Փաշինյանը ցուցմունք է տալիս Հայաստանի դեմ
АНАЛИТИКАԳործող իշխանությունները սիրում են նախկին նախագահների հասցեին հնարավոր ու անհնար բոլոր մեղադրանքները հնչեցնել, ընդհուպ պնդել, թե վերջիններս ցուցմունքներ են տալիս Հայաստանի դեմ։ Բայց որևէ քպական այդպես էլ ողջամիտ բացատրություն չի տալու Փաշինյանի վերջին զազրելի արարքին։ «ՏՊԼ-ին ո՞վ և ինչ իրավական ակտով էր թույլ տվել Ալմա Աթայի հռչակագրի ընդունումից և վավերացումից հետո ՀՀ 18 տարեկան զինվորներին տեղակայել ՀՀ միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս»։ Այս հարցադրման հեղինակը ոչ թե Ալիևն է, այլ Հայաստանի վարչապետի պաշտոնը, ոչ բարով, զբաղեցնող անձը։
Փաստացի, Նիկոլ Փաշինյանը նախկին նախագահներին մեղադրում է այլ երկրի տարածք օկուպացնելու, ագրեսիայի մեջ՝ հողին հավասարեցնելով Հայաստանի հաղթանակները, հայտարարելով, թե առանց որևէ իրավական հիմքի ՀՀ զինվորներին տեղակայել են ՀՀ միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս։ Փաշինյանն, իհարկե, միտումնավոր մոռանում է, որ իր իշխանության գալուց հետո սեփական որդին էլ երկու տարի ծառայել է իր բնորոշմամբ «ՀՀ սահմաններից դուրս»։ Եվ այդ կերպ, մի «օկուպանտ» էլ ինքն է։
Հայաստանին նման մեղադրանքներ մեկ էլ Ադրբեջանն է հասցեագրում, և այս կերպ Փաշինյանը, փաստացի, ցուցմունք է տալիս Հայաստանի դեմ, իսկ Ադրբեջանին էլ՝ խաղաթուղթ, որ Երևանին մեղադրի տասնամյակներ շարունակ իր տարածք օկուպացնելու մեջ։ Բնական է, որ Բաքուն անմիջապես օգտագործելու է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի «խոստովանությունը»՝ հետագայում մեր երկրի դեմ փոխհատուցման, ռեպարացիաների հայցեր ներկայացնելու համար։ Ի՞նչ է սա, եթե ոչ պարզ մի դավաճանություն։
Փաշինյանը նաև ինքնամոռաց դիմում է նախկին նախագահներին՝ պահանջելով գալ բանավեճի իր հետ։ Չունենալով որևէ արգելակ՝ նա պետական գաղտնիքներ է բացահայտելու, կրկին վնասելու է Հայաստանի Հանրապետությանը։ Թերևս լավագույն պատասխանը այդ անձին տվել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը՝ Մարկ Տվենի խոսքերով․ «Երբեք մի′ վիճեք հիմարների հետ, նրանք կիջեցնեն ձեզ իրենց մակարդակին, որտեղ դուք հաղթելու շանս ընդհանրապես չունեք»։
Մանե Ոսկանյան



