«Դէկավվա» հիմնադրամ․ Գեղարքունիքի մարզպետարանի հետ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
ПОЛИТИКА«Դէկավվա» բարեգործական հիմնադրամը և ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր «Հարեհաս» կրթական կենտրոններ բացելու վերաբերյալ:
Համաձայնագրի նպատակն է ապահովել «Հարեհաս» ծրագրի կայուն տարածումը Գեղարքունիքի մարզում՝ ուղղված կանանց կրթությանը և ձեռնարկատիրությանը, ինչը կնպաստի գյուղական համայնքներում կյանքի որակի բարելավմանը և դրանց զարգացմանը:
«Հարեհաս» ծրագիրը «Դէկավվա» հիմնադրամի վեցամյա սոցիալ-կրթական ռազմավարությունն է, որի շրջանակում նախատեսվում է Հայաստանի գյուղերում ստեղծել 40 կրթական կենտրոն՝ կրթելով ավելի քան 3000 կանանց ու ընտանիքների:
Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական և կրթական վերափոխմանը՝ կանանց և ընտանիքների հզորացման, կրթության, ձեռնարկատիրության և համայնքային զարգացման ծրագրերի միջոցով:
«Գեղարքունիքի մարզպետարանի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը կարևոր քայլ է մեր «Հարեհաս» ծրագրի իրականացման ուղղությամբ: Մենք շնորհակալություն ենք հայտնում մարզպետարանին այս համագործակցության համար։ Հուսով ենք, որ այս գործընկերությունը կնպաստի Գեղարքունիքի մարզի գյուղական համայնքների զարգացմանը և կանանց տնտեսական հզորացմանը»,- նշել է Դէկավվա հիմնադրամի գործադիր տնօրեն Ադրիանա Մարությանը։
Ծրագրի հիմնական ուղղությունները ներառում են կրթություն և կարողությունների զարգացում, տեղական ձեռնարկատիրություն և տնտեսական զարգացում, համայնքային ենթակառուցվածքների բարելավում, ինչպես նաև գյուղական տուրիզմ և սոցիալական ձեռնարկատիրություն:
Ծրագիրը կկիրառվի 5 մարզում՝ Գեղարքունիքի, Շիրակի և Սյունիքի մարզերում 10-ական գյուղ, Տավուշի և Վայոց Ձորի մարզերում 5-ական գյուղ:
6 տարվա ընթացքում ծրագրում նախատեսում է ներգրավել 40-ից ավելի գյուղ, վերապատրաստել ավելի քան 3000 կանանց և ընտանիքների, ստեղծել ավելի քան 176 տեղական բիզնես նախագծեր, հիմնել ավելի քան 40 կրթական կենտրոններ և ապահովել ավելի քան 400 նոր աշխատատեղեր:



