Հաքան Ֆիդան. Սիրիայի անվտանգությունն անքակտելիորեն կապված է Թուրքիայի անվտանգության հետ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անկարայում կարծում են, որ Սիրիայի անվտանգությունն անքակտելիորեն կապված է Թուրքիայի անվտանգության հետ։ Այդ մասին իր սոցցանցային էջերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, հաղորդում է Անադոլուն։
Հայտարարությունը հնչել է Անկարայում կայացած անվտանգության ոլորտում համագործակցության հանդիպման արդյունքներով, որին մասնակցել են Թուրքիայի արտգործնախարարը, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընը և նրանց գործընկերները՝ Սիրիայի արտգործնախարար Հասան ալ-Շայբանին, Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրուն և Սիրիայի հետախուզության ղեկավար Հուսեյն աս-Սալամեն։
Ֆիդանը հավաստիացրել է, որ Անկարան կշարունակի Սիրիային համակողմանի աջակցություն ցուցաբերել անվտանգության ապահովման հարցում։
«Մենք Սիրիայի անվտանգությունը չենք դիտարկում Թուրքիայի անվտանգությունից առանձին։ Մենք կշարունակենք համակողմանի աջակցություն ցուցաբերել մեր սիրիացի եղբայրներին այս ճանապարհին»,- մասնավորապես ասել է նախարարը։
Նրա վկայությամբ, հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են ուժեղացնել փոխգործակցությունը՝ Սիրիայում ձեռք բերված առաջընթացը պաշտպանելու նպատակով։
«Մենք մեր սիրիացի եղբայրների հետ պայմանավորվեցինք ամրապնդել սերտ համակարգումն ու համագործակցությունը՝ Սիրիայի ձեռքբերումները պահպանելու և զարգացնելու նպատակով»,– ասել է նա։
Դիվանագետն ընդգծել է, որ Անկարայում բանակցությունները թույլ են տվել մանրակրկիտ ուսումնասիրել թուրք-սիրիական հարաբերությունների ռազմավարական ասպեկտները։
Նախարարը հայտնել է, որ հանդիպմանը քննարկվել են նաև համատեղ քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել Սիրիայի անվտանգությունն ապահովելու համար՝ պահպանելով նրա տարածքային ամբողջականությունը, և համակողմանի գնահատական է տրվել այս ուղղությամբ կոնկրետ ծրագրերին։
Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ Թուրքիայի և Սիրիայի միջև համակողմանի շփումները շարունակվում են բոլոր մակարդակներում «այն ժամանակներից ի վեր, երբ սիրիացի ժողովուրդը կրկին ազատություն է ձեռք բերել»։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































