ԶՊՄԿ-ն առաջիկայում կթարմացնի Արծվանիկի պոչամբարի դրենաժային և մոնիթորինգային համակարգերը, կամրապնդի նրա կայունությունը
АНАЛИТИКАԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը առաջիկայում պլանավորում է 238 մլն խորանարդ մետրով ավելացնել Արծվանիկի պոչամբարի ծավալը, որի մակերեսը ներկայումս կազմում է 630 հեկտար: Այս մասին Ծաղկաձորում տեղի ունեցած Հանքարդյունաբերական ֆորում 2025-ի ժամանակ ասաց ԶՊՄԿ Ջրային ռեսուրսների և հիդրոտեխնիկական շինությունների կառավարման բաժնի ղեկավար Արմենակ Սահակյանը:
Ըստ նրա՝ Արծվանիկի պոչամբարը ամբողջովին համապատասխանում է հայաստանյան հանքարդյունաբերական չափանիշներին և երկարաժամկետ կտրվածքով նաև միջազգային չափանիշներին: Կարճաժամկետ կտրվածքով այն որոշակիորեն ցածր է միջազգային չափանիշներից՝ հիմնական խնդիրները կապված են դրենաժային համակարգի և սեյսմակայունության հետ:
Սակայն այս խնդիրները, Սահակյանի խոսքով, առաջիկայում ամբողջովին կլուծվեն՝ Կոմբինատը մոտ ապագայում պլանավորում է բարելավել դրենաժային համակարգը, ամրացնել պոչամբարի կայունությունը, թարմացնել մոնիթորինգային համակարգը: «Այս միջոցառումներից հետո Արծվանիկի պոչամբարը ամբողջովին կհամապատասխանի միջազգային չափանիշներին, ինչպես նաև նվազագույնի կհասցվի շրջակա միջավայրի վրա ազդեցությունը»,- եզրափակեց Սահակյանը:



