«30 տարի խոսել են քաղաքականությունից, հիմա ժամանակն է աշխատելու»
ПОЛИТИКА«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, հանդես գալով շարժման առաջին հաշվետու ժողովում, շեշտել է, որ ընդամենը մեկուկես ամսում ձևավորվել է հզոր կամավորական բանակ՝ 5000 անդամով, և շարժման ամենօրյա միացումները խոսում են ժողովրդի վստահության և փոփոխությունների իրական պահանջի մասին։ «Ամեն օր հարյուրավոր մարդիկ են միանում մեզ՝ իրենց մասնակցությամբ առաջարկելով իրական փոփոխությունների ճանապարհը։ Եթե այս տեմպը պահպանվի, մոտակա ամիսներին կունենանք տասնյակ հազարավոր կամավորներ»,– հայտարարել է Կարապետյանը՝ ընդգծելով, որ շարժման հիմքում կանգնած են երիտասարդություն, գործնական մտածողություն և Սամվել Կարապետյանի վստահելի առաջնորդությունը։
Նարեկ Կարապետյանի խոսքով՝ այսօր Հայաստանի գլխավոր խնդիրը տնտեսությունն է, և եթե այս իշխանությունը տապալվել է, ապա հենց տնտեսության չտեսնելու պատճառով։ «Մեզ քննադատում են, թե ինչու ենք միայն տնտեսությունից խոսում։ Բայց հարցն այն չէ՝ ինչի մասին ես խոսում, այլ՝ ինչ ես անում։ Քաղաքականությամբ 30 տարի զբաղվել են, հիմա պիտի զբաղվենք տնտեսությամբ։ Պետության ղեկավարը իր ժամանակի 80 տոկոսը պետք է ծախսի տնտեսության վրա, որովհետև առանց տնտեսության հնարավոր չէ լուծել ո՛չ կրթության, ո՛չ առողջապահության, ո՛չ էլ անվտանգության խնդիրները։ Եթե մենք չենք կառուցում գործարաններ Թալինում ու Արմավիրում, եթե չենք զարգացնում շրջանները, Երևանում բանավիճելով ոչինչ չի փոխվի։ Տնտեսություն է պետք՝ բյուջե ավելացնելու, աշխատավարձ բարձրացնելու, ապահովագրական համակարգ ստեղծելու համար»,– ասել է նա։
Կարապետյանը շեշտել է, որ տնտեսական աճն է երկրի անվտանգության նախապայմանը։ «44-օրյա պատերազմը հարուստի և աղքատի պատերազմ էր։ Մեր ժողովուրդը քաջ էր, բայց աղքատ երկիրը չի կարողանում զինել իր բանակը։ Երբ լինենք հարուստ երկիր՝ տարածաշրջանի ամենահարուստներից մեկը, ոչ ոք չի համարձակվի մեզ նայել վերևից։ Մեզ մեր դաշնակիցներն էլ այլ աչքով կտեսնեն՝ որպես տնտեսական ուժ ունեցող պետություն»,– նշել է նա։
Նարեկ Կարապետյանը նաև ընդգծել է, որ ազգային ինքնագիտակցությունը գտնվում է վտանգի տակ՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին ճնշումների հետևանքով։ «Հայոց Ցեղասպանությունից մինչև Արցախյան հաղթանակ՝ մեր պատմության ամեն փուլը մեզ տվել է ինքնագիտակցություն։ Բայց այսօր այդ ինքնագիտակցությունը պասիվ հարձակման տակ է։ Մենք պարտավոր ենք պահել այն։ Եթե կորցնենք մեր խորհրդանիշներն ու հավատը, կկորցնենք պետությունը»,– նշել է նա։
Անդրադառնալով պատերազմի դասերին՝ Կարապետյանը նշել է, որ հայ ժողովուրդը հաճախ հաղթելուց հետո դառնում է ինքնաբավ ու անկազմակերպ։ «Հաղթել ենք՝ քաջաբար, դժվար, բայց հետո թուլացրել ենք զգոնությունը։ Մեր հակառակորդը երկարաժամկետ է մտածել ու պատրաստվել։ Մեր հաջորդ հաղթանակը կլինի այն ժամանակ, երբ իշխանություն վերցրած քաղաքական ուժը երբեք չընկնի ինքնահավանության ու թուլացածության մեջ, այլ ամեն օր լինի մեկ քայլ առաջ հարևաններից։ Հայ մարդուն շատ բան պետք չէ՝ առողջ ընտանիք, բնակարան, կրթություն, ապահով ծերություն։ Այսքան տաղանդ ունեցող ազգը չի կարող դրան չհասնել, ուղղակի լավ ուղղորդում է պետք»,– ասել է նա։
Խոսելով Սամվել Կարապետյանի մասին՝ Նարեկ Կարապետյանը նշել է. «Նա այսօր ապօրինի կալանքի մեջ է, բայց նույնիսկ բանտախցում ավելի ազատ է, քան ժողովրդից մեկուսացված փոքրիկ խմբակը։ Նա պաշտպանել է Հայ Առաքելական Եկեղեցին՝ որպես ազգային ինքնագիտակցության խրամատներից մեկը։ Եվ հենց այդ արժեքներն են այսօր հազարավոր մարդկանց միավորում «Մեր ձևով» շարժման շուրջ»։
Նրա խոսքով՝ շարժման նպատակը պարզ է՝ տնտեսության միջոցով կառուցել ուժեղ, արժանապատիվ և անվտանգ Հայաստան, որտեղ աշխատող մարդը հպարտ կլինի իր երկրի հնարավորություններով, և ապագան կլինի սեփական աշխատանքի արդյունք։



