«Թմբկաբերդի առումը» նոր շնչով՝ Ստանիսլավսկու անվան թատրոնի բեմում
КУЛЬТУРА
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ստանիսլավսկու անվան թատրոնում կայացավ «Թմբկաբերդի առումը» ներկայացման պրեմիերան։ «Շունչ» թատրոնը հանդիսատեսի դատին հանձնեց Հովհաննես Թումանյանի պոեմի նոր ներկայացումը՝ ռեժիսոր Սարգիս Շողունցի բեմադրությամբ։ Ներկայացումը միաժամանակ դասական և ժամանակակից է՝ անդրադառնալով հավատարմության, խղճի և հայրենասիրության արժեքներին։
Ներկայացման գլխավոր դերերում են Արաքսյա Մելիքյանը, Սիրանուշ Լազյանը, Սաշ Սուքիասյանը, Սամվել Օհանյանը, Սեյրան Մովսիսյանը և այլք։
Tert.am Life-ը ներկայացնում է առաջին ֆոտոշարքն ու դերասանների հետ զրույցը:
«Մենք պետք է լավ հանդիսատես դաստիարակենք». Արաքսյա Մելիքյան
Դերասանուհի Արաքսյա Մելիքյանն, ով այս բեմադրության մեջ հանդես է գալիս պատմիչի կերպարով, պատմում է, որ իր երկրորդ համագործակցությունն է «Շունչ» թատրոնի հետ:
«Առաջինը եղել է մանկական «Սանտա Սիթի» ներկայացումը։ Այս անգամ Սարգիս Շողունցը զանգեց ու ասաց՝ արի խոսենք կերպարի մասին։ Երբ պարզվեց, որ ես պիտի լինեմ թագուհու ներսի սև ուժը, նրա վատ մտքերը, դա ինձ շատ ոգևորեց»,-պատմեց դերասանուհին։
Նրա խոսքով՝ բեմադրությունը ոչ միայն գեղարվեստական, այլև դաստիարակչական նշանակություն ունի․
«Մենք պետք է լավ հանդիսատես դաստիարակենք։ Երեխան պետք է փոքր տարիքից սովորի լսել գրական, մաքուր խոսք։ Այսպիսի գործերը ճիշտ են, որովհետև արթնացնում են հայրենասիրական մղումները։ Թումանյանի պոեմը խոսում է պատվի, խղճի, դավաճանության ու ամոթի մասին՝ բոլոր զգացումները մեկ ստեղծագործության մեջ»։
«Պետք էր հայկական պոեմը կենդանացնել բեմում». Սարգիս Շողունց
Ռեժիսոր Սարգիս Շողունցը պատմում է, որ Թումանյանի պոեմին նորովի անդրադառնալու գաղափարը ձևավորվել էր դեռ մի քանի տարի առաջ, սակայն այս անգամ այն կյանքի է կոչվել ավելի մեծ ծավալով և ուժեղ ստեղծագործական թիմով․
«Մենք միշտ չենք փայլում հայկական դրամատուրգիայով, բայց հանճարեղ ենք պոեմներում։ Թումանյանի գործերը կենդանացնելն անհրաժեշտ էր։ Սկզբում կերպարը նախատեսված էր տղամարդու համար, բայց հենց Արաքսյա Մելիքյանին էի տեսնում այս դերում՝ նա կերպարի էությունը կարողացավ բացել խորությամբ ու հոգով»։
Շողունցի խոսքով՝ բեմադրությունը միավորում է դասական հիմքը և ժամանակակից բեմական մոտեցումները՝ ստեղծելով նոր, պատկերային թատրոն, որը հասանելի է ինչպես դպրոցական, այնպես էլ մեծահասակ հանդիսատեսին։
«Թումանյանը միշտ արդիական է, հատկապես այսօր». Սեյրան Մովսիսյան
Դերասան Սեյրան Մովսիսյանը մարմնավորում է Նադիր Շահին: Նշեց, որ այս ներկայացումը «Շունչ» թատրոնի համար խորհրդանշական է․
«Շունչ թատրոնի բացումը երկու տարի առաջ էլ եղել է հենց «Թմբկաբերդի առումով»։ Այս անգամ որոշեցինք վերաբեմադրել այն՝ նոր ուժով և ավելի լայն շնչով։ Շատ կարևոր է, որ դպրոցականները բեմում տեսնեն այն, ինչ կարդացել են գրքում։ Դա օգնում է նրանց նորովի ընկալել Թումանյանին»։
Նրա համոզմամբ՝ Թումանյանի ստեղծագործությունը այսօր առավել քան երբևէ արդիական է․
«Յուրաքանչյուր անգամ այս գործը նայելուց ես նոր հիացում եմ ապրում։ Թումանյանը գրել է մի բան, որը կարծես մերօրյա իրականության մասին լինի։ Այսպիսի ներկայացումներ այսօր շատ են պետք՝ մեր հայրենիքին ու հատկապես մեր ապագա սերնդին»։
Լուսանկարները՝ Լիանա Սոկրատունու
Հետևեք մեզ՝ այստեղ




















































