Փաշինյանը հանուն իշխանության պատրաստ է կործանել Հանրապետությունը
АНАЛИТИКАՉորրորդ Հանրապետություն հռչակելու՝ Փաշինյանի հայտարարությունը սեփական կուսակցության համաժողովում շարունակում է բուռն քննարկումների և քննադատությունների առիթ դառնալ հանրային և քաղաքական շրջանակներում, ընդ որում, բացի փաշինյանական զոմբիներից, գրեթե բոլորը հասկանում են նրա այս հայտարարությունների վտանգավորությունը։ Նշենք, նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովում Փաշինյանը հայտարարեց Հայաստանի Չորրորդ Հանրապետության հաստատման հռչակումը որպես առաջիկա ռազմավարական անելիք։ Ընդ որում, Փաշինյանը ներկայացրեց 9 անելիքներ, այդ թվում՝ խորհրդարանական ընտրություններում սահմանադրական մեծամասնության ակնկալումը, հանրաքվեի միջոցով նոր Սահմանադրության ընդունումը, Հայաստանի 29 743 քառ. կմ տարածքը անձեռնմխելի պահելը, Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամագրվելուն ուղղված ջանքերի ակտիվացումը՝ դա չհակադրելով տարածաշրջանացման, ինչպես նաև հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությանը։
Ըստ էության, ներկայացված հռչակագիրը, որն ընդունվել էր կուսակցության գրեթե բոլոր պատվիրակների կողմից, կենացների, պաթետիկ հայտարարությունների և իրենց տակ ոչինչ չունեցող խոսքերի կույտ է, որը իրականում լրջագույն վտանգներ է պարունակում։ Միակ, թերևս, ռեալ հայտարարությունը Եվրամիությանն անդամագրվելուն ուղղված ջանքերի ակտիվացումն է, այն էլ՝ որևէ հստակ գործողություն այդ ջանքերի տակ դրված չէ, և հայտնի չէ՝ արդյոք Եվրամիությունը սպասո՞ւմ է Հայաստանին իր մոտ։ Որքան էլ Եվրամիության տարբեր հանձնակատարներ Երևանում ու Բրյուսելում հայտարարեն Հայաստան–Եվրամիություն հարաբերությունների զարգացման մասին, փաստն այն է, որ Փաշինյանի հայտարարություններն ընդամենը փուչիկ են։
Իսկ Չորրորդ հանրապետության հռչակումը ոչ այլ ինչ է, քան սեփական մեղքերն ու հանցագործությունները արդարացնելու ու պարտակելու քայլ։ Այս հարցում գրեթե բոլորը համակարծիք են։ Ըստ էության, 44-օրյա պատերազմում կրած ջախջախիչ պարտության, Արցախը Ադրբեջանին անմռունչ հանձնելու, արցախցիների բռնի տեղահանության, հազարավոր երիտասարդների մահվան պատասխանատու իշխանությունը փորձում է ապալեգիտիմացնել Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի կարողանա մարսել իր իսկ արածը, և սա է ամենավտանգավորը։ Ի վերջո, հայ ժողովուրդը ահռելի զրկանքներ է կրել Երրորդ հանրապետության ստեղծման ճանապարհին, տարել հաղթանակներ, լավից–վատից պետություն ստեղծել, որն այսօր հայտնվել է մի անփառունակ խմբակի ձեռքում, և օր առաջ հարկավոր է ազատվել Նիկոլ Փաշինյանից և նրա թիմից, որովհետև վերջինիս համար որևէ բարդություն չի ներկայացնում 5-րդը, 6-րդը, 15-րդ հանրապետություն հռչակելը, միայն թե իրենք լինեն իշխանության ղեկին։ Թե դրանից ի՞նչ պետություն կստացվի՝ առանց արժեքների, առանց հիշողության և առանց հաղթանակների, Փաշինյանին և նրա թիմակիցներին բոլորովին չի հետաքրքրում։
Կարինե Առաքելյան



