Հայաստանի չեմպիոնները կմասնակցեն աշխարհի առաջնությանը
КУЛЬТУРАՀայաստանում սպորտային պարերը չեն դադարում զարգանալ՝ շնորհիվ Պարի և Սպորտային Պարերի Համահայկական Խորհրդի և նրա անդամների։ Արարատ Վարդանյանը և Մարիամ Փափազյանն այդ խորհրդի կարկառուն ներկայացուցիչներից են։ Նրանք դեռ մանկուց զբաղվում են սպորտային պարերով և չէին էլ պատկերացնում, որ կդառնան Հայաստանի բազմակի չեմպիոններ և կմասնակցեն աշխարհի լավագույն մրցաշարերին։
Սույն թվականի փետրվարի 1-7-ը Ջերմուկ քաղաքում անցկացվում էին Համահայկական ձմեռային 2-րդ խաղերը և «Բարեկամության կամուրջ» միջազգային մրցույթ-փառատոնը։ Իրենց հիանալի դուետով մասնակցում էին Արարատն ու Մարիամը։ «Բարեկամության կամուրջ» միջազգային մրցույթում նրանք դարձան ֆինալիստ՝ լինելով եզրափակիչ փուլի Հայաստանի միակ ներկայացուցիչը, իսկ Համահայկական 2-րդ խաղերին դարձան փոխչեմպիոն։ Այս մրցույթներից հետո նրանք հրավեր ստացան մասնակցել «Կրեմլի գավաթ» մրցույթին, որը կայացավ ապրիլի 26-ին։ Պետք է նշել, որ «Կրեմլի գավաթ» մրցույթն աշխարհի մասշտաբով ամենահեղինակավոր մրցույթներից է, որին կարելի է մասնակցել միմիայն հատուկ հրավերով։ Արարատ Վարդանյանն ու Մարիամ Փափազյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն էին այդ հեղինակավոր մրցույթում։ Իսկ այդ մրցույթից հետո՝ մայիս ամսին, նրանք հրավիրված էին Չինաստանում անցկացվող Landuo cup միջազգային մրցույթին, որտեղ մասնակցում էին աշխարհի լավագույն զույգերը, և նրանք մեկ քառորդ փուլից անցան կիսաեզրափակիչ փուլ:
Հավելենք, որ Հայաստանի չեմպիոնները պատրաստվում են սույն թվականի հոկտեմբերի 26-ին մասնակցել աշխարհի առաջնությանը։



