ՔՊ-ական դարձած երիտասարդի սիրտը մարզպետի պաշտոն է ուզում
АНАЛИТИКА7 տարի շարունակ նախկիններից բողոքող փաշինյանական իշխանությունը որոշել է պարգևատրել հերթական «նախկին»-ին, ով վաղուց դարձել է մոլի քպական։ Ըստ լրատվամիջոցների՝ Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը կդառնա Վայոց ձորի մարզպետ։ Արսենյանը 2021 թվականի հոկտեմբերին Փաշինյանի որոշմամբ նշանակվել էր Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, իսկ արդեն դեկտեմբերի 5-ին համամասնական ընտրակարգով ընտրվել Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնում։
Վահագն Արսենյանը «Ջերմուկ գրուպ» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն, Ազգային ժողովի 4-րդ և 6-րդ գումարման պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին է։ Աշոտ Արսենյանը հայտնի էր Սերժ Սարգսյանի հետ իր մտերմությամբ և մոլի հանրապետական էր։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Արսենյանները ոչ միայն չպատժվեցին, այլև դարձան մոլի նիկոլական, իսկ նրանց կառուցած «Բյուրեղ» բնակելի համալիրում բազմաթիվ քպականներ են հանգրվանել՝ բավականին էժան գներով և զեղչերով, ահռելի բնակարաններ գնել հիփոթեքային վարկի լուրջ արտոնություններով։ Ըստ երևույթին, քաղաքապետի պաշտոնը երիտասարդ Արսենյանի համար քիչ է եղել և այժմ էլ որոշել են նշանակել Վայոց Ձորի մարզպետ։
Արսենյանը, մեր աղբյուրների փոխանցմամբ, լուրջ խնդիրներ ունի գործող մարզպետ Կոլյա Միքայելյանի հետ։ Վերջինս մինչև մարզպետ նշանակվելը եղել է Ազգային անվտանգության ծառայության Վայոց ձորի մարզային վարչության պետը։ 2023 թվականի դեկտեմբերի 7-ին նշանակվել է Վայոց ձորի մարզպետ, բայց առանձնապես աչքի չի ընկել, առավել ևս իշխանության սրտի քմահաճույքներն էլ չի կատարել և փորձել է հեռու մնալ քաղաքական դիրքավորումներից։ Վահագն Արսենյանը, ըստ ամենայնի, ազատվելով գործող մարզպետից, ողջ մարզը կվերցնի իր ձեռքը՝ հանուն Նիկոլ Փաշինյանի վերընտրության, իսկ արդեն խորհրդարանական ընտրությունների ժամանակ մարզում լուրջ ընտրակեղծիքներ են սպասվում։ Արսենյանները այդ հարցում լուրջ փորձառություն ունեն դեռ նախորդ իշխանությունների ժամանակներից։
Արմինե Բադալյան



