Հայաստանում արդեն իրականացվում են գրիպի դեմ պատվաստումները
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանում իմունականխարգելմանն ուղղված գործողությունների շրջանակում արդեն իրականացվում են գրիպի դեմ պատվաստումները։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը նշեց, որ հատկապես այս փուլում բավականին կարևորվում է գրիպի դեմ պատվաստումը հատկապես խոցելի խմբերի շրջանում։
«Գրիպի դեմ պատվաստումները հասանելի են հանրապետության բոլոր պոլիկլինիկաներում։ Առաջնահերթություն տալիս ենք խոցելի խմբերին, սակայն բոլոր ցանկացողները ևս կարող են դիմել։ Ասեմ նաև, որ կապ չունի, թե որ պոլիկլինիկայում են քաղաքացիները կցագրված, հանգիստ կարող են մոտենալ ու պատվաստվել գրիպի դեմ»,-ասաց Զարուհի Գրիգորյանը։
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման վարչության պետ Սվետլանա Գրիգորյանը նշեց, որ ռիսկի խմբերն են 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, ուղեկցող հիվանդություններ ունեցող անձինք, հղիները, 65-ից բարձր տարիքի քաղաքացիները, սոցիալական խնամքի կենտրոնների շահառուները, ինչպես նաև այդ կենտրոնների աշխատակիցները, զորակոչի տարիքի անձինք ու բուժաշխատողները։
«Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները կարելի է իրականացնել նաև այլ պատվաստումների պարագայում։ Արդեն երկու շաբաթ է՝ գործընթացը մեկնարկել է, և կարող ենք ասել, որ բաշխված պատվաստանյութերի 20 տոկոսը սպառվել է։ Նշեմ, որ այն քառավալենտ պատվաստանյութ է, իր մեջ պարունակում է 2 Ա, 2 Բ ենթատեսակ»,-ասաց Սվետլանա Գրիգորյանը։
Մասնագետները նշեցին, որ տարեցտարի պատվաստվողների թիվն ավելանում է, ինչը ուրախալի է։ Վերջին շրջանում յուրաքանչյուր տարի գրիպի դեմ 200 հազար դեղաչափ պատվաստում է իրականացվում խոցելի խմբերի շրջանում։
Այս տարի ևս գործելու են շրջիկ կենտրոններ Երևանում։ Մեկ շրջիկ կենտրոնը մշտական գործելու է Երևանի կենտրոն վարչական շրջանում, մյուսը կլինի տարբեր վարչական շրջաններում։ Օտարերկրացիները, զբոսաշրջիկները ևս կարող են մոտենալ և պատվաստվել։ Բոլոր անձանց համար պատվաստումն անվճար է։ Մասնագետներն ընդգծում են, որ պատվաստումներն օգնում են կանխել սուր շնչառական վարակների բարդ ու անցանկալի ելքերը։ Դրանք նպաստում են, որ վարակվելու պարագայում հիվանդությունը թեթև ընթացք ունենա։



