Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը՝ քաղաքական հետապնդման նոր փուլերի մասին
ПОЛИТИКАՍամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով Հակակոռուպցիոն դատարանի և քննչական մարմինների վերջին գործողություններին։
Հայտարարության մեջ նշվում է, որ 2025 թ. օգոստոսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանը հերթական անգամ՝ երկու ամսով, երկարաձգել է ազգային բարերար և գործարար Սամվել Կարապետյանի կալանքը, չնայած այն հանգամանքին, որ դատարանն արդեն արձանագրել էր՝ նրան մեղսագրվող տնտեսական բնույթի արարքների մասով հաղթահարված չէ նույնիսկ հիմնավոր կասկածը։ «Զարմանալիորեն դատարանը, միևնույն ժամանակ, հաստատված էր համարել մեղադրանքի այն մասը, որը վերաբերում է Կարապետյանի՝ Մայր Աթոռը պաշտպանող հարցազրույցին՝ այն որակելով որպես “կոչ”»,– նշվում է փաստաբանական խմբի հաղորդագրության մեջ։
Փաստաբանները հիշեցնում են, որ Վերաքննիչ դատարանը ևս նման դիրքորոշում է որդեգրել՝ մերժելով թե՛ պաշտպանական կողմի, և թե՛ դատախազության բողոքները։ Ներկայումս երկու կողմն էլ ներկայացրել են վճռաբեկ բողոքներ, ինչը, ըստ փաստաբանների, աննախադեպ է․ «Դատախազության կողմից վճռաբեկ բողոք ներկայացնելը բացառիկ իրավասություն է և կիրառվում է հազվադեպ։ Սակայն այս դեպքում նույնիսկ 110 օր շարունակ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի պայմաններում դատախազությունը փորձում է հասնել նրան, որ տնտեսական բնույթի անհիմն մեղադրանքներում ևս դատարանը “հաստատի” հիմնավոր կասկածը»։
Փաստաբանական խումբը մատնանշում է ևս մեկ անօրինականություն․ ավելի քան 50 քննիչներից բաղկացած քննչական մարմինը ամբողջ ընթացքում հրաժարվել է կատարել որևէ վարույթային գործողություն Սամվել Կարապետյանի մասնակցությամբ, չնայած պաշտպանական կողմի բազմակի միջնորդություններին։ «Փոխարենը՝ առանց դատարանի որոշումների կատարումն ապահովելու, քննչական մարմինը սահմանել է ապօրինության նոր նշաձող՝ առաջադրելով տնտեսական բնույթի ևս մեկ մեղադրանք՝ առանց որևէ փաստացի տվյալների և իրավական հիմքերի»,– նշվում է հայտարարության մեջ։
Փաստաբանների խոսքով՝ այս ամենը վկայում է իրավական տրամաբանությունից դուրս գործողությունների և քաղաքական դրդապատճառների մասին։
«Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման հանգամանքն այլևս վիճարկելի չէ․ այն հաստատվել է դեռևս 2025 թ. հունիսի 17-ին, երբ սոցիալական ցանցերում հրապարակայնորեն հնչեցվեցին հաշվեհարդարի կոչեր և ցուցումներ՝ ուղղված իրավապահ մարմիններին»,– ասված է փաստաբանների հայտարարությունում։
Հայտարարության մեջ նաև շեշտվում է տեղեկատվական մանիպուլյացիաների առկայությունը․
«Արժե նկատել, որ երբ նույնիսկ պաշտպանական կողմը դեռևս տեղեկացված չէր կալանքի երկարաձգման միջնորդության մասին, իշխանական լրատվամիջոցներից մեկը, հղում անելով իր “աղբյուրներին”, արդեն հրապարակել էր համապատասխան տվյալներ։ Սա ևս մեկ վկայություն է գործի քաղաքական բնույթի մասին»։
Փաստաբանական խումբը տեղեկացնում է, որ դատական նիստի օրվա մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի դրա հայտնի լինելուն պես։



