Հանրահավաքը ցնցել է Փաշինյանի հիմքերը
АНАЛИТИКА
Նախօրեին Ազատության հրապարակում տեղի ունեցած «Մեր ձևով» շարժման հանրահավաքը և դրան հաջորդած երթը այնպիսի ցնցումներ ու խուճապ են առաջացրել գործող իշխանությունների շարքերում, որ Փաշինյանն ու իր թիմակիցները, ինչպես նաև նրանց սպասարկող փորձագետներն ու իրավապաշտպանները փորձում են ամեն գնով նսեմացնել հանրահավաքի արժեքը։ Վաղուց Ազատության հրապարակն այնքան մարդաշատ չի եղել, որքան հոկտեմբերի 18-ին, և տարբեր գնահատականներով, այդ թվում օդից արված տեսանյութերով, ակնհայտ է, որ այդ հավաքին առնվազն 30-ից 40 հազար մարդ է մասնակցել։
Մինչդեռ Փաշինյանի իշխանության հետ սերտորեն կապված մի միավորում փորձում է տպավորություն ստեղծել, թե հանրահավաքին ընդամենը 7450 մարդ է մասնակցել՝ դրա համար տարածելով նախապես, մինչ հանրահավաքը, օդից արված լուսանկարը։
«Քաղպայմանագրի» ողջ քարոզչական մեքենան խորը ցնցումների մեջ է, փորձում են մանր դետալներ հայտնաբերել, որպեսզի ծաղրեն, նսեմացնեն և թերագնահատեն այդ հանրահավաքի բուն արժեքը, սակայն ապարդյուն։
Բացի իր քաղաքական լուրջ ազդեցությունից՝ այդ հանրահավաքին մարդկանց ակտիվ մասնակցությունը, ինչպես նաև արդեն կիրակի օրը Էջմիածնում տեղի ունեցած երթն ու պատարագը, հերթական անգամ վկայեցին, որ Հայ Առաքելական Եկեղեցին անպաշտպան չէ, իսկ Նիկոլ Փաշինյանի գործողությունները ընդդեմ Եկեղեցու, որոնք նա ծրագրում է իրականացնել այս օրերին, վաղ թե ուշ ձախողվելու են։ Ըստ էության, հենց սրանով է պայմանավորված, որ Փաշինյանական իշխանությունն ամեն ինչ անելու է երկրում բռնապետություն հաստատելու, նոր քաղբանտարկյալների թիվն ավելացնելու համար՝ հրաշալի հասկանալով, որ կառավարելու այլ ռեսուրս չունի։
Մարիամ Բադալյան




















































