЕРВЬЮ
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ես զարմացած եմ, որ մենք՝ հայերս, նման իշխանություն ենք ընտրել, և նման կեղտոտ իրավիճակ է Հայաստանի Հանրապետությունում, երբևիցե այսպիսի իրավիճակ չի եղել մեր պատմության ընթացքում»,-ասում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, երբ խոսում ենք մեր երկրում ներկայում տեղի ունեցող իրադարձությունների մասին:
Կարապետյանը շեշտում է, որ Բաքվում դատում են մեր գերիներին, Հայաստանում դատում են մեր հայրենասերներին։ «Ես զարմացած եմ այդ քննիչների վրա: Ով մտածում է, որ տուն պահելու համար կարող է հրաման կատարել և հայրենասեր հայ մարդկանց զուտ քաղաքական նկատառումներով կալանավորել, նրանց պատիժն անխուսափելի է լինելու, մենք ցուցակներ ունենք։ Ազգային հպարտության հանրային տրիբունալն իրենց մասին որոշումը կայացրել է։ Այո, ոչ միայն երկրի դավաճանների մասով, որ հողեր են հանձնում, այլև նմանների մասով, որոնք կորցրել են իրենց պատիվը»,-մեզ հետ զրույցում ասում է գեներալն ու նաև հավելում, որ իրավապահ համակարգում էլ «մեծամասնությունը պատվով տղերք են»։ «Բայց, գիտեք, մի ոջիլն էլ, մտնելով որևէ տեղ, կարող է փչացնել ամեն ինչ։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ այդ տեսակ քննիչներին պատժենք մաքսիմալ ձևով։ Ու դա՝ նաև նրա համար, որ ապագա իշխանությունը չկարողանա նման քայլեր անել»,նշում է Արշակ Կարապետյանը:
Ըստ պաշտպանության նախկին նախարարի, կոռուպցիան այսօր մեծ ծավալների է հասել: «Խոսում էին նախկինների կոռուպցիայի մասին։ Ախր, նրանք կարող են խելոք մի անկյունում կանգնել ու ծխել՝ ի համեմատ սրանց։ Իմ տեղեկություններով, մարդիկ կան, որ Թուրքիայում գործարան են առել, շուտով կտանք դրանց անունները։ Իմ տեղեկություններով, մարդիկ կան, որ Դուբայում բնակարաններ են գնել, շուտով կտանք նաև դրանց անունները, քպականներ են։ «Պարկերով» փող են տարել: Ժամանակը կգա, այդ ամեն ինչը փաստերով կներկայացնենք»,-ասում է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































